Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 29,2000 00:00

«Աղջիկ ջան, բացատրի՝ անհասկանալի չմնա. մենք պետություն ունե՞նք» Լրագրողի հայտնվելը Արարատի մարզի Այգավան գյուղի հսկայածավալ խաղողի այգիներում՝ արագ ոգեւորության պատճառ դարձավ։ Ահավոր շոգին ու հեղձուկին ուշադրություն չդարձնելով, մեծ ու փոքրով, կին-տղամարդով եկել էին քաղհանի։ Ծնկաչոք էին իրենց գործն անում։ Խաղողի տեղական սորտերը միշտ ցածր բերքատվություն են ունեցել, հիմա հեկտարից 600 ցենտներ է հավաքվում ու գյուղացին կրակն է ընկել առատ բերքի ձեռքը։ 2-3 տարի առաջ ոգեւորվեցին կոնյակի գործարանի մթերումներից, բայց ինչպես միշտ է լինում մեր երկրում, հիասթափությունը շատ չուշացավ։ Դրա փոխարեն մթերումների դիմաց վճարումներն են ուշանում՝ տարիներով։ Ոռոգման ջրի վարձը ժամանակին են պահանջում՝ աշխատանքների ամենաեռուն շրջանում, անվճար թունաքիմիկատ, ինչպես ասում են՝ «ախպերը ախպորը չի տա», իսկ գյուղացին իր «դառը դատած» բերքը տալիս է, հավատալով է տալիս, վստահելով։ Ո՞ւմ, ինքն էլ չգիտի։ – Ո՞ւր ա, բեր միկրոֆոնը ես ամեն ինչ կասեմ,- ոգեւորվում է մարդը,- կասեմ, որ գերազանց վատ կառավարություն ունենք։ – Է՜, սուտ ա, այ բալա, գրել-մրել բան չեն փոխում էս երկրում։ – Չէ, մի ասի՛, ջրի կաթիլը քարն էլ կծակի։ – Այ մարդ, բա մեր կառավարությունը քա՞ր ա, ապառաժ ա, ժեռ, լինգով պիտի խփես, քլունգով, էլի վախենամ՝ բան չփոխվի։ Պինդ գլուխ են։ – Պինդը լավ հատկություն ա, դիմացկուն ա նշանակում, հաստատուն, ամուր… – Էս գեղեցկուհի այգին տեսնո՞ւմ ես, քանդելու եմ եկող տարի,- չգիտեմ՝ քաղաքից եկածին էր վախեցնում, թե ինքն իրեն ուզում էր համոզել ճարահատ, անելանելի վիճակում հայտնված մարդը,- քանդելու եմ ու գնամ երկրից։ Այս տարի առաջին բերքի՝ ծիրանի, բալի հետ վառելիքը, կարծես դիտմամբ, թանկացավ։ Քաղաք ապրանք տանելուց հետո վարորդի փողը տնից ենք տալիս։ – Կիլոգրամը տասը, տասնհինգ դրամով բերքը հանձնում ենք ու փողը ամիսներով չեն տալիս, իսկ վերավաճառողը իմ տանջանքով ստեղծված ապրանքի գինը նույն օրն իր գրպանն է դնում։ Հզոր մեխանիզմ է գործում, որ գյուղացին շուկայում չհայտնվի։ Ամեն ինչ տզրուկ վերավաճառողի ձեռքում է, համ մեր արյունն են խմում, համ քաղաքացու։ – Ամեն տարի ջրի, հողի, պարարտանյութի գինը բարձրանում է, մթերքինը՝ տարեցտարի իջնում։ Ո՞ր տրամաբանությամբ։ Նոր խաղողն ենք հավաքում, բայց անցյալ տարվա փողը դեռ չենք ստացել։ Վերամշակող գործարանները էժան գնով մասնավորեցվել են, տերերն էլ ինչ ուզում՝ անում են։ Կուզեն կմթերեն, չեն ուզի՝ չէ, կուզեն փողը կտան, չեն ուզի՝ չեն տա։ Միրգը կգնեն ստորացնող ցածր գնով, գիտեն, որ այլ ելք չունենք, ճարներս ի՞նչ։ Գյուղացին անպաշտպան է, իր հոգսի հետ։ Մենք պետությունից հո շատ բան չենք խնդրում, ասում ենք՝ գոնե մինիմալ գներ սահմանեն։ Այդ էլ չեն անում։ – Չէ, սրա վերջը հողը թողնել, Ռուսաստան քաշվելն է, գյուղացուն չոքացրել են։ Ոռոգման էս շրջանում ջուրը փակել, Արաքսն են թափում, ասում են. «Շանը կտամ, գելին կտամ, թուրքին կտամ, ձեզ մի կաթիլ էլ չեմ տա»։ – Քանի անգամ ասացին, թե Ճապոնիայից կոմբայն են բերել, ո՞ւր է, ինչո՞ւ նման խոշոր տնտեսությանը չեն տվել, ո՞ւմ են տվել։ – Այս տարի ծիրանի բերքի ձեռքը կրակն էինք ընկել։ Բայց խաղողի գործն ավելի վատ է լինելու։ Վրացիների ուշքը գնում է հայկական ծիրանի ու խաղողի համար, բայց մաքսային թալանի պատճառով ահաբեկվեցին, մազապուրծ փախան։ Մարդիկ խոսում էին առանց պատասխան ակնկալելու։ Բայց այս կիսատ-պռատ սղագրության համար արժե թերեւս պատասխան պահանջել։ Ասենք, միամիտ բան է ուզածս, մինչեւ հիմա այս երկրում ո՞վ եւ ինչի՞ համար է պատասխան տվել, որ։ ԱՆԻ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել