Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 02,2000 00:00

ԲԱՇԽԵ՞Լ, ԹԵ՞ ՉԲԱՇԽԵԼ Բաշխիչ ցանցերի մասնավորեցման եւ վաճառքի պայմանագրի քննարկումներն ինքնին այնքան հետաքրքիր չէին, որքան այդ քննարկումների արդյունքները։ 131 օրենսդիրներից 63-ը այս օրինագծին «կողմ» էին քվեարկել։ Իհարկե, ըստ Սահմանադրության 75 հոդվածի, բաշխիչ ցանցերի վաճառքին վերաբերող օրինագիծը պետք է ընդունվեր պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Սակայն, ինչպես միշտ, իշխանություններին այս անգամ էլ հաջողվեց օրինագիծն անցկացնել առանց պահանջվող 66 ձայնի։ Մեր բոլոր ժամանակների վարչապետները հասարակության մեջ հայտնի են իրենց օրոք կնքված խայտառակ գործարքներով, որոնք, ավելի ուշ, վերջիններիս դատափետման հիմք են հանդիսացել։ Եվ եթե Ռ.Քոչարյանի անունը ասոցիացվում է «ԱրմենՏելի», Արմեն Դարբինյանինը՝ Երեւանի կոնյակի գործարանի եւ «Արմենիա» հյուրանոցի վաճառքի հետ, ապա Անդրանիկ Մարգարյանի անունն ասոցիացվելու է բաշխիչ ցանցերի վաճառքի հետ։ Ով գիտե, գուցե այս իշխանությունների տապալումից հետո էլ օրենսդիրները մի-մի հանձնաժողով կստեղծեն հիշյալ գործարքների օրինականությունն ու արդյունավետությունը քննելու համար։ Իսկ առայժմ, դատելով միայն օրինագծի քվեարկության արդյունքներից, շատ հետաքրքիր հետեւությունների կարելի է հանգել։ Այսպես, պարզվում է, որ սոցիալիստ դաշնակներն ավելի ազատական են, քան, ասենք, ՀԺԿ-ն կամ «Իրավունք եւ միաբանություն» դաշինքը։ Դե, դաշնակցությունն, ըստ երեւույթին, դեռ շարունակում է ՀՀ նախագահի «լավության տակից դուրս» գալու պրոցեսը, որ սկզբնավորվել է դեռ 98-ին՝ ՀՅԴ վերաբացումից ի վեր։ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն էլ հայտնվել է, մեղմ ասած, անհարմար վիճակում։ ԱԺՄ խմբակցության մի մասը օրինագծին «կողմ» է քվեարկել, մի մասը՝ «դեմ»։ Ու քանի որ իրավիճակը շատ նրբին էր, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ընդհանրապես նիստին չի մասնակցել։ Իհարկե, այլ դեպքերում, ինչպես օրինակ, նախորդ խորհրդարանում, երբ քննարկվում էր էլեկտրաէներգիայի սակագների սառեցման հարցը, պարոն Մանուկյանն անհրաժեշտ էր համարել գալ եւ «կողմ» քվեարկել օրինագծին՝ ապացուցելու համար, որ ինքը ժողովրդի կողմից է։ «Հայաստան» խումբն էլ, մինչեւ վերջ չէր կողմնորոշվել, եւ այստեղ կային եւ «կողմ» եւ «դեմ» քվեարկած պատգամավորներ՝ նայած, թե ում անձնական շահն ինչ էր պահանջում։ Ասել կուզենք, թե բաշխիչ ցանցերի վաճառքի հարցը ոչ թե գաղափարական կամ քաղաքական հարց էր, այլ շատ նեղ անձնական, որովհետեւ օրինագծին «կողմ» քվեարկած պատգամավորներից ամեն մեկը կորցնելու բան ուներ՝ սեփական բիզնեսը։ Օրենքին «կողմ» քվեարկած պատգամավորների մեծ մասը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ էին եւ նրանք, ըստ էության, չէին կարող «դեմ» քվեարկել, որովհետեւ այսպես էր պահանջել կուսակցության նախագահ եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Մյուս պատգամավորներից մեկը, ասենք՝ Պարույր Կարապետյանը, «Սեբաստիա» հյուրանոցի տերն է, Հարություն Փամբուկյանը բենզալցման ապօրինի կետեր ունի Աջափնյակում՝ Թումանյան այգու հարեւանությամբ։ Պատգամավոր Լեւոն Սարգսյանը «Երեւանի ալրաղաց» բաժնետիրական ընկերության փոխնախագահն է։ Խաչատուր Սուքիասյանը, բացի լիբերալ լինելուց, նաեւ գործարար սեփականատեր է։ Հարություն Ղարագյոզյանը՝ նույն ինքը «Կարամելի Հարութը», ոչ միայն ձեռնարկատեր է, այլեւ որոշ տեղեկությունների համաձայն, նաեւ երթուղային տաքսիների իր «գիծն» ունի։ Հովհաննես Քոչինյանն ամենաքիչը Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի հարազատ եղբայրն է։ Հակոբ Հակոբյանը՝ «Ճոյտը», հյուրանոցային համալիր ունի եւ այլն։ Վահրամ Բաղդասարյանը Վանաձորի «Կահույք» ԲԲԸ նախագահն է։ Մոտ 20 հոգի, որ օրենքին «կողմ» են քվեարկել, «Կայունություն» խմբի պատգամավորներ են եւ կառավարության անդամ նախարարներ ունեն։ Մտավորականներ Ռոբերտ Ամիրխանյանն ու Դավիթ Հովհաննեսն էլ բիզնես չունեն, բայց դե մարդ են. ո՞վ գիտե, գուցե մեկը համերգներ կազմակերպելու պրոբլեմ ունենա, մյուսը՝ գիրք հրատարակելու։ Ստեփան Բարսեղյանն էլ, օրինակ՝ անշարժ գույքի պետկադաստրի Վարդենիսի պետձեռնարկության տնօրենն է, եւ այսպես շարունակ։ Մեկը բանկիր է, երրորդը պաշտոն ունի։ Իսկ ընդհանրապես, բանն այն է, որ Սահմանադրության 65 հոդվածն ի սկզբանե ոտնահարվել է եւ այսօրվա խորհրդարանն իրականում ամենեւին էլ պրոֆեսիոնալ չէ, այլ գործարարների ու սեփականատերերի ժողովարան։ Այս պարագայում որեւէ կառավարության համար ամենեւին էլ դժվար չէ նման պատգամավորներին աներեւույթ թելիկներով ձգել եւ ուղղորդել՝ ճիշտ այնպես, ինչպես եղավ բաշխիչ ցանցերի մասնավորեցման մասին օրենքի ընդունման ժամանակ։ Մի նկատառում եւս. դեռ 99թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, երբ խոսք էր գնացել բաշխիչ ցանցերի մասնավորեցման մասին, «Միասնություն» դաշինքի առաջնորդներ Կ.Դեմիրճյանն ու Վ.Սարգսյանը կարծիք էին հայտնել, թե իրենք սկզբունքորեն դեմ են դրան։ Ավելորդ չէ հարցնել, թե այս դեպքում վարչապետ Ա.Մարգարյանն ո՞ւմ ծրագիրն է իրականացնում՝ «Միասնությա՞ն», թե՞ նախագահ Քոչարյանի։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել