Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 02,2000 00:00

ՄՈՍԿՈՎՅԱՆ ՆՇՈՒՄՆԵՐ Մոսկվայում գրեթե ամեն քայլափոխի հայ ես տեսնում՝ փողոցներում, սրճարան-բար-ռեստորաններում, շուկաներում։ Ռուսաստան եւ հատկապես Մոսկվա արտագաղթած հայերի հստակ թիվը դժվար է ասել, բայց փաստն այն է, որ հոսքն անասելի մեծ է։ Մեծ մասը Հայաստանից հենց մշտական բնակության է մեկնում Ռուսաստան, մյուս մասը՝ ժամանակավորի անվան տակ հաստատվում է, հետո՝ տեղափոխվում։ Մոսկվայում հայերի հոսքի մասին ասացին, որ Հայաստանի Կրասնոսելսկի շրջանից որոշ գյուղեր ամբողջությամբ են տեղափոխվել Ռուսաստան՝ Մոսկվա։ Հայերը Մոսկվայում հատկապես ընդգրկված են շինարարական աշխատանքներում, շուկաներում՝ առեւտրի մեջ։ Շատ հայեր Հայաստանից կանաչի եւ ծիրան ու այլ մրգեր են տեղափոխում, հանձնում վաճառքի կամ հենց իրենք վաճառում։ Հայերից շատերն են զբաղված Մոսկվայում պետական կառույցներում կամ մասնավոր բիզնեսի մեջ։ Իհարկե, պետք է նկատել, որ տարիներ առաջ Հայաստանից Մոսկվա տեղափոխված հայերը աչքի են ընկնում լուրջ գործարարությամբ։ Կառուցել եւ հիմա էլ կառուցում են հսկա շինություններ, գրասենյակային եւ բնակարանային նորաոճ խոշոր շենքեր, բացում են ռեստորաններ, սննդի այլ օբյեկտներ, ժամանցի վայրեր։ «Լուսինե» վերականգնող-շինարարական կոնցեռնը, որի գլխավոր տնօրենն է Մուրադ Սարգսյանը, վերակառուցում է նախկին «Արարատ» ռեստորանը, Մոսկվայում հայկական եկեղեցին… Պրն Սարգսյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքներում ընդգրկված շինարարների 90%-ից ավելին հայեր են։ Տասնյակ գործարար հայեր կան միայն Մոսկվայում, որոնք մեծ գործունեություն են ծավալում։ Որքան էլ ցանկություն լինի, միեւնույն է, նրանց համար շատ դժվար է Հայաստանում գործել, քանի որ չկա գործարարի համար անհրաժեշտ կայուն՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ հասարակական-սոցիալական վիճակը։ Որեւէ գործ սկսելուց առաջ եւ հետո այնքան անտեղի, հաճախ արհեստական փակուղիներ են ստեղծվում, որ անիմաստ է դառնում դա անելը։ «Արմենիկումի» շուրջ դեռ մեկ տարի առաջ Հայաստանից Մոսկվայում սկսված աժիոտաժը, աղմուկը այսօր հօդս է ցնդում։ Բնակչությունն այլեւս նույն հավատն ու ոգեւորությունը չունի «Արմենիկումի» հանդեպ։ Յուրաքանչյուր դեղամիջոցի հաստատման համար երկար փորձաքննական փուլ է պահանջվում, եւ այս մեկ տարվա ընթացքում արդեն իսկ պետք է հրապարակվեին վիճակագրական տվյալներ, բուժված հիվանդների քանակի վերլուծական տվյալներ. սա գիտակցում են անգամ ոչ մասնագետները։ Միայն Կոլեսնիկովը բավարար չէ, մանավանդ որ նա էլ չի բուժվել։ Դեռ անցյալ տարի «Արմենիկումի» հայտնագործման մասին ՀՀ ԱԱ եւ ՆԳ նախկին նախարար Սերժ Սարգսյանի հայտարարությունը մեծ կասկածների եւ քաղաքական աստառի տեղիք տվեց։ Մոսկվայում գտնվելուս օրերին ձեռքս ընկավ մի գիրք «Արմենիկում. փորձարարական հետազոտություններ» վերնագրով, որը տպա-գրվել է 2000 թ. Երեւանում, «Գիտություն» հրատարակչությունում։ Գիրքը՝ որքան էլ զարմանալի է, տպագրվել է 500 օրինակով։ Գրքում տեղ են գտել մի շարք վերլուծական հոդվածներ, ինչպես «Արմենիկում» դեղապատրաստուկը որպես նոր հակավիրուսային եւ հակամանրէային հատկություններով օժտված դեղ» (հեղինակ՝ Ա. Ի. Իլյին), «Կամավորների եւ ճագարների մոտ յոդից անիոնի ֆարմակոկինետիկան «Արմենիկումի» ներերակային ներարկման պայմաններում» (Ա. Գ. Փանոսյան, Ա. Ս. Հովհաննիսյան, Մ. Ռ. Տիրակյան, Հ. Ա. Սարգսյան, Լ. Մ. Մկրտչյան, Է. Ս. Գաբրիելյան), «ՄԻՎ-ախտահարված հիվանդների մոտ ինտերֆերոնների համակարգի վրա «Արմենիկում» դեղապատրաստուկի ազդեցությունը» (Լ. Ա. Քամալյան, Մ. Հ. Գասպարյան, Զ. Ռ. Տեր-Պողոսյան, Ն. Գ. Ջաղացպանյան, Զ. Ա. Կարալյան, Ա. Ի. Իլյին) եւ այլն։ Գիրքը, իհարկե, մասնագիտական վերլուծության կարիք ունի, սակայն կոնկրետ արդյունքներ, քանակական-թվային փաստեր համաշխարհային չափերի աղմուկ բերած «Արմենիկում»-ի հայտնագործությամբ հետաքրքրվողները թերեւս չեն գտնի այս գրքում։ Մոսկվայում, այնուամենայնիվ, եթե անցյալ տարի խիստ դիմադրության, քննադատության արժանացավ «Արմենիկումը», ապա այս տարի երկուստեք լռություն էր տիրում թե՛ հայաստանցիների եւ թե՛ Ռուսաստանի ընդդիմախոսների շրջանում։ Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել