Վարդավառից պրծում չկա՝ թե՛ քաղաքում եւ թե՛ քաղաքից դուրս: Այս անգամ ականատես եղա՝ ինչպես են նշում Վարդավառը Գառնիում:
Կիրակի օրը՝ հուլիսի 30-ին, Աստղիկ աստվածուհու տոնը նշելու համար ժողովրդին Գառնի էր հրավիրել հեթանոսական կազմակերպությունը: Առավոտյան ժամը 10-ի մոտ Երեւանում դեռ ամեն ինչ հանգիստ էր՝ չէիր էլ կասկածի, որ որոշ ժամանակ անց կսկսվի ջրոցին: Քիչ անց արդեն երեխաները համոզում էին՝ «Լավ էլի, ջրեմ»: Երթուղային տաքսու մեջ լցված լրագրողները հոգեբուժարանի բնակիչների տպավորություն էին թողնում՝ պատուհանը բացում ես՝ ջրում են, փակում ես՝ շոգ է: Եվ այսպես շարունակ: Իսկ Գառնիում գործը մի քիչ ավելի բարդ էր՝ ջուրը համարյա թե չէր գալիս եւ բոլոր ցայտաղբյուրների մոտ ահռելի հերթեր էին: Տաճարի առջեւ հավաքվել էր ժողովուրդ՝ մեծ մասամբ տեղացիներ, եւ ոչ ոք չգիտեր՝ ինչի՞ համար ենք հավաքվել, ի՞նչ է տեղի ունենալու, ո՞ւմ են զոհաբերելու հեթանոսական աստվածների պատվին: Ոմանք լուսանկարվում էին, ոմանք՝ արդեն ջրվում, ոմանք հոգնած նստել էին տաճարի աստիճաններին, ժամանակ առ ժամանակ էլ ինչ-որ մարդ աղոթում էր իր աստծուն՝ համբուրելով հողը՝ քթի տակ աղոթքներ ասելով: Սակայն որոշ ժամանակ անց տաճարի առջեւ մանկական խմբերը տարբեր ազգերի պարեր կատարեցին, իսկ «քրմերը» Աստղիկ աստվածուհուն աղոթեցին:
Անկեղծ ասած, ժողովուրդն այնքան էլ հիացած չէր միջոցառումով, մի մասն իջավ Գառնիի ձոր, մյուսը՝ գյուղամիջում ջրվում էր: Թրջվելու ցանկություն կա թե ոչ՝ ոչ ոք չէր հարցնում՝ տոնը մնում է տոն: Գյուղի տղաներին լացակումած սպառնացի թերթում վատ-վատ բաներ գրել գառնեցիների մասին, սակայն մայրաքաղաք հասնելով համոզվեցի, որ «անդաստիարակ են» ոչ միայն նրանք:
Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ