«ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ՀՀՇԱԾԻՆ» Հարցազրույց ՀՀՇ վարչության նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Արզումանյանի հետ -Ոչ հեռավոր անցյալում այս կուսակցության ձեռքին էին երկրի եւ պետության բոլոր լծակները։ Այսօր ՀՀՇ-ն զրկված է իշխանության լծակներից եւ փաստորեն մնացել է առանց ոչնչի։ Ինչո՞վ է այսօր զբաղվում ՀՀՇ-ն, ի՞նչ կարգավիճակում է իրեն տեսնում երկրի կյանքում, մտադի՞ր է վերադառնալ ակտիվ քաղաքական կյանքի։ – ՀՀՇ-ի հիմնական նպատակն այս օրերին իր կառույցների ամրապնդումն է։ Կուսակցությունը կառույցներ ունի հանրապետության բոլոր մարզերի 37 շրջաններում։ Մենք այս օրերին այցելում ենք մեր տարածքային կազմակերպություններ։ Շարունակվում է ՀՀՇ-ի ինքնամաքրման գործընթացը։ Այսօր սա շատ կարեւոր է, քանի որ 98 թվականի հեղաշրջումից հետո շատ մարդիկ, որոնք ժամանակին միացել էին ՀՀՇ-ին, այդ ժամանակի քաղաքական կոնյունկտուրայից դրդված եւ պատեհապաշտական նկատառումներով, ինչպես հայտնի է, մեկ օրվա ընթացքում փոխեցին ոչ միայն իրենց կուսակցական պատկանելությունը, այլեւ սկզբունքային մոտեցումները։ ՀՀՇ-ի քաղաքական մեծամասնությունը մեկ օրվա ընթացքում դարձավ փոքրամասնություն ԱԺ-ում։ Ես սա ասել եմ, հիմա կրկնեմ, որ ցավոք Հայաստանում գործող քաղաքական ուժերը իրենց մեջ ուժ եւ սկզբունքայնություն չգտան դատապարտելու այդ իրողությունը։ Բոլորը ոգեւորված ողջունում էին հեղաշրջումը իրագործած ուժերին։ Որպես հետեւանք՝ աղավաղվեց Հայաստանում քաղաքական դաշտը, եւ 99 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ արդեն ցանկացած ուժային կառույցի ղեկավար իր պարտքն էր համարում կուսակցություններ ստեղծել, վերաձեւավորել, ինչ-որ տձեւ միություններ կազմավորել։ Այդ գործողությունների հետեւանքն է, որ այսօր չկա հավատ կուսակցությունների հանդեպ։ Ժողովուրդը ամեն ինչից արդեն զզված է: Եվ դա կարելի է հասկանալ։ Այստեղ մենք՝ քաղաքական գործիչներս ենք պատասխանատու։ ՀՀՇ-ի կարեւորագույն առաքելություններից մեկը պետք է լինի ամեն կերպ նպաստել քաղաքական դաշտի վերականգնմանը։ Ես չեմ պատկերացնում այդ դաշտը առանց Հայոց Համազգային Շարժման, առանց մի կուսակցության, որն այդ քաղաքական դաշտի հիմնաքարն է։ ՀՀՇ-ն ունի առաքելություն, որը դեռ չի ավարտել, եւ սին են բոլոր այն խոսակցությունները, որ ՀՀՇ-ն այլեւս դիակ է։ Ի տարբերություն հայտնի զառամյալ կուսակցության, ՀՀՇ-ն դեռ շատ անելիք ունի։ Հայոց պատմության այս փուլն էլ պետք է անցնենք, սա էլ է նորմալ։ Հայհոյելը, փնովելը այս իշխանության միակ փրկօղակն է։ Թիրախը գտել են։ Մեր մոտ գաղափարների բախում չկա, ե՛ւ 98-ի, ե՛ւ 99-ի ընտրությունները միայն մի գաղափարի շուրջ էին՝ ով ավելի շատ կհայհոյի Հայոց Համազգային Շարժմանը եւ նախկին իշխանություններին, այսինքն՝ իր իսկ անցյալը։ Սակայն արդեն հաջորդ ընտրություններում պետք կլինի կոնկրետ ծրագրեր ներկայացնել։ Այս փուլն էլ՝ դիտորդ նախագահ ունենալը, կուսակցությունների իրենց իսկ կառավարության գործունեության համար պատասխանատվություն չկրելը, տձեւ, գաղափարական հենքից զուրկ կառավարություն կազմելը կանցնի եւ կսկսվի գաղափարների քաղաքակիրթ մրցակցություն։ Իսկ այստեղ ՀՀՇ-ն որեւէ վախենալու բան չունի, որովհետեւ շատ քիչ կուսակցություններից է, որն ունի ե՛ւ գաղափարախոսություն, ե՛ւ հստակ ծրագիր։ – Այսօր որքա՞ն անդամ ունի ՀՀՇ-ն, նոր անդամների ընդունելություն կատարվո՞ւմ է, թե՞ ոչ։ – Դա գործընթաց է, մենք ճշտում ենք մեր ցուցակները, վերահաշվառում ենք կազմակերպել։ Ի տարբերություն շատ նորաթուխ կուսակցությունների, որոնք հայտարարում են, որ 25-30 հազարանոց շարքեր ունեն, մենք այդ գիգանտոմանիայով չենք տառապում, թվերի հետեւից չենք ընկնում։ Մյուս կարեւոր հանգամանքը՝ ՀՀՇ-ն ձերբազատվել է բոլոր պատեհապաշտներից եւ այսօր դասական իմաստով գործող կուսակցություն է։ Պետք է նաեւ գոհունակությամբ նշեմ, որ երիտասարդությունը շարունակում է ընդունվել ՀՀՇ-ի շարքերը։ Մենք բազմաթիվ դիմումներ ենք ստանում, եւ ընդունելությունը շարունակվում է։ Կարծում եմ, դրանք այն մարդիկ են, որ միանում են մեզ մեր գաղափարների համար եւ ոչ թե իրենց շահերի։ – Յուրաքանչյուր կուսակցություն ձգտում է իշխանության, ՀՀՇ-ի դեպքում այդ ձգտումը պետք է ավելի քան ուժեղ լինի, քանի որ իշխանության համը ՀՀՇ-ն արդեն զգացել է։ Դուք երբվանի՞ց եք մտադիր լրջորեն պայքարել իշխանության համար։ – Այո, կուսակցությունը ստեղծվում է նրա համար, որպեսզի հրապարակի իր ծրագիրը եւ իշխանության գալով իրագործի այն։ Մեզ վերջերս ռեւանշիստ են կոչում։ Ռեւանշիզմը սովետական պրոպագանդան վերագրում էր նացիստական գաղափարախոսությունը կրող ուժերին։ Բայց ինքը՝ բառը, որեւէ բացասական բան չի պարունակում, եւ ավելին՝ եթե ռեւանշ անվանենք պարտված կուսակցության իշխանության վերադարձը, ապա այդ ռեւանշը պարբերաբար կատարվում է ցանկացած ժողովրդավարական երկրում, երբ նախկինում իշխանության գլուխ եկած կուսակցությունը կրկին գալիս է իշխանության։ Սա նորմալ է։ ՀՀՇ-ն անշուշտ պետք է այլեւս մասնակցի բոլոր մակարդակի ընտրություններին։ Մեր պասիվությունը ուներ իր օբյեկտիվ պատճառները։ ՀՀՇ-ն ընտրությունների ժամանակ պարտություն չի կրել, որ դրանից անմիջապես հետո լծվեր իշխանության վերադառնալու համար պայքարի։ Մեզ հեղաշրջմամբ են իշխանությունից դուրս թողել։ Ի դեպ, մեր քաղաքական թիմի հրաժարականը միտված էր խուսափել քաղաքացիական պատերազմից։ Մենք հնարավորություն տվեցինք իշխանության եկած ուժերին հրապարակել իրենց ծրագրերը եւ համոզել ժողովրդին, որ դրանք կենսունակ են։ – Ընդունենք, տվեցինք այդ հնարավորությունը, ի՞նչ ստացանք արդյունքում։ – Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք… երկիրը շատ ծանր վիճակում է։ – Այսօրվա իշխանության մասին խոսելիս, շեշտվում է, որ սրանք էլ ՀՀՇ-ի ծնունդ են, ՀՀՇ-ի շարունակություն, որ ոչինչ չի փոխվել արդյունքում։ Դուք համաձա՞յն եք, որ այսօրվա իշխանությունները ՀՀՇ-ի ծնունդ են։ – Այսօրվա քաղաքականությունը որեւէ առնչություն չունի ՀՀՇ-ի ծրագրային դրույթների հետ։ Սակայն այն, որ շատերը ՀՀՇ-ածին են, իրոք հավանաբար այդպես է, ընդհանրապես այս պետությունն է ՀՀՇ-ածին։ Պետք է հաշվի առնենք, որ 90-ականների սկզբին, երբ Հայոց Համազգային Շարժումը եկավ իշխանության, ապա պատեհապաշտ մարդկանց մի ամբողջ բանակ անդամագրվեց ՀՀՇ-ին։ Ես ինքս ՀՀՇ անդամ դարձել եմ հեղաշրջումից հետո, 98-ի սեպտեմբերին։ Ուղղակի իմ պարտքն եմ համարել ֆորմալացնել իմ հարաբերություններն այն կուսակցության հետ, որի գաղափարախոսությունը միշտ կիսել եմ։ Նրանք, ովքեր նախկինում կրծքին խփելով ասում էին, թե ՀՀՇ-ական են, այսօր նույն հաջողությամբ հանրապետական են, «Կայունության» անդամ, վաղը մեկ ուրիշ բանի անդամ կդառնան։ Սրանք այն մարդիկ են, որոնք ձգտում են միշտ մնալ «իշխանության կուսակցությունում»։ Շատ բնական է, որ այսպիսի դժվարություններ անցած ժողովուրդը բացասական վերաբերմունք ունի նախկին իշխանությունների նկատմամբ։ Շատ վտանգավոր է մեկ այլ բան, այն, որ իշխանությունները եւ նորաթուխ քաղաքական գործիչները փորձում են առիթից օգտվելով ատելություն սերմանել այսպես կոչված նախկինների նկատմամբ, այդպիսով իրենց տեղն ամրապնդելով քաղաքական դաշտում։ Եվ տասը տարիների ընթացքում ակումուլացված ատելության թիրախը դարձրին ՀՀՇ-ին։ Այս ամենը մենք անցել ենք։ 90-ականների սկզբին լուրջ քննարկումներ էին գնում նախկին կոմունիստների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու վերաբերյալ։ Հարմար ձեւ է նոր եկող իշխանության համար՝ բացասականը բարդում ես նախկինի վրա։ Բայց ՀՀՇ-ն դա հաղթահարեց։ – Դուք ՀՀՇ վարչության փաստացի ղեկավար ընտրվեցիք Վանո Սիրադեղյանից հետո։ Ինչպե՞ս ընդունեցիք կուսակցությունը, ի՞նչ ժառանգություն եք ստացել։ Արդյոք այսօրվա ՀՀՇ-ն տարբերվո՞ւմ է կամ ձգտո՞ւմ է տարբերվել այն ՀՀՇ-ից, որը գլխավորում էր Վանո Սիրադեղյանը։ – Նոր փուլ է սկսվում ՀՀՇ-ի ներկուսակցական կյանքում։ Կուսակցության առջեւ նոր խնդիրներ են ծառացել, որոնք անհնար կլիներ լուծել բացակայող նախագահի պարագայում։ Կուսակցությունը պետք է մշտապես գործող ղեկավար ունենա։ Որեւէ գաղափարական սկզբունքների վերանայում չկա, մեր ծրագրային հիմնադրույթները նույնն են, ինչպիսին էին եւ 89-ին, երբ ստեղծվեց կուսակցությունը, մոտեցումների առումով եւս փոփոխություններ չկան։ Կա ուղղակի այսօրվա պահի թելադրանքը եւ այսօրվա անելիքների վերագնահատումը։ – Ի դեպ, որտե՞ղ է Վանո Սիրադեղյանը, կուսակցությունը գիտի՞ այս հարցի պատասխանը։ – Ոչ, ցավոք սրտի ոչ, որեւէ տեղեկություն չունենք եւ շատ մտահոգ ենք։ – Դուք ասացիք, որ ՀՀՇ-ն պատրաստվում է վերադառնալ իշխանության։ Դուք ընդունո՞ւմ եք, որ իշխանության եղած ժամանակ սխալներ թույլ տվել եք։ Ասեք խնդրեմ մի քանի խիստ կարեւոր սխալներ, որ Դուք թույլ եք տվել։ – Ասեմ, որ որեւէ ճակատագրական սխալ, փառք Աստծո, չենք գործել։ Կարծում եմ, մեր իշխանության ժամանակաշրջանի գնահատականը կտա պատմությունը։ Բայց, եթե թվարկենք, ապա սխալներից մեկը կարելի է համարել տնտեսական բարեփոխումների դանդաղ ընթացքը։ Բարեփոխումները ավելի ռադիկալ պետք է արվեին։ Այդ դեպքում այսօր կենսամակարդակը մի քիչ այլ կարող էր լինել։ Մեզ մեղադրում են նաեւ, որ ՀՀՇ-ի օրոք կաշառակերություն է եղել։ Իհարկե եղել է։ Կաշառակերությունը հազարավոր տարիների պատմություն ունի։ Որեւէ քաղաքական ուժ չի կարող հայտարարել, որ ինքն իշխանության գալով վերջ կտա կաշառակերությանը։ Մենք ամեն ինչ արել ենք, բայց դա մեր ուժերից վեր է եղել, մանավանդ պատերազմող երկրի պարագայում։ Այն, որ անազնիվ մարդիկ ՀՀՇ-ի շարքեր են ներխուժել, որպեսզի պաշտոն ստանան եւ այն օգտագործեն անձնական հարստության համար, դա էլ է ակնհայտ։ Այդպես է նաեւ հիմա, այդպես է լինելու երկար տարիներ, մինչեւ Հայաստանում ստեղծվի նորմալ քաղաքացիական հասարակություն։ Հաջորդ մեղադրանքը՝ անհաջող կադրային քաղաքականությունն էր։ Հիշենք, որ ցանկացած նշանակում միշտ քննադատությամբ էր ընդունվում, դառնում էր համաժողովրդական քննարկման առարկա, բայց եկեք համեմատենք մեր 7 տարիների բարձրաստիճան պաշտոնյաներին (թե՛ կրթական ցենզը, թե՛ ինտելեկտուալ հնարավորությունները) այսօրվա իշխանավորների հետ եւ, կարծում եմ, որ մեկնաբանությունների կարիք չի լինի։ Նշեմ նաեւ, որ անավարտ մնաց դատաիրավական համակարգի բարեփոխումը, ինչը հնարավոր դարձրեց քաղաքական հետա-պնդումների եւ հալածանքների իրականացումը։ ՀՀՇ քաղաքական իշխանությունը արձանագրել է մեծագույն նվաճումներ։ Ստեղծվեց անկախ պետություն՝ իր Սահմանադրությամբ, պետական, հասարակական եւ քաղաքական կառույցներով, հողը վերադարձվեց գյուղացուն, ստեղծվեց կանոնավոր ազգային բանակ, ազատագրվեց Արցախը, ապահովվեց Հայաստանի եւ ԼՂՀ-ի ազգայրին անվտանգությունը, Ադրբեջանին պարտադրվեց զինադադարը։ Այս ցուցակը կարելի է շարունակել եւ շարունակել։ Ցավով պետք է նշեմ, որ վերջին երկու տարվա քաղաքականությունը վտանգում է այս բոլոր նվաճումները։ – Ձեր այս պատասխանից հետո ենթադրելի է, թե ինչ կպատասխանեք հաջորդ հարցիս։ Ինչպե՞ս եք գնահատում երկրի արտաքին հարաբերություններն այս պահին, մասնավորապես ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում։ – Հիմնական տարբերությունը կայանում է նրանում, որ, ի տարբերություն մեզ, այսօրվա իշխանություններն առաջին օրվանից հռչակեցին, որ Հայ դատը Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում է։ Շատ վտանգավոր եմ համարում սա, եւ բոլոր պերճախոս հայտարարությունները Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որեւէ դրական տեղաշարժ չեն արձանագրել Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։ Ցեղասպանության ճանաչման գործընթացը եղել է միշտ։ Այս իշխանությունները շատ են սիրում ցանկացած բանի մասին համեմատություն անել։ Ասեմ, որ Ցեղասպանությունը ճանաչած եւ դատապարտած 10 երկրներից 8-ը դա արել են ՀՀՇ-ի իշխանության օրոք։ Մյուս երկուսի հետ էլ աշխատանքները տարվել են վերջին 5-6 տարիների ընթացքում։ Եթե Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքն է, այդ դեպքում մենք պետք է հայտարարենք, որ Թուրքիայի հետ որեւէ հարաբերություն չենք ունենա, եթե նրանք չճանաչեն Ցեղասպանությունը եւ վերջ։ Եվ ոչ թե Թուրքիայի հետ փորձենք տնտեսական հարաբերություններ զարգացնել, բայց ԱՄՆ-ից եւ մյուսներից պահանջենք, որ Թուրքիայի վրա ճնշում գործադրեն Ցեղասպանության ճանաչման համար։ Այսօր վտանգված է ՀՀՇ կարեւորագույն գաղափարական հիմնադրույթը, որ հայ ժողովուրդը պետք է ապավինի միայն իր ուժերին եւ իր մեջ ուժ գտնի ինքնուրույն հարաբերվել արտաքին աշխարհի հետ։ – Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն այս պահին ինչպե՞ս եք գնահատում, մանավանդ նկատի ունենք, թե հատկապես ինչի՞ վրա էր դրված շեշտը՝ իշխանությունը հանձնելու՝ ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ առկա տարաձայնությունների։ – Ես դա գործընթաց չէի անվանի, կանվանեի գործընթացի իմիտացիա։ Որովհետեւ գործընթաց կար նախկինում, կային բանակցություններ։ Այսօր այդ իմիտացիան արվում է ամենաբարձր մակարդակով։ Նորություն չի երկու հանրապետությունների նախագահների հանդիպումը։ Տեր-Պետրոսյանը Ալիեւի հետ նույնպես բազմիցս հանդիպել է։ Այսօր դա ինքնանպատակի տպավորություն է թողնում։ Այստեղ շատ բացասական է այն, որ ԼՂՀ-ն դուրս է մնացել գործընթացից, մեր դիվանագիտության հիմնական խնդիրը միշտ եղել է ապահովել ԼՂՀ-ի պատվիրակության լիիրավ մասնակցությունը բոլոր բանակցություններին։ Դրան մենք հաջողությամբ հասել ենք, արձանագրել ենք ԵԱՀԿ գագաթաժողովների մակարդակով։ Այսօր հակամարտությունն ընկալվում է որպես կոնֆլիկտ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ամենավտանգավորն այն է, որ ԼՂՀ-ն կոնֆլիկտի սուբյեկտից դառնում է կոնֆլիկտի օբյեկտ։ Մեզ քննադատել են եւ իշխանափոխության հիմնական պատրվակը եղել է մեր այսպես կոչված պարտվողական քաղաքականությունը։ Հիշեցնեմ միայն, որ այդ պարտվողական քաղաքականությունն իրականացնողներն իրենց մեջ ուժ գտան ԵԱՀԿ գագաթաժողովում վետո դնել մի փաստաթղթի վրա, ուր ամրագրվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Իսկ այսօրվա ասիմետրիկ կոմպլիմենտարության հիման վրա հաղթական քաղաքականություն վարող ոչ կոնվենցիոնալ նախարարը հայտարարում է, որ պետք է ճանաչվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ O tempora! O mo-res! կասեր Ցիցերոնը… Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ