Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 03,2000 00:00

Wայ, Wայ, Wայ Դեռեւս ամիսներ առաջ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետի տեղակալ Արայիկ Մանուկյանից տեղեկացել էինք, որ վարչությունն Ինտերնետում բացելու է Հայաստանի պատմության, մշակույթի, տնտեսության, կառավարման ինստիտուտների էջ, ուր ամփոփ, բայց ամբողջական ներկայացվելու են վերոնշյալ ոլորտներն ու Հայաստանի ԶԼՄ-ների մասին սպառիչ ինֆորմացիա։ Ինտերնետային էջի մասին մեր զրույցն արդեն իր թարմությունը կորցրել էր, երբ տեղեկացա, որ էջն արդեն բաց է։ Մամուլում այդ մասին հայտնել էր վարչության ներկայիս պետ Էդվարդ Միլիտոնյանը։ Առանց ժամանակ կորցնելու եւ անկեղծ հետաքրքրությամբ բացեցինք Ինտերնետի WWW. info.am հասցեն։ Բավական հետաքրքիր տեսականի էր ընտրված՝ հայ ժողովրդի կյանքն ու մշակույթը օտարին ներկայացնելու համար՝ մշակույթ, Ղարաբաղի կոնֆլիկտ, քրիստոնեություն, տնտեսություն, պատմություն, մայրաքաղաք, խորհրդարան, կառավարություն, նախագահ։ Առանց տատանվելու՝ անմիջապես բացեցի «Նախագահ» էջը. կոմպյուտերի էկրանից նայում էր ՀՀ նախագահի կիսաժպտուն դեմքը։ Նրա ընտանեկան երեք լուսանկարներն ու ընտանիքի անդամների մասին տեղեկությունները հասկացնել էին տալիս, որ Ռ. Քոչարյանը իսկական հայկական օջախի հայր է։ Նախագահի աշխատակազմի ողջ ցանկը առանձնապես հետաքրքիր չէր, ուղղակի ուշագրավ էր, որ Ալիկ Հարությունյանի անուն-ազգանունը կարմիր էր (ի տարբերություն մյուս սեւատառերի)։ «Մշակույթ» էջը բացելու բոլոր փորձերս դատապարտված էին ձախողման, քանի որ տխմար կոմպյուտերը ոչ մի կերպ չէր ընկալում, որ մենք 5000-ամյա պատմություն, հետեւաբար՝ նաեւ մշակույթ ունեցող ժողովուրդ ենք։ Գրահրատարակչությունն ու տեղեկատվությունը կարգավորող վարչությունն առայժմ նպատակահարմար չէր գտել գոնե մի տողով հասկացնել տալ օտարներին, թե մենք քիչ ենք, սակայն մեզ «հա՛յ («հ»-ն մեծատառ) են ասում»։ Ալբերտ Բազեյանի անունից վիրավորվածություն եմ հայտնում նաեւ այն կապակցությամբ, որ «Մայրաքաղաք» էջը նույնպես չէր բացվում, որովհետեւ ոչ մի ինֆորմացիա՝ Երեւան դարձած իմ Էրեբունու մասին չկար։ «Հայաստանի նոր պատմություն» էջը նույնպես դատարկ էր եւ հետեւաբար որեւէ պատկերացում տալ եւս չէր կարող։ Այլ բան է, որ «Քրիստոնեություն» եւ «Պատմություն» էջերի նյութերը բացարձակապես նույնն էին։ Ոչ մի կերպ չէր բացվում նաեւ «Կառավարություն» էջը (սա, թերեւս, կոմպյուտերի միակ տրամաբանական գործողությունն էր), սակայն հետաքրքրասերներին զգուշացվում էր, որ էջն, այնուամենայնիվ, լինելու է։ «Բարի գալուստ Հայաստանի խորհրդարան»։ Այսպես բացվում էր «Խորհրդարան» էջը։ Չգիտես ինչու, անմիջապես Նաիրի Հունանյանին հիշեցի։ «Տնտեսություն» էջը բացելիս միանգամից մտնում ես «Կառավարություն», որն, ինչպես ասացինք, դատարկ է։ Թեեւ Ղարաբաղի կոնֆլիկտի շուրջ ծավալուն ինֆորմացիա կար, սակայն միեւնույն նկարն այնքան հաճախակի էր հայտնվում էկրանին, որ կենտրոնանում էիր այդ մանր-մունր փնթիություններին եւ կոնֆլիկտին ծանոթանալու ողջ ցանկությունդ հօդս էր ցնդում։ Վարչության եւ Հայաստանի ԶԼՄ-ների մասին էլ ինտերնետային էջը ոչինչ չասող եւ առանց տրամաբանական կառուցվածքի ինֆորմացիա է հաղորդում։ Միակ հաճելի պահը (որը այլ էջերում եւս կրկնվում է) Էդվարդ Միլիտոնյանի գունավոր եւ ժպտացող (եթե չեմ սխալվում) լուսանկարն է։ Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել