Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 01,2000 00:00

ԴԵՐԵՐԸ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ կիսապաշտոնական ու նախագահամետ լրատվամիջոցների քարոզչության մեջ նոր նրբերանգներ են հայտնվել։ Եթե մինչեւ վերջերս նրանք նախընտրում էին պաշտպանել բացառապես այդ գործով մեղադրվողների եւ կասկածվողների իրավունքներն ու շահերը եւ ձգտում լռեցնել տուժածների հարազատներին, որոնք պարզվում է, անգամ հայտարարություն անելու իրավունք չունեն՝ այժմ արդեն փորձ է արվում նոր լույսի ներքո ներկայացնել այն, ինչ կատարվել է հոկտեմբերի 27-ին։ Թվում է, գոնե մի հարցում տարակույս լինել չէր կարող, որ բոլոր իրավապահ մարմիններն իրենց պատասխանատվության բաժինն ունեն կատարվածի մեջ՝ չկանխելու, հանցավոր անփութության, ծառայական պարտականությունների պատշաճ չկատարման համար։ Մինչդեռ այդ շրջանում ՆԳ փոխնախարար, գեներալ Կառլոս Ղազարյանի վկայություններով մի նոր պատկեր է հյուսվում, թե իրավապահների աշխատանքն «իսկապես մի փոքր անկազմակերպ էր» միայն առաջին 15-20 րոպեին, իսկ հետո «նախագահի կողմից տրվեցին շատ հստակ հանձնարարականներ եւ ամեն մեկը կատարեց իրեն վստահված աշխատանքը»։ Իսկ ովքեր համարձակվում են կասկածներ ունենալ, թե այդ օրն ամեն ինչ այդքան էլ փայլուն ու հերոսական չէր՝ նախապես պիտակավորվում են, թե «իրականությունն այդպես ներկայացնում են նրանք, ովքեր այդ օրն անգամ դեպքի վայրում չեն եղել»։ «Հայուհի» հեռուստածրագրի հեղինակ, ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանը մեկն է նրանցից, ով այդ օրը եղել էր դեպքի վայրում, վերադարձել նիստերի դահլիճ, երբ բոլոր լրագրողներն արդեն հեռացել էին ԱԺ շենքից եւ տեւական ժամանակ մնացել այնտեղ, տեսել, թե իրավապահ մարմինները իրականում ինչ կազմակերպվածությամբ էին գործում։ Այժմ փորձել էր հերքել նորահյուս գրեթե հովվերգական պատկերը. «Քանի որ ինձ զարմացրել եւ զայրացրել էր Կառլոս Ղազարյանի հարցազրույցը։ Բայց այդ թերթի գլխավոր խմբագիրն ինձ պատասխանեց, թե իմ տեսածն իրենց չի հետաքրքրում։ Կարծում եմ, սա չի վկայում անաչառության, իսկական պատկերն իմանալու ցանկության մասին»։ Ըստ էության, լրագրողի ասելիքն այս դեպքում առավել հիմնավոր է, քանի որ նրա տեսածն արձանագրված է նաեւ տեսաժապավենի վրա։ «Երբ շենք էինք մտնում՝ միայն առաջին հարկում էին կուտակված զինված մարդիկ. ոմանք համազգեստով էին, ոմանք՝ քաղաքացիական հագուստով։ Երկրորդ հարկում համարյա մարդ չկար՝ մի երկու բժիշկներ էին, որոնք նիստերի դահլիճ մտնելու թույլտվության էին սպասում,- պատմեց Ռուզան Խաչատրյանը։- Երբ դահլիճից դուրս էի գալիս՝ մի նպատակ ունեի. իրավապահ մարմիններից, պաշտոնյաներից, իշխանություններից որեւէ մեկին գտնել ու պատմել, թե ինչ եմ տեսել։ Ի վերջո, բանակցել էի Նաիրի Հունանյանի հետ, նա ինձ, այսպես ասած, հանձնարարել էր հաղորդել, որ Ռոբերտ Քոչարյանը պիտի գա եւ այլն։ Ես փնտրում էի այդ մարդկանց։ Ինձ թվում էր, որ դահլիճից դուրս գամ՝ ինձ պիտի շրջապատեն, անգամ ձեռքերս ոլորեն, պարզեն, թե ով եմ, ինչու եմ մտել նիստերի դահլիճ եւ այլն։ Որեւէ մեկն ինձ չմոտեցավ»։ Ընդմիջենք, փոխանցելու համար, որ ըստ Կառլոս Ղազարյանի պատումի՝ հսկողության տակ էին վերցրել նիստերի դահլիճի բոլոր մուտքերը, ինչպես նաեւ ամբողջ 3-րդ հարկը. «Ես շոկային վիճակում, շատ երկար գնում էի միջանցքներով, չորս կողմս նայելով։ Ոչ մեկին չտեսա. միայն աշխատակազմից մի քանի հոգի էին վախեցած նայում դռների ետեւից։ 3-րդ հարկի աստիճանների մոտ նոր ինձ մոտեցավ զինված, բայց քաղաքացիական հագուստով մի անձնավորություն։ Ես եւ օպերատորը նրան ասացինք, որ դահլիճից ենք դուրս եկել եւ իր հետ միասին բարձրացանք։ Նա ասում էր, թե հարկավոր է տեսաժապավենը դիտել, քանի որ չգիտեն, թե քանիսն են, ովքեր են ահաբեկիչները (միայն գիտեին, որ նրանցից մեկը Նաիրի Հունանյանն է)»։ Տեսագրության մեջ պահպանված է, թե ովքեր էին սպանություններից շուրջ ժամուկես անց Կարեն Դեմիրճյանի առանձնասենյակում։ Իրավապահ պաշտոնյաներից այնտեղ էին ՆԳ փոխնախարար Հովիկ Հունանյանը եւ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։ Հիմնականում այնտեղ էին դահլիճից դուրս եկածները՝ Խոսրով Հարությունյանը, Հայկ Բաբուխանյանը, Արմեն Հակոբյանը, Մարտուն Մաթեւոսյանը։ Ռուզան Խաչատրյանը հավելեց նաեւ նրանց, ովքեր չէին հայտնվել տեսախցիկի առջեւ՝ Վահագն Խաչատրյանին, Ալեքսան Հարությունյանին։ «Մի քիչ ավելի ուշ եկավ նաեւ Տիգրան Հակոբյանը»։ Եղել են նաեւ զինված մարդիկ՝ տարբեր գերատեսչություններից. «Այնպիսի՜ խառնաշփոթ էր, այնպիսի՜ հրմշտոց, որ, հավատացեք, ավելի ուժգին շոկի մեջ ընկա այդ տեսարանից, քան նրանից, ինչ տեսել էի նիստերի դահլիճում։ Իրար հետ վիճում էին, մեկը մյուսին նկատողություն էր անում, թե՝ «մի քիչ կողք կանգնիր», հետեւում էր պատասխանը՝ «Դու ո՞վ ես, որ ինձ ասես, թե որտեղ կանգնեմ»։ Այ, այսպիսի վիճակ էր»։ Արժե՞ հավելյալ մեկնաբանել, թե որքանով է այս ամենը տեղավորվում այն նկարագրություններում, թե «մի փոքր» անկազմակերպվածությունը միայն առաջին 15-20 րոպեի ընթացքում էր։ «Ահաբեկիչները շենքից կարող էին հեռանալ անգամ սպանություններից ժամուկես անց»,- վստահ է Ռուզան Խաչատրյանը աչքի տեսածից եզրակացնելով. նրա հետ դահլիճ մտած երկու անծանոթ օպերատորներից մեկը դուրս գալուց հետո անհետացել էր։ Թերեւս ոչ ոք նրան չէր կանգնեցրել՝ ԱԺ նիստերի դահլիճի մուտքերի խի՜ստ հսկողության պայմաններում։ Նշենք նաեւ, որ Ռուզան Խաչատրյանը ԱԺ նախագահի առանձնասենյակում մնացել էր մինչեւ նախագահի այնտեղ գալը. «Ինձ հարցնում էին, թե ահաբեկիչները որտե՞ղ են կանգնած։ Ես բացատրում էի, թե դահլիճում որ մեկը, ինչ զենքով եւ որտեղ է կանգնած։ Այդ պահին եկավ Ռոբերտ Քոչարյանը։ Ես նրան փոխանցեցի այն պայմանները, որոնք առաջ էին քաշել ահաբեկիչները, ցույց տվեցի նկարածս սխեման։ Այնուհետեւ Քոչարյանն ասաց. «Ավելորդ մարդիկ թող դուրս գան սենյակից»։ Շատերի հետ՝ ես էլ դուրս եկա»։ Հնարավոր չէ բացառել, որ հենց նախագահի ժամանումից հետո նրա «շատ հստակ հանձնարարականների շնորհիվ» խառնաշփոթ այս պատկերը կանոնակարգվեց։ Համենայնդեպս մինչեւ ժամը 11-ը շենքում մնացած լրագրողը չէր տեսել եւ չի պատկերացնում, թե ինչ հստակ գործողություններ են ծավալել իրավապահները։ «Ինձ հուզում եւ հանգիստ չի տալիս անցած ամիսների ընթացքում այս մի հարցը, թե ինչու էր ընդհանրապես հնարավոր հոկտեմբերի 27-ը։ Ես քաղաքական պատճառները նկատի չունեմ (դա առանձին խոսակցություն է), այլ գործողությունների իրականացման՝ այդ տեխնիկական մեխանիզմը,- ասաց Ռուզան Խաչատրյանը։- Տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ, որոնք պատասխանատու էին այս ամենի համար՝ չեն զգում այդ պատասխանատվությունը, իրենց արած-չարածի, բացթողումների համար մեղքը։ Հիմա էլ, արդարանալու փորձ է արվում։ Հոկտեմբերի 27-ից հետո որեւէ պաշտոնյա չկանգնեց ու չասաց, որ ինքը որեւէ բանում թերացել է կամ ինչ-որ սխալ է թույլ տվել։ Միայն Սուրեն Աբրահամյանը սուսուփուս հրաժարական տվեց։ Եվ վերջ։ Որեւէ մեկն իրեն մեղավոր չզգաց կատարվածի մեջ»։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն անգամ հայտարարում էր, թե ինքը մեղավոր է միայն նրանում, որ Վազգեն Սարգսյանին սպանել են, իսկ ինքը կենդանի է մնացել։ Հոկտեմբերի 27-ի առնչությամբ հասարակական կարծիքի հետ արվող, ըստ մեր զրուցակցի, «մանիպուլյացիաներն ու խաղերն» այսքանով չեն ավարտվում. «Մամուլում փորձեր են արվում ինչ-որ մեղադրանքներ ուղղել տուժածների, նրանց բարեկամների ու մտերիմների հասցեին, խախտվում են ոչ միայն իրավական, այլ նաեւ բարոյական բոլոր նորմերը եւ օրենքները։ Ասենք, հայտարարում են, թե զոհվածների հարազատները հետապնդում են քաղաքական շահեր եւ այլն։ Այդ թվում շահարկվում է, թե Ստեփան Դեմիրճյանը ցանկանում է դառնալ ԱԺ նախագահ, որ անընդհատ հիշեցնի հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման անհրաժեշտության մասին։ Այսինքն, տրամադրվածություն կա մոռանա՞լ բացահայտման մասին՝ իբր հանուն ներքաղաքական կայունության։ Ի՞նչ է, այդ կայունությանը հարազատների «նվնվո՞ցն» է միայն խանգարում։ Ինչեւէ, ինձ թվում է, որ այն մարդիկ, որոնք ծրագրել էին հոկտեմբերի 27-ը՝ ծրագրավորել էին նաեւ այս ամենը, այսինքն նախաքննության տապալումը, կազմակերպիչների չբացահայտելը։ Թեպետ ես գիտեմ, որ նրանք վաղ թե ուշ բացահայտվելու են. ինչքան շուտ՝ այնքան լավ երկրի համար»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել