Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 03,2000 00:00

ՄԵՂՐԻԻ ՄԱՍԻՆԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ Ոմանց կարող է տարօրինակ թվալ կամ անգամ նյարդայնացնել մեր հետաքրքրասիրությունը Հայաստանի հարավային դարպասը հանդիսացող Մեղրիի նկատմամբ։ Բայց սրա պատճառը միայն այն է, որ իրականում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում Մեղրիի հարցն ամենեւին էլ օրակարգից դուրս չի եկել։ Վերջին անգամ այս հարցին անդրադարձել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Քլաուս Փիթեր Քլայբերը։ Վերջինս լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանել էր, թե տարածքների փոխանակման հնարավորությունը քննարկվել է ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի հետ։ Բնականաբար, փաստարկելով, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները խիստ կոնֆիդենցիալ են, պարոն Քլայբերը որեւէ մանրամասն այս մասին այդպես էլ չէր հաղորդել։ Լռում են նաեւ հայաստանյան իշխանությունները կամ, ավելի ճիշտ, նրանք, ովքեր քաջատեղյակ են այս բանակցություններին եւ Արեւմուտքին հավաստիացնում են, թե ղարաբաղյան թնջուկի լուծումը վերջնական փուլում է։ Վաղուց արդեն մամուլում եւ քաղաքական շրջանակներում խոսվել է այն մասին, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը՝ տարածքների փոխանակման համատեքստում, նպաստեց հոկտեմբերի 27-ի ոճրագործության իրականացմանը։ Դեռ անցյալ տարի, իսկ ավելի ստույգ՝ այս ոճրագործության զոհերի հոգեհանգստի ժամանակ, Հայաստան այցելած՝ այն ժամանակ դեռ ՌԴ վարչապետ, Վլ.Պուտինն ու պետդումայի նախագահ Գ.Սելեզնյովը հայտարարեցին, թե ահաբեկչության թիրախները՝ Կ.Դեմիրճյանն ու Վ.Սարգսյանը, Ռուսաստանի մտերիմ բարեկամներն էին, եւ հասկացնել տվեցին, թե կատարված ահաբեկչությունն անուղղակիորեն ուղղված էր նաեւ Ռուսաստանի դեմ։ Նման մեկնաբանություններ հետագայում հնչեցին ե՛ւ ռուսական հեռուստատեսությամբ, ե՛ւ տեղ գտան մամուլի էջերում։ Վերջերս միայն Իրանի մի պաշտոնատար անձի հետ զրույցի ժամանակ վերջինս էլ կարծիք հայտնեց, թե հոկտեմբերի 27-ի գործով նախաքննական մարմինն այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ հայտնաբերել ահաբեկչության իրական պատվիրատուներին։ «Շատ բան արվեց, որպեսզի այս ահաբեկչության պատվիրատուների իրական հետքը թաքցվի, եւ, որ նախաքննական մարմինը սխալ ուղի ընտրի»,- ասաց իրանցի պաշտոնյան։ Նա նկատի ուներ Արեւմուտքն ու վերջինիս հնարավոր դերակատարումն այս հարցում։ Որոշ վերլուծաբաններ, երբ փորձում են քննարկել հոկտեմբերի 27-ի դեպքերը, հանգում են այն տեսակետին, որ այս մասշտաբի ծրագրավորված սպանությունն ի զորու էին իրականացնել միայն հատուկ ծառայությունները, որոնք իրենց հենարանը Հայաստանում, անշուշտ, ունեին։ Այս տեսակետից չափազանց հետաքրքրական է Ինտերնետի միջոցով տարածված մի տեղեկություն, որը, թեեւ թվագրված է 1999թ. նոյեմբերի 2-ով, բայց, չգիտես ինչու, միայն վերջերս է հայտնվել։ Այս հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է՝ «Ինչպես տեղեկացնում են էլեկտրոնային հետապնդումների հետ կապ ունեցող ռուսական կառույցները, ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթրոուբ Թելբոթը Վաշինգթոնին զեկուցել է Հայաստանում կատարված օպերացիայի կատարյալ հաջողության մասին»։ Ըստ նույն տեղեկատվության, այս հաղորդագրության ենթատեքստն այն է, որ Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության նպատակը եղել է Հայաստանի իշխանությունների վերին օղակներում Ռուսաստանի ամենահետեւողական կողմնակիցներից երկուսի չեզոքացումը։ Ըստ նույն տեղեկատվության, հեղաշրջման երկրորդ փուլում վարչապետի եւ խորհրդարանի նախագահի պաշտոններում պետք է նշանակվեն «փափուկ գծի կողմնակիցները»։ Օպերացիայի երրորդ փուլում պետք է փոխվեն ուժային կառույցների ղեկավար կազմերը եւ այլն։ Հիշեցնենք, որ Թելբոթի այցի առնչությամբ արեւմտյան մամուլը գրել էր. «Ս. Թելբոթի այցի արյունոտ հետագիծը»։ Այս տեղեկություններն ավելի անմեղ կարող էին թվալ, եթե չլիներ մեկ հանգամանք։ Բանն այն է, որ 99-ի հոկտեմբերի 27-ին նույն Ս.Թելբոթը Հայաստանում է եղել։ Ավելին, այդ օրը, ըստ հավաստի տեղեկությունների, նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանը կառավարությունից դուրս է եկել առավոտյան, ժամը 11-ի կողմերը եւ այլեւս կառավարություն չի վերադարձել։ Մինչեւ խորհրդարանական հարցուպատասխանին մասնակցելը՝ նա շուրջ 4 ժամ եղել է նախագահի նստավայրում։ Այստեղ ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ քննարկումներ են եղել Ռ.Քոչարյանի, Ս.Թելբոթի, ԱԳ նախարար Վ.Օսկանյանի եւ Վ.Սարգսյանի մասնակցությամբ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ քննարկման առարկա է եղել նաեւ Մեղրին, որի վերաբերյալ Վ.Սարգսյանը խիստ կարծր դիրքորոշում ուներ։ Տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, ըստ ԱԳՆ-ից ստացված տեղեկությունների, պարոն Թելբոթը Հայաստանից մեկնել եւ վերադարձել է արդեն հոկտեմբերի 29-ին՝ ցավակցություններ փոխանցելու համար։ Երբեւէ այլեւս նա Հայաստան չի այցելել։ Այս համատեքստում չափազանց հետաքրքիր են նաեւ ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի եւ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի պաշտոնական այցերը ԱՄՆ, ուր ամենատարբեր հանդիպումների ժամանակ քննարկման առարկա է եղել Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը։ Սա միանգամայն բնական է, բայց բանն այն է, որ Հայաստանում ոչ ոք տեղյակ չէ, թե այս հանդիպումների ժամանակ հարցն ի՞նչ տեսանկյունից է քննարկվել, եւ հարցի կարգավորման ի՞նչ տարբերակներ են նկատի առնվել։ Չար լեզուներն ասում են նաեւ, թե ԱՄՆ մեկնած հայաստանյան պաշտոնյաները որոշակի ակնկալիքներ են ունեցել այս հանդիպումներից, որոնք ի դերեւ են ելել։ Կոնկրետ ի՞նչ ակնկալիքներ. մեր աղբյուրներն առայժմ խուսափում են ասել, թեեւ որոշակի կասկածներ այս առումով կան։ Հատկապես այս օրերին տեղական դիտորդներից ոմանք կրկին հիշեցին ժամանակին մտահոգության առիթ հանդիսացած այն հանգամանքը, որ ԱՄՆ դեսպանատունը չափազանց մոտ է ե՛ւ ՀՀ նախագահի նստավայրին, ե՛ւ Ազգային ժողովին, ինչը պետական անվտանգության տեսակետից խիստ վտանգավոր է։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել