«Ազատամարտի վետերանների միության» նախաձեռնող խորհուրդը օգոստոսի 3-ին կազմակերպեց հանդիպում Արարատի մարզի մի շարք գյուղական համայնքների բնակիչների, գյուղապետերի եւ ավագանու անդամների հետ։ Միության փոխնախագահ Միհրան Մովսիսյանը, խորհրդի անդամ Դիոնիս Մարգարյանը, մտավորականության հանձնախմբի անդամներ Սամվել Հարությունյանը եւ Յուրի Հովհաննիսյանը հանդիպման ընթացքում նշեցին միության կազմավորման անհրաժեշտությունը՝ ներկայացնելով նպատակներն ու խնդիրները։
Ներկաները «ԱՎՄ» խորհրդի անդամներին փաստերով ներկայացրին այն ծանրագույն վիճակը, որում հայտնվել են Արարատյան դաշտի եւ ընդհանրապես հանրապետության գյուղացիները։ Նրանք խորը մտահոգություն հայտնեցին Երեւանի կոյուղու գլխավոր կոլեկտորում չֆիլտրացվող կեղտաջրերի փաստի առթիվ։ Պատկան մարմինների անպատասխանատու վերաբերմունքի արդյունքում՝ կեղտաջրերը միանալով Աերացիայում Հրազդան գետին, առաջացնում են մեծ վտանգ։ Այսինքն՝ այդ ջրերով ոռոգվում են Արարատյան դաշտի բանջարանոցները, այգիներն ու ցանքատարածքները։ Հավաքվածները հաստատեցին նաեւ, որ երեւանյան շուկայական «մաֆիոզների» կողմից շարունակվում է գյուղացիների անխնա թալանը։ Հողի մշակներին առավել զայրացրել է այն, որ իրենց հանդեպ թշնամաբար են վերաբերվում գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկը եւ գեներալ-մայոր Սեյրան Սարոյանի քույրը։ Վերջիններիս մենաշնորհն է հայոց ազգային բանակին մթերքներ վաճառելու եւ անձնական գերշահույթներ ապահովող գործը։
«ԱՎՄ» լրատվական բաժին