Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 29,2000 00:00

ՆԱՏՕ-ն գալիս է նշաններին պատասխանելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Քլաուս Քլայբերի կարծիքով. «Հայաստանն անում է լավագույնը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու եւ հակամարտությունը կարգավորելու համար»։ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Քլաուս Փիթեր Քլայբերի հետ հանդիպման ժամանակ հասկացրել է պրն Քլայբերին, որ Հայաստանը պատրաստ է մի փոքրիկ միավոր (հասկանալի է, որ խոսքը ռազմական միավորի մասին է) ուղարկել ՆԱՏՕ-ի տրամադրության տակ, խաղաղապահ գործողություններում օգտագործելու համար։ Այս մասին երեկվա ամփոփիչ ասուլիսում ասաց քաղաքական հարցերով տեղակալը։ Իսկ ընդհանրապես, պրն Քլայբերի ասելով, ՆԱՏՕ-ն վերջին տարիների ընթացքում փոփոխվել է եւ պաշտպանական կառույց-ալյանս լինելուց դարձել է ավելի շատ ռազմաքաղաքական եւ քաղաքական ալյանս։ Պրն Քլայբերը, իր ասելով, «հաճելի օրեր է ունեցել այս երկրում»։ Պրն Քլայբերը փորձել է բացատրել երկրի առաջին դեմքերի հետ հանդիպումների ժամանակ, որ «ՆԱՏՕ-ն ձգտում է խաղաղություն եւ կայունություն բերել ամբողջ Եվրոպային եւ եվրաատլանտյան տարածաշրջանին»։ Ռուսաստանի հետ եւս ՆԱՏՕ-ն ձգտում է փոխադարձաբար շահութաբեր հարաբերություններ զարգացնել եւ այս բանը քարտուղարի տեղակալը փորձել է բացատրել հայաստանյան հանդիպումների ժամանակ։ «Մենք վստահ ենք, որ Ռուսաստանը կարեւոր դերակատար է եվրոպական տարածաշրջանում եւ նաեւ կովկասյան տարածաշրջանում»։ Պարզվում է, ԼՂՀ կարգավորման գործընթացում զարգացումներ են գրանցվել, քանի որ ե՛ւ ՀՀ նախագահը, ե՛ւ ԱԳ նախարարը այս մասին տեղեկացրել են պրն Քլայբերին։ Եվ պրն Քլայբերը մեծահոգաբար չուզեց թաքցնել մեզանից, «որ առկա է լավատեսությունը, որ առաջընթացը հնարավոր է մոտակա ժամանակներս»։ «Առավոտը» խնդրեց, որ պրն Քլայբերն ավելի կոնկրետացնի, թե հատկապես ի՞նչ հիմքեր ունի այդպես ասելու եւ, եթե կան կոնկրետ ապացույցներ այս լավատեսության, ներկայացնի։ Որքան էլ ցավալի է, բայց գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը ավելի կոնկրետ ոչինչ չուզեց ասել. «Ես համապատասխան անհատը չեմ այս հարցերին պատասխանելու համար։ Այս բանակցությունները ծայրահեղորեն կոնֆիդենցիալ եւ դժվար գործընթաց են իրենցից ներկայացնում։ Ես ցանկանում եմ այս հարցերի մասին խոսելու իրավունքը թողնել այս երկու պետությունների ղեկավարներին, ինչպես նաեւ՝ միգուցե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»։ «Առավոտի» հաջորդ հարցին, թե ՆԱՏՕ-ն ի՞նչ կարծիքի է Ղարաբաղի հակամարտության հարցի կարգավորման հետ կապված շոշափվող տարածքների փոխանակման հնարավորության մասին, պրն Քլաուս Քլայբերը ասաց. «Այս բոլոր հարցերը, որոնք կան նաեւ հանրային քննարկման մեջ, քննարկվել են նաեւ նախագահ Քոչարյանի հետ, ես չեմ ցանկանում ավելի մանրամասն ներկայացնել»։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին. «ՆԱՏՕ-ի մոտեցումը այն է, որ պատրաստ է աջակցել խաղաղության հաստատմանը եւ հակամարտող կողմերի միջեւ վստահության ձեւավորմանը»։ Իսկ դրա փորձը, տեղակալի ասելով, ՆԱՏՕ-ն ունի. «ստեղծելով համապատասխան սոցիալական, տնտեսական, քաղաքական պայմաններ՝ հնարավորություն է ընձեռում խաղաղություն հաստատելու համար»։ Ադրբեջանի կառավարությունը ժամանակին խնդրել էր ՆԱՏՕ-ի աջակցություն եւ զորքի տեղակայում Ադրբեջանում, սակայն ՆԱՏՕ-ն պատասխանել է շատ պարզ. «Նման զորքի տեղակայումը այս տարածաշրջանի որեւէ երկրում, որտեղ առկա են հակամարտություններ, կնշանակի, որ ՆԱՏՕ-ն կողմնակալ է։ Իսկ ՆԱՏՕ-ն չի կարող կողմնակալ լինել եւ միշտ անկողմնակալ դիրքորոշում ունի հակամարտություններում»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել