Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 04,2000 00:00

«ՍԱ ՇԱՀԱՄՈԼՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է» Չնայած ԱԺ-ն պաշտոնապես մեկամսյա արձակուրդի մեջ է, սակայն Արշակ Սադոյանը հանգիստը միայն երազում է տեսնում։ Երեկ նա ասուլիսի էր հրավիրել լրագրողներին, ինչպես ներկայացրեց ԱԺ հասարակայնության հետ կապերի աշխատակիցը, ԱԺ-ի նստաշրջանի աշխատանքներն ամփոփելու համար։ Բնութագրական է, որ ոչ թե ԱԺ-ի ղեկավարությունից որեւէ մեկը, այլ հենց նա պիտի ամփոփեր խորհրդարանի 1 տարվա գործունեության արդյունքները։ Դե, Արշակ Սադոյանը նախ «ողբալի» գնահատեց, որ այս 1 տարին ամփոփվեց բաշխիչ ցանցերի մասնավորեցման վերաբերյալ օրենքով, իսկ հետո որոշեց ավելի հեռվից գալ եւ ամփոփել մեր նորագույն պատմության վերջին տարիները։ Սկսեց 1988-ից, հասավ իշխանափոխությանը, եւս մեկ անգամ Քոչարյանին «ոչ լեգիտիմ» նախագահ համարեց, որն արդեն 1 տարի անց զրոյի հավասարեցրեց իր վերաբերյալ սպասումները։ Ի վերջո հասնելով մեր օրերը՝ իր լիազորություններին Ռոբերտ Քոչարյանի վերադարձին եւ Անդրանիկ Մարգարյանի կառավարությանը, Արշակ Սադոյանն աննախադեպ խստությամբ խոսեց ներկա իշխանությունների մասին. «Ոչինչ չի փոխվել։ Այսօրվա բարձրագույն իշխանական էշելոնում գտնվող մարդիկ չեն էլ պատկերացնում, թե ինչ բան է երկիր, ժողովուրդ, անկախություն (…)։ Եվ ամբողջ փաստացի գործունեությունը գնում է միայն իշխանությունն անձնական շահերի օգտագործման համար (…)։ Սա շահամոլների իշխանություն է, եւ նման ձեւով շարունակել երեւի այլեւս հնարավոր չէ (…)։ Վերջին 3 ամիսների ընթացքում չի եղել ի նպաստ երկրի, ժողովրդի որեւիցե քայլ, որեւիցե գործողություն»։ Ավելի ուշ «Առավոտը» պրն Սադոյանին խնդրեց պարզաբանել, թե «շահամոլ» իշխանավորներ որակման առումով որեւէ մեկի, ասենք, որեւէ նախարարի համար բացառություն չի՞ անում։ «Ազատություն» ռ/կ-ը շարունակեց հարցը, թե շահամո՞լ է արդյոք ԱԺՄ-ական նախարար Դավիթ Վարդանյանը։ «Շատ նախարարների համար եմ բացառություն անում։ Առաջին հերթին նաեւ Դավիթ Վարդանյանի նկատմամբ»։ Պարզվեց, որ պրն Սադոյանը «շահամոլ» էր համարում քաղաքական մեծամասնությանը եւ կառավարության ուղղվածությունը։ Անդրադարձ եղավ նաեւ կառավարության ղեկավարին. «Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հավանաբար չի էլ տիրապետում իրավիճակին։ Սկզբունքներ, իմ խորը համոզմամբ, չունի»։ Բաժին հասավ նաեւ ՀՀԿ-ին. «Մի կուսակցություն, որն այդպես էլ չհասկացվեց՝ արյան կանչի՞ կուսակցություն է, ցեղապա՞շտ է։ Մի կուսակցություն, որի մեջ հանգիստ կարող էին իրար հետ գոյատեւել բուռնաշներ, Ծաղիկ ռուբոներ, Անդրանիկ մարգարյաններ (…)։ Խոսում են Նժդեհից, բայց անկախությունը ծախելու քայլեր են անում»։ Անմասն չմնաց նաեւ Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանը, որն, ըստ պրն Սադոյանի, ե՛ւ այս դեպքում է պատվեր կատարում, ե՛ւ ընդհանրապես «մեծ փորձ ունի նման պատվերներ կատարելու»։ Իսկ, այ, ՀՅԴ-ի մասին միայն ակնարկ հնչեց. «Գիտեն, թե մեր ազգի նպատակը Հայ դատի մասին բառեր ասելն է՝ փոխանակ ազգային խնդիրները հստակ ձեւակերպելը»։ Բնական է, որ այս ամենը բաշխիչ ցանցերի մասնավորեցման առիթով էր ասվում, եւ պրն Սադոյանը զգուշացրեց հանրապետության նախագահին. «Եթե նա ստորագրի այս չանցած օրենքը՝ նա անում է Սահմանադրության եւս մեկ խախտում»։ Դիմեց նաեւ Ղրիմում հանգստացող ԱԺ նախագահին, թե պարտավոր է իր վերաբերմունքը հայտնել. «Ի՞նչ է գտնում, անցե՞լ է այդ օրենքը, թե՞ ոչ»։ Չնայած պրն Սադոյանը խոստովանեց, թե մեծ հույսեր չի կապում Գագիկ Հարությունյանի կողմից ղեկավարվող ՍԴ-ի որոշումների հետ, այսուհանդերձ պնդեց, թե փորձ են անելու հավաքել անհրաժեշտ 44 ստորագրությունները ՍԴ դիմելու համար։ Մեր խնդրանքով մեկնաբանելով ՍԴ փոխնախագահ Վոլոդյա Հովհաննիսյանի նախապես արտահայտված այն կասկածը, թե այդ փորձը դժվար հաջողվի, քանի որ օրինագծին դեմ քվեարկողները 38-ն էին, պրն Սադոյանն ասաց. «ՍԴ-ի ներկայացուցիչը փոխանակ ասելու, որ դա, ենթադրենք, այս կամ այն սկզբունքի տեսակետից ճիշտ է կամ սխալ, փաստորեն լռելյայն ընդունելով, որ Սահմանադրությունն ուղղակիորեն խախտվել է՝ միայն խնդիրը տեսնում է հետեւյալում. իսկ հնարավոր կլինի՞ ֆորմալ ձեւակերպումներ եւ համապատասխան քանակի ստորագրությունների հավաքում»։ Սակայն եթե ՍԴ անդամն իրեն թույլ տար խնդրի էության վերաբերյալ գնահատականներ տալ՝ կարող էր մեղադրվել կանխակալ վերաբերմունքի մեջ։ Մանավանդ, որ տեսականորեն բացառված չէ, որ այս հարցը կարող է եւ ՍԴ-ի քննության առարկա դառնալ։ Հայտնի է, որ բաշխիչ ցանցերը ԱԺՄ-ում որոշակի ներկուսակցական խնդիրների, բարդությունների առիթ դարձան։ Արշակ Սադոյանն այս ասուլիսում նախ այդ լարվածության մասին ակնարկներով եւ ընդհանրացված էր խոսում, ավելի շատ պատճառներին անդրադառնալով։ Մասնավորապես նշեց, թե բարդությունները շատ անգամ արհեստական են ծագում. «Ակնհայտ է մի բան, որ հանրապետության նախագահը եւ նրա, այսպես ասած, լավ խորհրդականը, երեւի ֆինանսական հանճարեղ մարդ Սերժ Սարգսյանը կարողանում են այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ ներքին բախումները, լարվածությունը քաղաքական ուժերի շրջանակներում անընդհատ ավելի եւ ավելի են աճում»։ Ավելի որոշակիորեն ԱԺՄ-ին անդրադառնալով՝ պրն Սադոյանն ասաց, թե կուսակցության սկզբունքները գործնականում կիրառելու առումով տարաձայնություններ են ծագել եւ պիտի հստակեցվեն մոտեցումները՝ որքանո՞վ են ազատական լինելու կամ գերակա դարձնելու պետական մեխանիզմները։ Հայտնի է՝ կլինի կուսակցության համագումար եւ սկզբունքները կհստակեցվեն։ Իսկ մինչ այդ՝ պրն Սադոյանը խոսում էր այն մասին, թե ժամանակն է, որ ստեղծվի ստվերային կառավարություն եւ իմաստ ունի համատեղել ջանքերը տարբեր կուսակցությունների հետ, քանի որ՝ «դեմը կազմակերպված ուժ չկա եւ հնարավոր է հասնել որակական փոփոխությունների»։ Այն հարցին ի պատասխան, թե ո՞ր ուժերի հետ է հնարավոր համարում դաշնակցելը, Արշակ Սադոյանը հիշեցրեց քաղաքական ուժերի համախմբման Արամ Սարգսյանի կառավարության ձախողված նախաձեռնությունը։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել