4000 քմ տարածքի զավթում Էջմիածին քաղաքի բնակիչներից մեկը՝ խոսելով ԱԺ պատգամավոր, «Կայունություն» խմբի անդամ Հակոբ Հակոբյանի (Ճոյտի) մասին, նշեց, որ վերջինս գազալցակայան է կառուցում քաղաքի Զվարթնոց թաղամասի Մանուշյան փողոցում։ Հետո ճշտեցի, որ գազալցակայանի համար «Գովասան» ՍՊԸ-ն է խնդրել քաղաքապետարանին՝ վարձակալական հիմունքներով նշյալ փողոցի վերջնամասից հատկացնել 4000 քմ մակերեսով հողատարածք։ Մեր տվյալներով, այնուամենայնիվ, այս գազալցակայանի բուն հովանավորը եւ իրականացնողը հենց Հակոբ Հակոբյանն է, որը Էջմիածին քաղաքում մի քանի կառույցներ ունի եւ Էջմիածին քաղաքի պատգամավորն է։ «Գովասանը» չսպասելով հողատարածքի վարձակալությամբ օգտագործման համար ՀՀ քաղաքաշինության եւ ՀՀ բնապահպանության նախարարությունների համաձայնեցմանը, եւ Էջմիածնի քաղաքապետի հողօգտագործման մասին նոր որոշմանը, առանց շինարարության թույլտվության, Էջմիածին-Երեւան մայրուղու աջակողմյան մասում, Մանուշյան փողոցի վերջնամասում ինքնակամ վերցնում է 4000 քմ հողատարածքը եւ սկսում ապօրինի քանդման եւ շինարարական աշխատանքներ։ Բազմիցս իրավապահ մարմինների եւ քաղաքապետարանի կողմից զգուշացվել է ապօրինի, ինքնակամ շինարարությունը դադարեցնելու եւ տարածքը նախկին տեսքին բերելու համար։ Եվ ոչ մի տեղաշարժ, ապօրինի, չթույլատրված շինարարությունն առայսօր շարունակվում է։ Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ «Ինքնակամ կառույց է համարվում սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում առանց անհրաժեշտ թույլտվության կամ քաղաքաշինական ու շինարարական նորմերի եւ կանոնների էական խախտումներով ստեղծված բնակելի շենքը, շինությունը, այլ կառույցը կամ այլ անշարժ գույքը»։ «Գովասան» ՍՊԸ-ն այդ գազալցակայանի շինարարության թույլտվություն ստանալու համար պետք է ներկայացներ սահմանված կարգով դիմում, նախագծային փաստաթղթերի մշակման համար նախնական թույլտվություն հանդիսացող իրավասու մարմնի կողմից հաստատված ճարտարապետահատակագծային առաջադրանքը, օբյեկտի շինարարության համար սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթեր։ Փաստ է այն, որ «Գովասան» ՍՊԸ-ին, որի տնօրենն է Խ. Դավթյանը, կայան կառուցելու համար շինարարության թույլտվություն չի տրվել։ Վերոնշյալ տարածքում կառուցված շինությունները եւ շարունակվող շինարարությունը կատարվել եւ կատարվում են առանց համապատասխան փաստաթղթերի։ Թերեւս, հենց ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի «դիրքն է» թույլատրում նման ապօրինությունները, այս դեպքում՝ քաղաքի համար կարեւոր նշանակության տարածքում՝ քաղաքի մուտքի մոտ։ Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ