Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 09,2000 00:00

«ՄԱՅՈՐՆԵՐՆ» ԱՅԼԵՎՍ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՆԳՍՏԱՆԱԼ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հետ զրույցի սկզբում արձանագրեցինք, թե արդեն իրենք են նաեւ «զանազան մայորներին» հաղորդագրությամբ տեղեկացնում ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանի հետ հանդիպումներում քննարկվող հարցերի մասին։ -Դուք բանակցությունները վարում եք «Ազգային միաբանություն» կուսակցությա՞ն անունից, թե՞ «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի։ – Ես լիազորված եմ մեր կուսակցության քաղաքական խորհրդի կողմից եւ միայն ու միայն մեր կուսակցության անունից եմ հանդես գալիս։ Տրամաբանական հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ ոչ դաշինքի։ Անշուշտ, այն, որ «Ազգային միաբանությունը» եւ ՍԻՄ-ը կազմել են դաշինք, հիմնված է մեր նախընտրական ծրագրի վրա։ Ե՛վ ՀԺԿ-ի, ե՛ւ ցանկացած կուսակցության հետ բոլոր բանակցությունների ժամանակ եւ ոչ մի հարցադրում չի արվում մեր դաշինքի ծրագրից դուրս։ Երբ մեր համագործակցությունը կխորանա եւ ավելի մանրակրկիտ կերպով կվերլուծվեն սկզբունքային մոտեցումներն այդ հարցերը կյանքի կոչելու գործում՝ այդ ժամանակ նոր արդեն կկարողանանք քննարկումներ կազմակերպել մեր անմիջական դաշնակցի՝ ՍԻՄ-ի հետ։ Սա միջկուսակցական հարաբերությունների շատ սովորական պրակտիկա է եւ արհեստական լարվածություն մտցնել պետք չէ։ ՍԻՄ-ը, իմ կարծիքով, շատ առողջ է վերաբերվում այս ամենին, առավել եւս, որ սա իրենց համար անակնկալ չէ։ Բնականաբար, երբ բախտորոշ հարցի քննարկման ժամանակ եւ քվեարկության արդյունքներով տեսակետները համընկնում են՝ պոտենցիալ դաշնակից եք։ Հիմա մենք ցանկանում ենք խորանալ ու տեսնել, թե այդ համագործակցության եզրերը մինչեւ ուր են հասնում։ ՀԺԿ-ի առանցքը, հիմնական կորիզն՝ իր գաղափարախոսությամբ հոգեհարազատ է մեզ։ – Սակայն ե՛ւ 1998-ի նախագահական ընտրություններում էիք Դուք քննադատում Կարեն Դեմիրճյանին, ե՛ւ մինչեւ վերջերս անխնա քննադատում էիք «Միասնությանը», որի մի մասն էլ ՀԺԿ-ն է։ Հինը որեւէ մեկն այլեւս չի՞ հիշում։ – Դուք վերագրում եք ինձ այն, ինչ չի եղել եւ հետո ջախջախում։ Ես քննադատել եմ «Միասնություն» դաշինքի նախընտրական ծրագիրը եւ շարունակում եմ լինել դրա հետեւողական քննադատը։ Այդ ծրագրի փակուղի տանելու ականատեսը եղանք։ Եվ, որ այդ ծրագրից հրաժարվեց դրա համահեղինակներից մի կուսակցություն՝ դա էլ տեսանք։ Ես անհամաձայնություն եմ հայտնել ծրագրին՝ մեծագույն եւ անսահման հարգանք տածելով երջանկահիշատակ Կարեն Սերոբիչի նկատմամբ։ – Ձեզ համար այսօր հստա՞կ է, թե ինչպիսի՞ միություն է լինելու ԱՄ-ի եւ ՀԺԿ-ի միջեւ։ Սա դաշի՞նք է լինելու, թե՞ համագործակցություն ԱԺ-ի շրջանակներում։ – Ձեր հարցը փոքր-ինչ ձեւափոխեմ։ Խոսքը ոչ թե ինչպիսի՞ միության մասին է, այլ՝ ի՞նչ սկզբունքների հիման վրա պիտի կառուցվի համագործակցությունը։ Մենք այդ եզրերը, մեզ համար գոնե, պարզել ու ճշտել ենք։ Որո՞նք են։ Նախ, հակաճգնաժամային ծրագիրը, որը թույլ կտա (իրագործվելու պարագայում) ժողովրդին կամաց-կամաց դուրս բերել այս խորը սոցիալ-տնտեսական ճգնաժամից։ Ի՞նչ եղանակներով, ի՞նչ միջոցներով եւ ո՞ւմ հետ։ Բոլո՛ր այն կուսակցությունների եւ անհատ մասնագետների հետ, որոնք համաձայն կլինեն այդ հակաճգնաժամային ծրագրի հիմնադրույթներին։ Բնականաբար, յուրովի մոտեցումներ կարող են լինել, բայց կարեւոր է, որ սկզբունքը չխախտվի։ Առանցքն այն է, որ Հայաստանի ապագան մենք ազատական տնտեսության մեջ ենք տեսնում, իսկ այն կյանքի կոչելու զանազան ճանապարհներ կան։ – Ցանկացած միավորում խախուտ է, եթե հիմքը գաղափարական եւ ծրագրային հիմնադրույթների ընդհանրությունը չէ։ – Միանգամայն ճիշտ եք։ – Մի՞թե ՀԺԿ-ի դեպքում դրանք Ձեզ համար հստակ են։ Ասենք, շատ դժվար է ՀԺԿ-ին ազատական տնտեսության ջատագով համարել՝ ԱԺ-ում իր քվեարկությունների արդյունքները նկատի առնելով։ – Խնդիրը ոչ թե ամբողջությամբ իրենց սկզբունքներն ընդունելն է, այլ դրանք ժամանակի ոգուն համահունչ դարձնելը։ Եվ, բնականաբար, եթե «Միասնություն» դաշինքի ծրագրային հիմնադրույթներն արդեն իսկ ճաք տվեցին, նշանակում է՝ ինչ-որ բան չգործեց։ Ուստի, տրամաբանությունն այն է, որ իրենք պիտի որդեգրեն նոր մոտեցումներ, միգուցե նաեւ նոր սկզբունքներ։ Ինչպիսի՞ն կլինեն դրանք՝ բնականաբար, ՀԺԿ-ն է որոշելու։ ՀԺԿ-ն մշակել է «Կուսակցությունների մասին» օրենքի հայեցակարգ, որի դրույթներն ամբողջությամբ ընդունելի են մեր կուսակցության համար։ Ինչպես նաեւ ընդունելի են այն հիմնադրույթները, որոնք վերաբերում են տարածքային ինքնակառավարման ամբողջ համակարգի փոփոխությանը, մասնավորապես՝ վարչատարածքային բաժանման վերափոխմանը։ Ընդհանուր եզրեր կան նաեւ «Ընտրական օրենսգրքի» փոփոխման առումով։ Մենք էլ ենք կողմնակից, որ զգալիորեն ավելացվեն պատգամավորների համամասնական տեղերը, որ ավելի քաղաքակիրթ դառնա մեր ԱԺ-ն։ 3-4 հարցերի շուրջ ընդհանրություններ կան եւ դրանք կազմում են այն առանցքը, որը հետագայում կարող է լոկոմոտիվի դեր խաղալ։ – Չնայած Դուք միությունը բաց եք հայտարարում բոլո՛րի համար, բայց շրջանառվում են հատկապես երկուսի անունները՝ «Հայաստան» խմբի եւ Հայկոմկուսի։ – Տվյալ պարագայում համապատասխան լրատվամիջոցները (գիտակցաբար, թե ոչ՝ չգիտեմ) խորամանկում են։ Ասեմ ինչու։ Մեր համագործակցությունը խորանալու է՝ դա ակնհայտ է։ Մեր բնականոն դաշնակիցները ՍԻՄ-ը եւ մի քանի այլ կուսակցություններ են, որոնց մասին ճիշտ կլինի իրենց առաջնորդները հետագայում ասեն։ Այս պարագայում, երբ տեսնում են, որ թափ ենք առնում, բնականաբար կցանկանան, որ այդ համագործակցության շրջանակներն ընդլայնվեն նաեւ այն ուժերով, որոնք, ցավոք սրտի, խոցելի տեղեր ունեն։ Որ վաղը-մյուս օրը այդ խոցելի տեղերը տարածեն համագործակցող բոլոր կուսակցությունների վրա։ Երբ, մասնավորապես, նույն «Հայաստան» խումբը բախտորոշ հարցերում (խոսքը բաշխիչ ցանցերի մասին է) որպես միատարր քաղաքական ուժ հանդես չի գալիս, բնականաբար, ընդհանրապես վաղաժամ է խոսել հետագա համագործակցության մասին։ Ուրեմն, այս հարցն արդեն այս փուլում դուրս եկավ օրակարգից։ Ինչ վերաբերում է Հայաստանի կոմկուսին. այն հետեւողականորեն եւ անդավաճան փորձում է կյանքի կոչել իր սկզբունքները եւ անձնական շահը չէ, որ առաջնորդում է իրենց։ Իսկ դա չգնահատելու, հաշվի չառնելու իրավունքը չունենք։ Խնդիրն այլ է, թե դրանք ընդունելի՞ են ստեղծված իրավիճակում, թե՞ ոչ։ Եթե տեսանք, որ համահունչ մտահոգություններ ու մտավախություններ ուներ ՀԿԿ-ն բաշխիչ ցանցերի նման եղանակով վաճառքի վերաբերյալ, ապա ինչպե՞ս կարելի է տվյալ պարագայում Հայաստանի ռազմավարական ապագայի հետ առնչվող հարցերի շուրջ նրանց դաշնակից չտեսնել։ Ուստի, անգամ կոմկուսի դեպքում առկա է հարցերի որոշակի շրջանակ, որտեղ ընդհանուր եզրեր կան։ Եվ եթե մարդիկ տոգորված են այն գիտակցումով, որ իրենց վրա է դրվելու 21-րդ դարի նախաշեմին Հայաստանը դատարկվելուց փրկելու առաքելությունը, գաղափարական տարաձայնությունները, ինչու չէ՝ խորը հակասություններն առժամանակ պետք է մի կողմ դնել եւ սկսել փրկության գործընթացը։ – Ցանկացած կուսակցության կամ դաշինքի հզորության գրավականը նաեւ իրեն համակրող ու ֆինանսավորող գործարարների առկայությունն է։ Իհարկե, ՀԺԿ-ի շարքերում գործարանատերեր կան։ Իսկ ձեր դեպքում արդյոք միայն Սեդրակ Սեդրակյա՞նն է, թե՞ կան այլք եւս։ – Սեդրակ Սեդրակյանն իմ ուսանողական ընկերն է։ Անգամ տանս համար նրանից պարտքով փող չեմ վերցրել։ Մեր ֆինանսական աղբյուրների մասին, ցավոք սրտի, չեմ կարող ասել։ Միայն կարող եմ ասել, որ բացարձակ ազնիվ են։ Իսկ ինչու չեմ կարող ասել, որովհետեւ հենց իմացան, թե ովքեր են այդ գործարարները՝ իսկույն նրանց բիզնեսը կփակեն։ Բայց այդ մարդկանց թիվը գնալով շատանում է, քանի որ արդեն կա այն գիտակցությունը, որ դեպքերի նման զարգացման պարագայում յուրաքանչյուրի բիզնեսը «կսեղմվի»։ Եվ այդ գիտակցմամբ տոգորված են անգամ ներկայիս իշխանական կուսակցություններին ֆինանսապես աջակցողները։ – Մամուլում այս միավորմանը վերաբերող եւս մի կանխատեսում-լուր կա, թե այն կայանալու պարագայում օրակարգի հարց պիտի դառնա ԱԺ-ի խոսնակի փոփոխման խնդիրը։ Ստեփան Դեմիրճյանի հետ Ձեր հանդիպումներում այդ հարցն արծարծվե՞լ է։ – Կոռեկտ չէր լինի, եթե ես պրն Դեմիրճյանի հետ քննարկեի ՀԺԿ-ի քարտուղարի, քաղխորհրդի անդամի հարցը։ Այդ հարցը չի քննարկվել։ – Վերլուծվում է նաեւ, թե դաշինքի կայանալու պարագայում ձեզանից որ մեկը նախագահ կամ առաջին դեմք կդառնա, իսկ ով կմնա ստվերում։ – Սա հիշեցնում է ծանր հիվանդի մահճի մոտ խոսակցությունները, թե ո՞վ է ավելի կարեւոր՝ նյարդավիրաբո՞ւյժը, թե՞ սրտավիրաբույժը։ – Հայաստանում կարծես ավանդույթ է, որ դաշինքներ ստեղծվում են ընտրությունների նախօրեին։ Քանի որ մոտ ապագայում ընտրություններ կարծես չեն երեւում, այսուհանդերձ՝ աղոտ է մնում նպատակը, որ հետապնդում եք այս միավորմամբ։ Արդյոք այն հականախագահակա՞ն է, ինչպես արդեն որակվել է։ – Երբ մեր կուսակցությունները մշակված սկզբունքները, ռազմավարական նպատակները կհրապարակեն ու կմատնանշեն դրանց կատարման ուղիները, կատարողներին նույնպես հրապարակ կհանեն՝ եւ նախագահն ու կառավարությունն ականջալուր չեն լինի այդ ամենն ընդգրկելու սեփական գործունեության մեջ, բնականաբար, յուրաքանչյուր պաշտոնյա, անձ, որը խոչընդոտելու է՝ արժանանալու է մեր խստագույնս քննադատությանը։ – Իսկ ե՞րբ եք հռչակելու այդ սկզբունքային մոտեցումները։ – Բանակցային փուլը հիմնական հարցերի պատասխանը տվել է եւ հիմա արդեն տաժանակիր աշխատանք է պահանջվում։ Շատ չի ուշանա՝ ԱԺ-ի առաջիկա նստաշրջանում պետք է գոնե կարողանանք այդ հարցերի որոշակի մասը հրապարակել եւ դարձնել ընդհանուր քննարկման առարկա։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել