Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 09,2000 00:00

«ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՍԿԻԶԲԸ» 1990 թ. օգոստոսի 23-ին, երբ ՀՀ Գերագույն խորհրդի դահլիճում ընթերցվեց Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը, շատերս լաց էինք լինում։ Այսօր քչերն են համարձակվում բարձրաձայն խոստովանել, թե հատկապես ինչո՞ւ էին հուզված։ Առայժմ պարզ չէ, պատրաստվո՞ւմ են օրվա իշխանությունները նշել Հռչակագրի 10-ամյակը։ Դրա փոխարեն, 10 տարի առաջ իշխանության եկած ՀՀՇ-ն բավականին լուրջ պատրաստություն է տեսնում։ Այն Գերագույն խորհուրդը, որն ընդունեց Հռչակագիրը, 260 պատգամավոր ուներ, որից 12-ը ընտրվել էին ԼՂՀ-ից (չմոռանանք, որ 90-ին դեռեւս թարմ էր 89-ի դեկտեմբերի 1-ի որոշումը՝ ԼՂՀ-ն ՀԽՍՀ-ին վերամիավորելու մասին), 3 ղարաբաղցիներ էլ, այդ թվում նաեւ Ռոբերտ Քոչարյանը, Գերագույն խորհրդի պատգամավոր էին դարձել Հայաստանից։ Ղարաբաղից պատգամավոր դարձածների, ինչպես նաեւ՝ 90-ին ՀՀՇ, իսկ որոշ ժամանակ անց՝ այլ կուսակցության անդամագրվելու հարցերին մենք դեռ կանդրադառնանք։ Հռչակագրի 10-ամյակի մասին մեր շարքը որոշեցինք սկսել 90 թվականին Գերագույն խորհրդի անդամ եղած մի քանի անդամների խոսքով։ Կիմ Բալայան (ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր)- Հռչակագրի մեջ իրականում դրված էր մեր ազգի հիմնական ուղին։ Ճանապարհ, որ պետք է անցնեինք, մասնավորապես ազգային երեք հիմնախնդիրների՝ Ցեղասպանության հետապնդումը, միջազգայնորեն ճանաչումը եւ դատապարտումը, Արցախի վերամիավորումը եւ ժողովրդավարական անկախ պետականության ստեղծումը։ Այս բոլոր խնդիրները դրված էին Հռչակագրի գաղափարախոսության հիմքում, իսկ կառավարման ձեւը ընտրված էր խորհրդարանականը։ Թեպետ 95-ին անօրինական ձեւով անտեսվեցին Հռչակագրի հիմնական սկզբունքները եւ ներկայացվեց Սահմանադրության անօրինական մի նախագիծ, որն ամբողջությամբ հակասում է անկախության մասին Հռչակագրին։ Եթե համեմատություն կատարենք, կտեսնենք, որ Սահմանադրությունից ամբողջությամբ դուրս են մնացել Հայ դատի խնդիրը, Արցախի վերամիավորումը, Ցեղասպանության ճանաչումը եւ երկրի կառավարման ձեւը՝ խորհրդարանականը։ Հետեւապես, Հռչակագիրը դարձավ լոկ տվյալ ժամանակի համար ընդունված իրավաքաղաքացիական փաստաթուղթ, որն ընդունվեց ձայների 2/3-ով, այսինքն՝ սահմանադրական օրենքի ուժ ունեցող փաստաթուղթ է։ Սակայն հետագա պետական շինարարության ընթացքում այն ամբողջությամբ ոտնահարվեց եւ կիրառվեց ապազգային քաղաքականություն։ Իգոր Մուրադյան («Ազգային անվտանգություն» կուսակցության ներկայացուցիչ)- Հռչակագի՞ր, ի՞նչ Հռչակագիր, ինչո՞ւ եք ինձնից կարծիք հարցնում, ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ։ Ռուբեն Թորոսյան («Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահ, «Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ)- Հռչակագրի իրավագիտական գնահատականը դեռ ոչ ոք չի տվել եւ անհրաժեշտություն կա, որ գոնե 10-ամյակի կապակցությամբ այդ գնահատականը տրվի։ Նկատի ունեմ հետեւյալը. մի կողմից մենք ունենք Հռչակագիր, որը, ըստ հետագայում ընդունված սահմանադրական օրենքների, իրենից կարծես ներկայացնում էր սահմանադրական հիմունքներ։ Այսինքն, առ այսօր էլ Սահմանադրության հիմքում ընկած է Հռչակագիրը, սակայն մի շարք հակասություններ կան, լուրջ շեղումներ Հռչակագրից։ Առաջինն այն է, որ 89-ի դեկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղը վերամիավորվեց Հայաստանին, սակայն այսօր ակնհայտ է, որ լուրջ շեղում է տեղի ունեցել Հռչակագրից։ Հաջորդ լուրջ շեղումն այն է, որ Հռչակագիրը Հայաստանի Հանրապետությանը հայտարարում է խորհրդարանական հանրապետություն, եւ հենց Հռչակագրի 3-րդ կետը հրապարակում է. «Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես ՀՀ Գերագույն խորհրդին», սակայն այսօր ակնհայտ է, որ մենք չունենք խորհրդարանական հանրապետություն, այլ նախագահական։ Հաջորդ շեղումը կապված է հողի սեփականաշնորհման հետ։ Հռչակագրում ասվում է. «ՀՀ ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային եւ այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները նրա ժողովրդի սեփականությունն է»։ Սա էլ մոռացվեց, քանի որ հողն այսօր հանրային սեփականություն չէ։ Այս երեք շեղումներին կավելացնեմ նաեւ այն, որ այն Գերագույն խորհուրդը, որն ընդունեց Հռչակագիրը, ինքն էլ շեղեց՝ ուղիղ մեկ տարի անց ընդունելով «Անկախ պետականության հիմնադրույթների մասին սահմանադրական օրենքը»։ Սա լրիվ փոխեց համակարգը։ Իսկ արդեն 95-ին, դեռեւս Սահմանադրության ընդունումից առաջ ընդունվեց մեկ այլ սահմանադրական օրենք, որն էլ հենց հանրապետությունը հռչակեց նախագահական։ Կարծիքների շարքը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել