«ԴԱՎԱՃԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ՝ ԱՄՈԹ» ՆԱՏՕ-ի 50-ամյակին հրավիրված նախագահ Քոչարյանը չմերժեց հրավերը եւ մասնակցեց հանդիսություններին, այն ժամանակ կոմկուսը խիստ բուռն արձագանքեց, խրտվիլակ վառելու փորձեր արեց, բորբոքված խոսեց։ Բայց այս օրերին, երբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը գտնվում է Հայաստանում եւ բարձր մակարդակի հանդիպումներ է ունենում երկրի առաջին դեմքերի հետ, կոմունիստներն ուրիշ հոգսերով են զբաղված՝ բաշխիչ ցանցերի չսեփականաշնորհմամբ։ ԱԺ-ի մոտ երեկ հավաքվել էին կոմերիտականները եւ գոռում էին. «Ամոթ, ամոթ, ամոթ»։ Լավ էլ գոռում էին։ Մի երիտասարդ կոմերիտական՝ տասնհինգ տարեկան մի պատանի, ԱԺ-ի ճաղերից բռնած գոռում էր՝ «Դավաճաններ, իմ մանկությունը չեմ թողնի սեփականաշնորհեք»։ Կոմերիտականներից յուրաքանչյուրի ձեռքին, սեւով սպիտակի վրա, գրված էին այն պատգամավորների անունները, ովքեր կողմ էին քվեարկել ԲԷՑ-երի սեփականաշնորհման մասին օրենքի նախագծին։ Հայաստանի կոմերիտմիության քարտուղար Սանատրուկ Սահակյանն ասաց, որ ԱԺ-ի այս որոշումը չի բխում իրենց շահերից. «Սա բողոքի նշան է եւ՝ որպես բողոքի նշան, մենք շատ բան ունենք անելու»։ Մի տղա, որի ցուցանակի վրա գրված էր «Տիգրան Թորոսյան», ցույցին մասնակցելն այսպես բացատրեց. «Տիգրան Թորոսյանն ո՞վ է, որ մեր ազգի ունեցվածքը վաճառի»։ «Վարդան Այվազյան» ցուցանակը բռնած պատանին, հարցիս, թե ո՞վ է Վարդան Այվազյանը եւ ինչո՞ւ է նրա անունը բռնած ինքը կանգնել այստեղ, պատասխանեց. «Դավաճան է, ինչո՞ւ է կողմ քվեարկել»։ Սեփ. լր.