Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 03,2000 00:00

ԵԹԵ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՓՈԽԵԼ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ Նաիրի Բադալյանն իր նկատմամբ Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանում կիրառված բռնությունների փաստն ապացուցելու նպատակով դատաբժշկական փորձաքննության ուղեգիր էր վերցրել ՆԳՆ-ից։ «Առավոտին» հայտնի դարձավ, որ փորձաքննության եզրակացությունն արդեն պատրաստ է։ -Դուք ձեռքի տակ ունե՞ք դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։ – Արդյունքներին ծանոթացել եմ հուլիսի 31-ին ՆԳՆ անձնակազմի գծով վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Զավեն Զոլոյանի աշխատասենյակում։ Փորձեցի նրանից ստանալ եզրակացության մի օրինակը։ Նա պատասխանեց, որ իրենք չեն կարող ինձ պատճեն տրամադրել եւ գործող կարգի համաձայն՝ իմ դիմումի համաձայն, ինձ պատճեն պետք է տրամադրվի դատաբժշկական փորձաքննության հանրապետական կենտրոնում։ Երեկ առավոտյան գնացի կենտրոն՝ դիմում տալու ցանկությամբ։ Սակայն Երեւան քաղաքի բաժնի պետ Մանուկյանը ասաց, որ այդպիսի կարգ գոյություն չունի, եւ ինձ պատճեն տրամադրելու համար իրենք կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել։ Այսինքն, ինձ պատճեններ կարող է տրամադրել միայն այն մարմինը, որի գործուղման հիմքով ես գնացել էի նրանց մոտ ստուգման։ Իսկ դա ՆԳՆ-ի այդ վարչությունն է։ – Այսուհանդերձ, Դուք կարդացել եք փորձաքննության եզրակացությունը։ Ի՞նչ է արձանագրվել։ – Փորձաքննությունն արձանագրել է իմ վրա եղած մի շարք վնասվածքների հետքերի առկայությունը։ Ընդ որում, ընդգծված է, որ դա ցերեկային լույսի տակ, առանց լրացուցիչ լուսավորման է զննվել։ Վնասվածքների հետքեր են արձանագրվել ոտքերիս. 6-ը մի ոտքիս վրա եւ 5-ը՝ մյուսին։ Ընդ որում, արձանագրված է, որ դրանք բութ գործիքի հարվածի հետքեր են։ Արձանագրվել է ատամներիս վիճակը՝ ջարդվածքները։ Արձանագրվել է քթի միջնապատի թեքությունը (պարզ ասած՝ քիթն էլ է ջարդված, որ երեւում է անգամ անզեն աչքով- Ա. Ի.)։ Ճիշտն ասած, եզրակացությունն ինչ-որ առումով կիսատ-պռատ ու թերի է։ Քանի որ, ըստ դատաբժշկական փորձագետների եզրակացության, եթե ջարդվածքների հետքերի առաջացման պատճառները հայտնի են, որ դրանք հարվածների հետեւանք են, ապա առաջացման ժամկետները հնարավոր չէ որոշել վաղեմության պատճառով։ Թեպետ ինձ համար սա խիստ անհասկանալի է, որովհետեւ անհրաժեշտության դեպքում 10-ամյակներ առաջ զոհվածների դիակներ են հանում եւ դատաբժշկական փորձաքննությունից հետո այդ քայքայված դիակները քրեական գործերում մեղադրանքներ հարուցելու հիմք են հանդիսանում (եւս մի օրինակ հավելենք. Արծրուն Մարգարյանի վերաբերյալ փորձաքննությունը կրակոցների միջեւ ընկած ժամկետն էլ էր նշել, որ նա կրակել էր կրծքավանդակին, իսկ դրանից 15-30 րոպե անց՝ գլխին։ Եվ որ կրծքավանդակին արձակված կրակոցից հետո նա դեռ կարող էր քայլել, կանգնել, ատրճանակ գործածել- Ա. Ի.)։ Այնպես որ, այս առումով կենդանի եւ ոչ հեռավոր անցյալի տեսանելի, նկատելի հետքերի վաղեմությունը ճշտել չկարողանալն ինձ համար մի քիչ տարակուսելի է։ – Եթե չեմ սխալվում, Դուք կարող եք բողոքարկել այս եզրակացությունը եւ կրկնակի փորձաքննություն պահանջել։ – Ճիշտն ասած, տեղյակ չեմ, որ նման իրավունք ունեմ։ – Իսկ եթե հաստատվի, որ ունեք այդ իրավունքը, մտադի՞ր եք օգտվել այդ հնարավորությունից։ – Սկզբունքորեն դրա անհրաժեշտությունն էլ չկա։ Այն առումով, որ ես փաստորեն երեք մեկուսարաններում եմ եղել՝ ռազմական ոստիկանության, ԱԱՆ-ի եւ Նուբարաշենի, որոնցից յուրաքանչյուր հաջորդում ինձ ստուգել են եւ իմ վրա երբեւիցե այդպիսի հետքեր չեն արձանագրվել։ Ինչպես ռազմական ոստիկանության, այնպես էլ ԱԱՆ-ի մեկուսարաններում որեւէ հակաօրինական արարք իմ նկատմամբ չի կատարվել։ Դեկտեմբերի 3-ին ինձ տեղափոխել են Նուբարաշենի մեկուսարան, որտեղ էլ կիրառվել են այդ ֆիզիկական պատժամիջոցները։ Ինձ համար զարմանալի է նաեւ այն, որ, պարզվում է, իմ բժշկական տեղեկանքներում, որոնք պահանջել եւ ստացել էր դատաբժշկական փորձագետների խումբը եւ դրանց հիմքի վրա էլ եզրակացություն կառուցել՝ միակ գրառումն այն է եղել, որ հունվարի 27-ին ես բժիշկ եմ պահանջել, որն ինձ օգնություն է ցուցաբերել ռադիկուլիտից եւ ինձ ինչ-որ հաբեր տվել։ Ես ռադիկուլիտով երբեւէ հիվանդ չեմ եղել։ Իսկ հունվարի 27-ն այն ժամանակահատվածն է, երբ ես պատի տակ կանգնեցված էի, շարունակաբար գիտակցության կորուստներ էի ունենում եւ շարունակաբար բժիշկ պահանջում։ Վստահ չեմ՝ կարող էր դա նաեւ 27-ին լինել՝ այդ օրերին ինձ մի քանի անգամ բժշկական սպասարկում է մատուցվել։ Լրիվ ուրիշ բանի համար ցուցաբերված օգնությունը ձեւակերպվել է որպես ռադիկուլիտի դեմ հիվանդի բողոք։ – Այդ համակարգի նախկին ներկայացուցիչներից մեկը պնդում էր, թե Նուբարաշենի մեկուսարանում Ձեզ այցելել էին թե՛ Կարմիր խաչի, թե՛ Մարդու իրավունքների հանձնաժողովի իրավապաշտպանները եւ մանրամասն զննել, տնտղել Ձեր մարմինը, պարզելու համար, թե բռնարարքների հետքեր կա՞ն արդյոք։ Պաշտոնյան պնդում էր, թե որեւէ հետք չի արձանագրվել եւ անգամ կա այս ամենը հաստատող տեսագրություն։ – Այդպիսի բան չի եղել։ Մարդու իրավունքների հանձնաժողովն ինձ երբեւէ չի այցելել։ Դեռ ավելին։ Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Վարդան Հարությունյանն ինձ վստահեցրել է, թե իմ հարցով հետաքրքրվել է, եւ Նուբարաշենում ասել են, թե ես պահվում եմ ԱԱՆ-ի մեկուսարանում։ Իսկ ԱԱՆ-ում էլ պարզել է, որ ես այնտեղ չեմ։ Չեմ բացառում, որ այն օրերին, երբ Մարդու իրավունքների հանձնաժողովն այցելում էր մեկուսարաններ, ես գտնվել եմ այն վիճակում, որ հենց արտաքին զննման առումով նպատակահարմար չի համարվել թույլատրել ինձ այցելելը։ Կարմիր խաչն ինձ այցելում էր երեւի 1-1,5 ամիսը մեկ պարբերականությամբ, բայց էլի այդ կարգի զննություն երբեք չի եղել։ – Քանի որ դատաբժշկական փորձաքննությամբ անհնար եղավ հաստատել, որ Դուք բռնությունների եք ենթարկվել հենց Նուբարաշենի մեկուսարանում, ուրեմն անհնար է իրագործել այն նպատակը, որ կարծես ինքներդ ձեզ առաջադրել էիք։ Այն է, որ անպայման պատասխանատվության ենթարկվեն բռնարարքների բոլոր կազմակերպիչներն ու կատարողները։ – Ոչ։ Ճիշտն ասած, ինձ համար այդ կարգի նպատակ չեմ արձանագրել, որ անպայման պիտի պատժվեն։ Ես ուղղակի իրավապահ համակարգի վերաբերյալ ուզում եմ ծանուցում տալ հասարակությանը, թե ինչ է կատարվում մեկուսարաններում, դատախազությունում։ Դրանից հետո թող հասարակությունը նոր որոշի, թե ինչ համակարգ է իրեն պետք։ Անձնական խնդիր չէ, որ ես լուծում եմ։ Եվ այս նպատակի իրականացումը անհնար չի դարձել։ Դեռ ավելին՝ միանգամայն հնարավոր է, քանի որ ստույգ է, որ ինձ վրա այդ հետքերը սկզբնապես չեն եղել։ Դեռ ավելին՝ այլ փաստեր էլ կան, որոնց վերաբերյալ փակագծերն առայժմ չեմ ուզում բացել։ Ի դեպ, ընդամենը մի պարզ տրամաբանական հարց էլ եմ ուզում տալ։ Ես Նուբարաշենի մեկուսարանի աշխատակիցներից սկսած՝ ղեկավարությամբ ավարտած, ոչ մեկի հետ երբեւէ չեմ շփվել ու ծանոթ չեմ եղել, ինչպես եւ ԱԱՆ-ի կամ ռազմական ոստիկանության մեկուսարանների աշխատակիցներին։ Այդ ո՞նց եղավ, որ սկսեցի մեկի մասին խոսել, որ ինձ վատ են վերաբերվել, երկուսի մասին, որ ինձ լավ են վերաբերվել։ … Ես ցանկանում էի լրագրային՝ «եղել է-չի եղել», անձնավորված մակարդակի բանավեճից այս հարցը տեղափոխել իրավական հարթություն։ Քանի որ, եթե հնարավորություն կա ինչ-որ բան փոխել այդ համակարգում՝ գոնե այս կարգի հասարակական ուշադրություն գրավող գործերի արդյունքում կարելի է ինչ-որ բան փոխել այս երկրում։ Եթե դա ի վերջո հնարավոր է… Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել