Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 29,2000 00:00

ԽԱՂԱՅԻՆ ԲԻԶՆԵ՞Ս, ԹԵ՞ ՉԱՐԻՔ Մեր խնդիրը չէ որոշել՝ պե՞տք են խաղատները մեր ազգին, թե՞ ոչ։ Պարզապես ներկայացնում ենք «Խաղային ասոցիացիայի» նախագահ Ա. Ստեփանյանի տեսակետը «Խաղատների եւ շահումով խաղերի մասին» ՀՀ օրենք-նախագծի առնչությամբ։ -Պարոն Ստեփանյան, ամենամեծ փաստարկը, որ բերվում է խաղատները փակելու առումով, մարդասիրական է. չէ՞ որ կան մարդիկ, ովքեր խաղատան պատճառով զրկվում են ամեն ինչից։ Ձեր փաստարկները, խնդրեմ։ – Ես ապշած եմ ԱԺ-ի վերաբերմունքից եւ արդեն քանի ամիս ձգվող անիմաստ խոսակցությունից։ Եթե նրանք խոսեին կանոնակարգման անհրաժեշտությունից միայն, ես կհասկանայի, թեեւ քաղաքն այսօր ավելի շատ պրոբլեմներ ունի, որոնց վրա բոլորը աչք են փակում։ Բայց երբ ազգի նկարագրից են խոսում, կարող է վաղը օրենքով կարճ փեշերն էլ արգելվեն աղջիկներին։ Ուրիշ բան, եթե մենք ԽՍՀՄ ենք վերադառնում կամ Իմամ Հոմեյնիի աչքերով ենք ամեն ինչին նայում։ Ի՞նչ է պատահել, կա՞ երեւույթը, խաղատունը լեգալացրել է այն, ինչի՞ համար է այս աղմուկը։ – Այո՛, բայց շատ ուրիշ երեւույթներ էլ կան, որոնց լեգալացումից ամեն ինչ դեպի լավը չի փոխվի եւ սրանից է առաջ գալիս ոլորտը կանոնակարգելու անհրաժեշտությունը։ – Խաղային բիզնեսով զբաղվողներս չափազանց վիրավորված ենք ԱԺ-ից։ Ուրիշ դեպք լիներ, անունը կդնեին, չէ՞, շահագրգիռ անձ ու կհրավիրեին քննարկումներին։ Որոշումներ են ընդունում՝ առանց մեզ հարցնելու, գուցե հենց մե՞նք էինք ցանկանում քաղաքից դուրս գնալ, դաշտը կանոնակարգել եւ դրա համար հենց երկու տարի առաջ ստեղծվեց ասոցիացիան։ Ընդ որում, բոլորը խաղատունը խառնում են մի քանի ավտոմատ ունեցող խաղասրահների հետ եւ ոչ ոք հաշվի չի առնում, որ, որպես այդպիսին, քաղաքում 5 լուրջ կազինո կար։ Սա կատարյալ պոպուլիզմ է եւ փարիսեցիություն։ – Լավ, իսկ դուք ի՞նչ ծրագիր ունեիք, որ չեն հարցրել ու չեն իմացել։ – Սկսեմ լոտոներից։ Հայկական սովորույթի համաձայն, երբ մեկ-երկուսը լոտո բացեցին, բոլորը գնացին լիցենզավորվելու։ Ու երբ տեսան, որ այնքան էլ արդարացված չեն իրենց սպասումները՝ շահույթի առումով, քանի որ մենք փոքր շուկա ունենք, սկսեցին լուրջ վնասներ կրել։ Ես դեռ անցած տարի ասացի, որ այս աշուն 3-4 լոտո են մնալու եւ այդպես էլ եղավ (՞)։ Սա էլ ձեր կանոնակարգումն ու հայկական նկարագիր ասվածը այստեղ փնտրեք։ – Իսկ խաղատնե՞րը։ – Մի քանի տարի առաջ մենք մտածեցինք դրսում Լաս-Վեգասի նման «չՏՐՏՊՏՍ» սարքելու մասին, սակայն տեսանք, որ մեծ ներդրումներ են պետք։ Հաշվի առանք նաեւ քաղաքական անկայուն վիճակը, տուրիզմի բացակայությունը եւ ծրագիրը հետաձգեցինք։ Այսօր էլ որոշել ենք սկզբում բոլորս փայատեր դառնալով 1 կազինո սարքել դրսում, Magic Mountains-ի նման մի բան (կամ ջրաշխարհի, ուղղակի մեծերի համար), սրճարան, ռեստորան, հյուրանոց եւ կամաց-կամաց քաղաքից տեղափոխվել։ Այդ մեզ մոտ է, որ խաղատունը լոկ համարվում է խաղալու տեղ, դրսում դա հանգստի, վուիքենդի վայր է՝ հետաքրքիր շոուների ընկերակցությամբ։ Իսկ եթե հիմա պարտադրեն գնալ, ոչ ոք հնարավորություն չունի, ուռեցրած են մեր շահույթի չափերը։ Նաեւ ուզում եմ շեշտել, որ կան հրաշալի «իգրոկներ», որոնք ուղղակի միշտ կամ համարյա միշտ շահում են։ Էլի՛ եմ կրկնում, մենք ինքներս ենք շահագրգիռ, որ դուրս գանք, լավ տեղ սարքենք ու քաշենք-բերենք պարսկական-արաբական աշխարհի փողերը՝ ի նպաստ բյուջեի, բայց այսպես միանգամից ու ծայրահեղ քայլերով հարց չես լուծի, ընդհակառակը։ – Կա՞ն առանձին արգելքներ։ – Իհարկե կան, ու ես զայրացած եմ սուտ տեղեկություններ տարածելու համար։ Մինչեւ 21 տարեկան արգելվում է մտնել կազինո ու բոլորովին էլ այդպես չէ, որ այնտեղ սպանում են միմյանց։ Այն էլ ասեմ, որ պետական պաշտոնյա այցելուներ ընդհանրապես չկան, բացի մի քանի պատգամավորներից։ Ի դեպ, մայրաքաղաքից դուրս գալու խնդիրը ԱԺ-ում մնաց առկախված։ Ավելացան միայն հարկերը։ Այսուհետ յուրաքանչյուր կազինո մի սեղանի համար վճարելու է 6000 դոլար՝ 3000-ի փոխարեն, իսկ խաղասրահները՝ մի ավտոմատի համար 200 դոլար՝ 100-ի փոխարեն։ Տարեկան տուրքն էլ ավելացավ ու դարձավ 25 մլն դրամ, մոտ 50000 դոլար։ Մի կողմից Ստեփանյանը սա բիզնեսը փակելու միջոց էր դիտարկում, մյուս կողմից էլ՝ չկա չարիք, առանց բարիքի. «Գուցե նրանք, ովքեր կդիմանան հարկային ծանրությանը, հավաքվեն ու կամաց-կամաց սկսենք իրագործել իմ ասած ծրագիրը»։ ԳՈՀԱՐ ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել