«03»-Ը՝ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ Դժվար թե Հայաստանից հետաքրքիր ու զվարճալի երկիր գտնվի։ Աստված չանի՝ շտապօգնության կարիք ունենաք, որովհետեւ հենց ձեր հեռախոսազանգից էլ սկսվում է «զվարճությունը»։ Շտապօգնության կայանում, բնականաբար, անհապաղ գրանցում են հիվանդի տվյալները, հասցեն, եւ հուսադրող «դիմավորեք» խոսքերով ավարտվում է զրույցի առաջին մասը։ Շտապօգնության ձեռքից «քաշվածներից» մեկը տեղեկացրեց, թե ինչ «օպերատիվ» եւ «արդյունավետ» օգնություն են ստացել օրեր առաջ։ Կանչ տալուց հետո, կես ժամ պայմանավորված վայրում գիշերվա կեսին կանգնելուց հետո, «հիվանդի տերը» նյարդայնացած բարձրանում է տուն (քանի որ դրսում կես ժամ եւս մնալուց հետո ի՛նքը շտապօգնության կարիք կունենար)։ Եվս կես ժամ անց շտապօգնությունից զանգահարում են եւ շատ «տեղին եւ սրամիտ» հարց ուղղում. «Ինչո՞ւ եք շտապօգնություն կանչել»։ «Հիվանդի տերը» նյարդայնությունից կամ, ինչպես ինքն ասաց՝ «մանթոյից», ասում է, թե՝ «Պարապ էի մնացել, ասեցի՝ զանգեմ «03», գիշերային աղջիկների հետ մի քիչ զբաղվեմ»։ Շտապօգնությունից վրդովված պատասխանում են, որ պարոնը իրենց «ձեռ առնելու» իրավունք չունի, որ իրենք ազատ մեքենա չունեն, իսկ եղածն էլ սարքին չէ, համ էլ բենզին չունեն։ Եվ ավելի հարմար ու նպատակային են գտնում հիվանդին հեռախոսով բուժօգնություն ցույց տալ։ Խորհուրդները հետեւյալն էին. «Սկզբում չափեք ճնշումը։ Չափեցի՞ք, բա՞րձր է, ուրեմն վերցրեք մեկ ամպուլա դիբազոլ, մեկ՝ պապազոլ, քաշեք շպրիցի մեջ եւ սրսկեք։ Չգիտե՞ք, կսովորեք։ Ուրեմն հետույքի մի կեսը բաժանում եք երկու մասի եւ ներքեւի ձախ կողմում ներարկում եք կատարում։ Ի՞նչ, կո՞շտ ա, մի քիչ ասեղը խաղացրեք. մկանին եք կպել։ Ի՞նչ եղավ, ասեղը խփելուց ծռեցի՞ք։ Դե, գիտեք ինչ, մենք ավելորդ ժամանակ չունենք, որ ձեր քմահաճույքներով գնանք»։ Որոշ ժամանակ անց «հոգատար» շտապօգնությունից խղճահարված զանգում են եւ հետաքրքրվում հիվանդի վիճակով։ Քանի որ հիվանդը գնալով վատանում է, հարազատներին ոչինչ չի մնում, բացի այն, որ սեւ հումորով ասում են. «Ավելի լավ է ավելորդ ժամանակ մի կորցրեք ու այստեղ զանգելու փոխարեն տեղեկացրեք թաղման բյուրո՝ թող կատաֆալկա ուղարկեն»։ 5 րոպե անց շտապօգնությունը ժամանում է։ Դեռ հիվանդին չմոտեցած՝ նրանցից մեկը շտապում է տեղեկացնել, որ իրենք առանձին մարդիկ են, եւ պետք է վճարել յուրաքանչյուրին հազարական դրամ։ Հետո նոր զննում են հիվանդին եւ քչից-շատից բուժօգնություն ցույց տալիս ու գնում։ Հիվանդատերը, սոցիալական վիճակից ելնելով, քիչ էր վճարել եւ, ըստ այդմ, ստացած բուժօգնությունը բավարար չէր։ Եվ կրկին են շտապօգնություն կանչում եւ ստանում են հետեւյալ պատասխանը. «Բենզինը ձեր տնից վերադառնալուց վերջացավ. կամ հիվանդին ձեր ծանոթի մեքենայով ուղարկեք, կամ եկեք, բենզին լցրեք»։ Շտապօգնության նման վերաբերմունքը արտառոց չէ։ Բայց որպեսզի չշտապենք մեղադրել, որոշեցինք պարզել, թե ինչ հաճախականությամբ եւ երբ է վերջին անգամ «03»-ը վառելանյութ ստացել։ Քանի որ «03»-ի տնօրեն Լեւոն Գրիգորյանին երեք օր անընդմեջ զանգահարելուց հետո չկարողացանք կապվել, ինչպես տեղեկացրեց նրա քարտուղարուհին, թե՛ նա եւ թե՛ տեղակալը տեղում չԷին, որոշեցինք հարցն ուղղել «03» ավտոտրանսպորտային ձեռնարկության տնօրեն Վարդան Գեւորգյանին։ Վերջինս հայտնեց իր անտեղյակ լինելը եւ վրդովված ասաց, որ պակաս կարեւոր չէ հարցնել, թե երբ են իրենք վերջին անգամ աշխատավարձ ստացել… որ արդեն 7 ամիս է աշխատակազմը ոչ մի կոպեկ չի ստացել։ Վերադառնանք հիվանդին եւ չմոռանանք ավելացնել, որ հիվանդին անհրաժեշտության դեպքում խոստացան պառկեցնել հիվանդանոց՝ վճարովի պետպատվերի տակ։ Հիանալի բառախաղ է, այնպես չէ՞։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ