Փաստաբան Կրոմվել Գրիգորյանի բախտն ուղղակիորեն չի բերում։ Նրա դեմ հարուցված մի քր. գործի դատաքննությունը դեռ չավարտված (քաղաքացի Տ. Նիկողոսյանի հետ վիճաբանության, որն ընթացել էր ՀՀ գլխավոր դատախազության քննիչի առանձնասենյակում), մի նոր քր. գործ է հարուցվել։ Կրոմվել Գրիգորյանը, որը ստանձնել էր Ռուբեն Գեւորգյանի եղբորորդու՝ Արտյոմ Գեւորգյանի, պաշտպանությունը, հիմա էլ մեղադրվում է ՀՀ քր. օրենսգրքի 194 հոդվածով, այն է՝ «փաստաբանի կողմից իր պարտականությունները չարաշահելու», «վկաներին սուտ վկայության դրդելու…»։ Հուլիսի 24-ին դեռ Կ. Գրիգորյանը բողոքով դիմել է Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազ Ա. Անդրեասյանին, նաեւ՝ Երեւան քաղաքի դատախազ Ա. Թամազյանին (վերջինս, ըստ «Առավոտին» հասած լուրերի, օրերս սրտի վիրահատության է ենթարկվել)։ Փաստաբանի գնահատմամբ՝ իրեն վերագրվածը «հեքիաթներ են, եւ միտում ունեն իրեն հեռացնելու նախաքննությունից»։ Այնուհանդերձ, Կ. Գրիգորյանին «վարույթից հեռացնելու մասը հանվել է», իսկ քր. հոդվածը մնացել։
Երեկ մենք ստացանք նաեւ ՀՀ փաստաբանների միության խորհրդի հայտարարությունը։ Ըստ այդ հայտարարության. «ՀՀ վերաքննիչ դատարանում (քրեական եւ զինվորական գործերով) ս/թ օգոստոսի 3-ին ժ. 10.30-ին նշանակված է ՀՀ քր. օր.-ի 109 հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ, ՀՀ փաստաբանների միության անդամ Կրոմվել Գրիգորյանի նկատմամբ գործի քննությունը։ Միության խորհուրդը գտնում է, որ տվյալ գործով փաստաբանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռն անհիմն է, ուստի ՀՀ բոլոր փաստաբաններին կոչ է անում ներկա գտնվել հիշյալ դատաքննությանը եւ հնարավոր օրինական եղանակով պաշտպանել փաստաբանին»։
Ռ. Մ.