Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 02,2000 00:00

Հետքերը թաքցնելու ժամանակը Ազգային երեսփոխանները վերջապես մեկնեցին վաստակած հանգստի։ Հակոբ Պարոնյանը վերջիններիս հանգստի մասին քիչ բան է հիշատակում, բայց փոխարենը աշխատանքային գործունեության մասին մի միտք է թողել, որը խիստ ժամանակակից է նաեւ այսօրվա համար. «յոթ նիստ ըրինք եւ յոթ նիստի մեջ բան մը չըրինք»։ Մեր ժամանակի հերոսները գուցե այստեղ ընդդիմախոսեն, «ըսելով»՝ իսկ ցանցերն ո՞վ սեփականաշնորհեց, արժեթղթերի մասին ո՞վ օրենք ընդունեց (եւ այսպես մի քանի տասնյակ օրենքի նախագիծ եւ օրենք կներկայացնեն)։ Եթե աշխատել են, ուրեմն նաեւ հանգստի իրավունք ունեն, մանավանդ Սահմանադրությունը լիուլի դրա իրավունքը տալիս է։ Մինչ ազգային երեսփոխանները կմեկնեն ամառային հանգստի, ԱԺ-ի շենքում սկսվել են վերանորոգման աշխատանքները։ Հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններից հետո հետքեր մնացին նաեւ ԱԺ-ի դահլիճում եւ միջանցքներում։ Այս հետքերը եւ ոճրագործության լուռ վկաները պատգամավորների եւ լրագրողների վրա ծանր են ազդում։ Վնասի նյութական չափը հաշվարկվել է 12 միլիոն դրամի չափով։ Թեպետ հոկտեմբերի 27-ի գործը դեռեւս դատարան չի մտել, բայց որոշում է կայացվել 27-ի հետքերը խորհրդարանի դահլիճից եւ միջանցքներից վերացնելու մասին։ ԱԺ-ի շենքին ուրիշ նորություններ էլ են սպասվում։ Դեմիրճյան փողոցի կողմից կկառուցվի նոր շինություն, կտեղադրվեն մետաղորսիչներ։ ԱԺ երկրորդ գումարման չորրորդ նստաշրջանին պատգամավորները կմասնակցեն մետաղորսիչների տակով անցնելուց հետո։ Հատուկ սրահ կլինի զինված պատգամավորների համար։ Այն անձինք, ովքեր զենք կրելու օրինական թույլտվություն ունեն, խորհրդարան մտնելուց առաջ իրենց զենքը կթողնեն վերոհիշյալ սրահում։ Ամառային հանգստի մասին խոսելիս, անպայման միջոցների հարցն է ծնվում։ Պատգամավորները եւս սոցիալական խնդիրներ ունեն եւ, ըստ պաշտոնական աղբյուրների, զրկված են տարրական հանգստի իրավունքից։ Թեպետ ամբողջ տարին աշխատել են հանուն ազգի բարօրության, բայց հայրենի հանգստյան տներում հանգստանալու հաճույքից զրկված են։ Ջերմուկի, Հանքավանի, Կապանի եւ Սեւանի հանգստյան տների ուղեգրերը եկած ճամփով ետ վերադարձան։ Ոչ մի պատգամավոր չհետաքրքրվեց դրանցով։ Միակը, որ այդ բանն արեց, Տիգրան Թորոսյանն էր, նրան էլ կաշկանդեցին խիստ բարձր գները։ Հասարակ, մահկանացու պատգամավորները սովորական արձակուրդի մեկնելու իրավունք ունեն, իսկ հանձնաժողովների նախագահները եւ խմբակցությունների ղեկավարները պետք է աշխատեն։ Թեպետ նրանցից երկուսը՝ պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը եւ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանն արձակուրդ մեկնելու դիմումներ են ներկայացրել։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել