Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օգոստոս 05,2000 00:00

Արշակ Սադոյանը Երբ պարոն Սադոյանը խոսում է անցյալի ցրտի, մթի, ալան-թալանի եւ Բագրատյանի մասին, նա արդարության համար պայքարող քաջարի ասպետ է: Սակայն երբ նա մի թեթեւ էլ սկսում է քննադատել ներկայիս իշխանավորներին, մեխանիկորեն դառնում է «ՀՀՇ-ական»: Եվ ընդհանրապես, այսօր վերջնականապես պարզ դարձավ. բոլոր նրանք, ովքեր չեն զմայլվում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ամեն մի քայլից, «ՀՀՇ-ական են», «ՀՀՇ-ամետ», «ՀՀՇ-ածին» եւ ձգտում են վերականգնել «ՀՀՇ-ական կարգերը» (կարծես, հիմա ուրիշ կարգեր են): Նորընծա «ՀՀՇ-ականների» թվում են Արկադի Վարդանյանը, Արտաշես Գեղամյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ, իհարկե, Խորեն Թռչունիչը: Լեոնիդ Հակոբյանը Բոցավառ կոմունիստ Լեոնիդ Սամսոնիչը անցած շաբաթ իրեն դրսեւորեց նաեւ որպես հմուտ դիվանագետ: Չքավոր ժողովրդի պաշտպանը, չցանկանալով, հավանաբար, հրաժարվել կյանքի բուրժուական վայելքներից, որոնք պայմանավորված են նաեւ նախարարական պորտֆելով, ծպտուն չհանեց բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման վերաբերյալ՝ ոչ կողմ, ոչ էլ՝ դեմ: Ամեն ինչ լավ կլիներ, եթե Սամսոնիչի գրասենյակում չաշխատեր սեռական թեմաների վրա շեղված խորհրդական Սամվել Ամարյանը, որն ակնհայտորեն չգիտի, թե ինչպես է պետք թաքցնել իր «շեֆի» կարծիքը: Բագրատաշենի «մաֆիոզիները» Արդեն մեկ ամսից ավելի է, որ Պետական եկամուտների նախարարությունը փորձում է օրինական եւ քաղաքակիրթ մաքսակետ կառուցել Հայաստանի հյուսիսային դարպասը հանդիսացող Բագրատաշենի շուկայում: Սակայն տեղական հեղինակությունները (որոնք, բնականաբար, շահագրգռված են ոչ քաղաքակիրթ եւ անօրինական շուկայի գոյության մեջ) տեղական իրավապահների թողտվությամբ խոչընդոտում են շինարարությանը բոլոր մեթոդներով, այդ թվում նաեւ՝ բռնի: Հետաքրքիր է, ով է, վերջապես, բացահայտվելու որպես իշխանություն՝ պետությո՞ւնը, թե՞ մանր «մաֆիոզիները»: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել