ՇՈԳԻՑ ՔՇՎԱԾՆԵՐԸ Անցած շաբաթվա վերջում հեռացումների մի երկար շարան սկսվեց։ ՀՀԿ-ից հեռացվեց Ռուբեն Գեւորգյանը, ՀԺԿ-ից՝ Արմեն Հակոբյանը, «Կայունությունից»՝ Վրեժ Շահգելդյանը։ Հեռացումների այս գործընթացին այս շաբաթ պետք է որ հաջորդեին «ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ», «անեծք, անեծք, մինչեւ վերջ», «տո՛, դու ո՞ւմ ես վռնդում» եւ այս որակի բազմաթիվ այլ կարգախոսներով ելույթներ։ Սակայն կուսակցություններից եւ պատգամավորական խմբից հեռացվածները զարմանալիորեն զուսպ պահվածք են որդեգրել։ ՀԺԿ տարածքային կազմակերպությունների պահանջով «խստագույնս» դատապարտված ԱԺ խոսնակ Արմեն Խաչատրյանը եւ Հմայակ Հովհաննիսյանը ոչ մի կերպ չեն արձագանքում իրենց «խստագույնս» դատապարտված լինելու դեմ։ Արմեն Խաչատրյանի պարագայում հասկանալի է լռությունը՝ պարոն խոսնակը բանուգործ թողած դեռ հանգստանում է Ղրիմում։ Հմայակ Հովհաննիսյանը, եթե առաջին անգամ բացակայել էր ԲՑ-երի սեփականաշնորհման նիստից, ապա երկրորդ անգամ մասնակցել է նիստին, բայց՝ չի քվեարկել։ Վերջին շրջանում անընդհատ սպասում կար, որ ՀԺԿ-ից Հմայակ Հովհաննիսյանն էր պոտենցիալ հեռացող։ Որքան էլ զարմանալի է, այս կուսակցությունից հեռացվեց ուրիշ անդամ։ Աջափնյակի ՀԺԿ տարածքային կազմակերպության որոշմամբ կուսակցությունից հեռացված Արմեն Հակոբյանին խնդրեցինք ներկայացնել իր կարծիքը կուսակցության այսպիսի դիրքորոշման վերաբերյալ։ Հիշեցնեմ, որ ՀԺԿ-ն որոշել էր դեմ քվեարկել էներգետիկ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման մասին օրենքի նախագծին։ Արմեն Հակոբյանը, փաստորեն, կուսակցության որոշմանը դեմ գնալով, «կողմ» է քվեարկել։ Մեր հարցերին պարոն Հակոբյանը մեկ ընդհանրական պատասխան տվեց, ասելով. «Դատավորը թող ժամանակը լինի»։ Արմեն Հակոբյանի կարծիքով, ամենքը պետք է ազատ լինեն իրենց գաղափարներում. «Ես քվեարկել եմ այնպես, ինչպես ճիշտ եմ գտել։ Սկզբունքը պետք է տարբերել ճիշտ որոշումից»։ Արմեն Հակոբյանը մեզ ասաց նաեւ, որ ինքը ՀԺԿ-ի անդամ է դարձել Կարեն Դեմիրճյանի անձը հարգելով եւ ՀԺԿ-ի շնորհիվ է մտել քաղաքականություն. «Եթե կուսակցությունը վերջնական որոշում կայացնի ինձ հեռացնելու մասին, ես չեմ փնովի այդ կուսակցությանը, ես դրա իրավունքը չունեմ»։ Արմեն Հակոբյանի կարծիքով՝ ճիշտ կլինի, որ ՀԺԿ-ն շարունակի այնպես, ինչպես սկսել էր Կարեն Դեմիրճյանի օրոք։ Զարմանալիորեն նույն սկզբունքայնությունը ՀԺԿ-ն հանդես չբերեց իր մեկ այլ անդամի՝ Վլադիմիր Բադալյանի նկատմամբ։ ԲՑ-երի սեփականաշնորհման օրենքի նախագծին Վլադիմիր Բադալյանը առաջին ընթերցմամբ քվեարկելիս «կողմ» է քվեարկել, փաստորեն՝ դեմ գնալով ՀԺԿ-ի դիրքորոշմանը։ Թվում էր, թե կուսակցական ընկերների առջեւ մեղայականով հանդես գալուց հետո, Վլ. Բադալյանը երկրորդ ընթերցմամբ քվեարկելու ժամանակ կուղղեր իր սխալը։ Բայց զարմանալիորեն պարոն Բադալյանը կրկին կուսակցության դիրքորոշմանը հակառակ է գնացել։ Ասում են, այս հակակուսակցական պահվածքի պատճառն այն է, որ պարոն Բադալյանը պատրաստվում է խնամիա-բարեկամական կապերով կապվել երկրի առաջին դեմքի հետ։ Ավելի քան տարօրինակ է «Կայունության» պարագան։ Այս դեպքում ԲՑ-երը ոչ մի մեղք չունեն։ Խորհրդարանական այս խմբի մեջ խժդժությունները կապված են խմբի ղեկավարի եւ անդամներից մեկի՝ Վրեժ Շահգելդյանի անվան հետ։ Խիստ հավաստի աղբյուրները փաստում են, որ խումբը որոշում է կայացրել Վրեժ Շահգելդյանին հեռացնել խմբից։ Այս մասին մեր հարցումին ինքը, պարոն Շահգելդյանը պատասխանեց. «Ես գիտեմ, որ նման որոշում չի կայացվել, գնացել եմ հենց «Կայունություն» խմբում եմ հարցրել, ինձ ասացին, որ խումբն այդպիսի որոշում չի կայացրել»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ