Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 01,2000 00:00

ՏԱՎՈՒՇԸ՝ ՈՐՊԵՍ ԱՌԱՋԻՆ ՆՊԱՏԱԿԱԿԵՏ Հուլիսի 29-ին եռօրյա այցով Տավուշի մարզ մեկնեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Դա նրա առաջին այցն էր Հայաստանի մարզեր։ Ըստ մեր երկրի ղեկավարների՝ Տավուշն ամենահոգսաշատ եւ խնդիրներով լի մարզն է, որով էլ հենց պայմանավորված էր այդ ուղեւորությունը։ Մարզում, բացի պրոբլեմներից, կան բավականին կատարվելիք աշխատանքներ, որոնք իրականացնելու համար մշակվել եւ դեռ մշակվելու են մի շարք ծրագրեր։ Այցելության առաջին օրը (հուլիսի 29) վարչապետն այցելեց Տավուշի մարզի Բերդ քաղաք եւ քաղաքապետարանում հանդիպում ունեցավ տարածքի համայնքների ղեկավարների հետ։ Քննարկվեցին սահմանամերձ բնակավայրերին առնչվող հիմնախնդիրներ։ Մարզի վիճակը բարելավելու համար պահանջվում են մի շարք կարեւոր հարցերի հրատապ լուծումներ, որոնցից ամենաառաջնայինը եւ տավուշցու համար ամենացավոտը խմելու եւ ոռոգման ջրերի պրոբլեմն է, որի չլինելու պատճառով Բերդի տարածաշրջանի որոշ գյուղերի բնակիչներ, խմելու ջրի համար, ստիպված են կիլոմետրեր կտրել։ Հարյուրավոր հեկտարների հասնող ցանքատարածքները մնացել են անջրդի, դրան գումարած՝ երաշտի հասցրած վնասը։ Սոցիալական լարվածությունը գրեթե բոլոր գյուղերում գերիշխում է մյուս հիմնախնդիրներին։ Քննարկվեցին խնդիրներ՝ կապված դպրոցների, կրթության, կադրերի վերապատրաստման, ճանապարհների կառուցապատման (Ճամբարակ-Տավուշ, Ճամբարակ- Դրախտիկ ճանապարհները), բնապահպանության, տարածքային եւ տեղական ինքնակառավարման եւ գյուղատնտեսությանն ու արդյունաբերությանը վերաբերող մի շարք հրատապ հարցեր։ Ինչպես ամենուր, այստեղ եւս համատարած անգործություն է տիրում։ Աշխատատեղերի բացակայությունն ստիպում է տավուշցուն թողնել հայրենիքը եւ բռնել արտագաղթի ճամփան։ Այս հանգամանքը, ի դեպ, խիստ անհանգստացնում է համայնքի գյուղապետերին։ Դրանց հետ մեկտեղ արժե նշել, որ տեղի բնակիչներն արդեն ստացել են նպաստ եւ թոշակ, իսկ ուսուցիչները՝ աշխատավարձ։ Տարածքի պրոբլեմներով հանդես եկան համայնքների ղեկավարները, որոշ գյուղապետեր բարձրացրին սերմացուի եւ աշնանացանին առնչվող խնդիրներ։ Վարչապետ Ա. Մարգարյանը կառավարության անդամների հետ միասին լսեց բոլորի հոգսերն ու խնդիրները եւ խոստացավ հնարավորինս, բյուջեից տրամադրված գումարի սահմաններում լուծել դրանք։ Առաջին օրը վարչապետը մեկնեց Բերդի «Շողակն» գործարան, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, որտեղ տեղի ունեցավ գինու գործարանի հիմնախնդիրների քննարկում, ապա՝ Վարագավան եւ այցելեց պահածոների գործարան։ Երկրորդ օր (հուլիսի 30). այցելություն Դիլիջանի արդյունաբերական գործարաններ («Իմպուլս» եւ կահույքի)։ Դիլիջանի քաղաքապետարանում վարչապետը հանդիպում ունեցավ համայնքների ղեկավարների հետ, քննարկվեցին առողջարանային քաղաքի զարգացման ուղիներին վերաբերող հարցեր։ Ուղեւորություն դեպի Իջեւան. քննարկվեցին Հաղարծին գյուղի հիմնահարցերը, ինչպես նաեւ սողանքի գոտում՝ սողանքի հարցը։ Վարչակազմն այցելեց Իջեւանի փայտամշակման գործարան, «Բենտոնիտ» կոմբինատ, մասնակցեց Բերքաբեր-Սարիգյուղ-Ծաղկավան- Սեւքար ջրագծի բացման արարողությանը, ապա այցելեց Աճարկուտի անտառտնտեսություն։ Երրորդ օր (հուլիսի 31). վարչապետ Ա. Մարգարյանը մեկնեց Նոյեմբերյան եւ հանդիպեց տարածքի համայնքների ղեկավարների հետ։ Քննարկվեցին երկրաշարժից տուժած բնակավայրերի հիմնախնդիրներ (դպրոցաշինություն, վնասված անհատական բնակելի տնատիրությունների աջակցություն)։ Այնուհետեւ պատվիրակությունը մեկնեց Բագրատաշենի մաքսային կետ, սահմանամերձ շուկա, որից հետո՝ Այրումի պահածոների գործարան (դեղձի, ձիթապտղի այգիների վերականգնման ծրագրի քննարկում)։ Այցելությունների ժամանակ կառավարության համապատասխան մարմինները յուրաքանչյուր գործարանի վերաբերյալ արտահայտեցին իրենց գնահատականն ու վերաբերմունքը, քննարկումների արդյունքում ընդունեցին որոշումներ՝ հնարավորինս լուծելու առկա խնդիրները։ Վարչապետի՝ Տավուշի մարզ կատարած այցի մասին ավելի հանգամանորեն կանդրադառնանք «Առավոտի» առաջիկա համարներում։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել