Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 02,2000 00:00

ԱԼՈ, ԱԼՈ, ՊՐՆ ԱՎԱԳՅԱՆ։ ԽՈՍԵՔ, ԷԼԻ – Սամվել Բաբայանի հայտարարության մեջ Ձեր կողմից օրենքի ոտնահարման մի քանի օրինակներ էին բերված։ Մասնավորապես, որ Դուք անուշադրության եք մատնել պարոն Բաբայանի՝ դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու, թույլ նիկոտին պարունակող ծխախոտ տրամադրելու, մաքուր օդ շնչելու թույլտվության դիմումը։ Ծառայողական հետաքննություն չի՞ սկսվել նրա բողոքի հիման վրա։ Այս հարցն «Առավոտն» ուղղեց ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամայիս Ավագյանին։ Բնականաբար՝ հեռախոսով։ – Ո՞ւմ դեմ, ի՞մ դեմ ծառայողական հետաքննություն։ Ես նման հարցերին հեռախոսով չեմ պատասխանում։ Այս կարճատեւ խոսքից հետո պրն Ավագյանը նպատակահարմար գտավ ավարտել մեր զրույցը եւ հեռախոսն անջատեց։ Ծառայողական քննություն սույն պաշտոնյայի նկատմամբ ակնհայտորեն չի սկսվել։ Սակայն, ամեն դեպքում, հարցի պատասխանը փորձեցինք գտնել Սամվել Բաբայանի փաստաբան Ժուդեքս Շաքարյանից։ «Ղարաբաղի դատախազությունը գոնե պարտավոր էր պատասխանել Սամվել Բաբայանի հայտարարությանը։ Սակայն քանի որ ԼՂ պաշտոնաթերթ «Ազատ Արցախում» ասել են, թե հայտարարության մեջ նշված փաստերն իրականությանը չեն համապատասխանում, հետեւաբար ավելորդ է խոսել ծառայողական հետաքննության մասին»։ ԼՂ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանը «Առավոտի» հարցին ի պատասխան՝ երկու շաբաթ առաջ ասել էր, որ քանի որ Ղարաբաղը չճանաչված պետություն է, ուստի այնտեղ գործում է «Մահապատժի մասին» օրենքը։ Իսկ Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքներից մի քանիսը մահվան ելք են ենթադրում։ Ժուդեքս Շաքարյանին ուղղեցինք հետեւյալ հարցը, թե որքանո՞վ է հավանական համարում Սամվել Բաբայանին մահապատժի դատապարտելը կամ դրա իրականացումը. «Ես չեմ ուզում դրա մասին նույնիսկ մտածել, քանի որ ազգային հերոսը դրան արժանի չէ։ Ճիշտ է, հոդվածները նման պատժատեսակ նախատեսում են, սակայն ես մահապատիժը հավանական չեմ համարում, քանի որ այդ հոդվածները հիմնավոր չեն»։ Ըստ պրն Շաքարյանի՝ մահապատժի դատապարտելն ու այն իրականացնելը անհավանական է նաեւ այնքանով, որ Հայաստանը Եվրախորհուրդ մտնելու հայտ է ստացել, իսկ Ղարաբաղի քրեական դատավարության օրենսգիրքը նույն Հայաստանի քրդատօրն է՝ «անգամ կազմը չեն փոխել՝ գրված է ՀՀ քր. դատ. օր.։ Ղարաբաղն ինքնուրույն չի կարող նման բան որոշել, առավել եւս՝ իրականացնել»։ «Առավոտը» ղարաբաղյան այլ աղբյուրից որոշեց ճշտել նաեւ Կարեն Բաբայանի ճակատագիրը։ Պարզվեց, որ նրա գործը թեեւ ծավալով անհամեմատ փոքր է Ս. Բաբայանի գործից, բայց դեռեւս չի ավարտվել։ Ասում են, որ նրա գործի ավարտը կախված կլինի Սամվել Բաբայանի դատավարության ելքից։ Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել