Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 29,2000 00:00

«ՍԱ ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆ Է ԻՄ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ» Ասաց ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանն իրեն ՀՀԿ-ից հեռացնելու որոշման առնչությամբ։ Չնայած իր հրապարակային ելույթները լիովին սպասելի էին դարձրել ՀՀԿ խորհրդի այդ վճիռը։ ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե հատկապես ինչպե՞ս է նաեւ ՀՀԿ-ի Դավիթաշենի տարածքային կազմակերպության նախագահ Ռուբեն Գեւորգյանը խախտել կուսակցական կարգապահությունը եւ աղավաղել վարվող քաղաքական գիծը, որի համար եւ նրան ՀՀԿ խորհուրդը միաձայն հեռացրեց կուսակցությունից։ «Քննարկումներն այդքան ծավալուն չեն եղել,- պատասխանեց պրն Սահակյանը։- Այդ դրսեւորումները նկատելի են եղել ե՛ւ ԱԺ նիստերի դահլիճում, ե՛ւ վերջին շրջանում նրա՝ իբր քաղաքական գործունեության շրջանակներում»։ Արդյոք դեր խաղացե՞լ են Ռուբեն Գեւորգյանի կողմից Անդրանիկ Մարգարյանի հասցեին նման արտահայտությունները, թե իրեն վարչապետի մուրճով են հարվածում եւ այլն, մեր այս հարցին Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ներկուսակցական խնդիրներն ընդհանրապես չեն վերաբերում նախագահին, վարչապետին կամ իշխանություններին։ Սա կուսակցության ներքին գործն է եւ կանոնադրությանը հարիր որոշում է կայացվել։ Պարզապես նրա քաղաքական դիրքորոշումներն այսօր չեն համընկնում կուսակցության ընդհանուր քաղաքական դիրքորոշումների հետ»։ Ռուբեն Գեւորգյանը երեկ մեզանից տեղեկացավ, որ հեռացվել է ՀՀԿ-ից։ Թերեւս, այստեղ ընդունված չէ կուսակցականի ներկայությամբ նրա հարցը քննարկելը կամ գոնե նախապես տեղեկացնելը։ «Սա ինձ համար անակնկալ էր»,- ասաց պրն Գեւորգյանը, որ մեր հարցից հետո՝ ՀՀԿ խորհրդի անդամ Արա Կետիկյանից էր ճշտել մանրամասները։ Կուսակցությունից հեռացվելու դրդապատճառը Ռուբեն Գեւորգյանը եւս համարում էր հոկտեմբերի 27-ից հետո դիրքորոշումների որոշակի տարբերությունը (հատկապես նշեց Անդրանիկ Մարգարյանի անունը), տարաձայնությունները։ Եվ ոչ միայն. «Եթե մի կուսակցություն չի կարողանում սատարել իր անդամին, որի դեմ 70 օր է, ինչ հալածանքներ են ընթանում՝ բնականաբար, կցանկանա ձերբազատվել նրանից»,- Ռուբեն Գեւորգյանի այս նկատառմանն ի պատասխան նշեցինք, որ ՀՀԿ-ն, համենայն դեպս, իր շարքերից չհեռացրեց ո՛չ Նաիրի Բադալյանին, ո՛չ Ալեքսան Հարությունյանին։ Ուստի, այս դեպքում պատճառներն այլ տեղ է պետք փնտրել։ Եվ պրն Գեւորգյանն էլ ընդունեց, որ իր դեմ քրեական գործ հարուցելը չէ հատկապես, որ ՀՀԿ խորհրդի այս որոշման առիթ դարձավ. «Պարզապես տեսնելով, որ կուսակցությունն ինձ ոչ մի հարցում սատար չի կանգնում՝ բարոյապես իրավունք ունեի՞ մամուլով արտահայտել դիրքորոշումս ՀՀԿ-ի եւ նրա առաջնորդի նկատմամբ։ Երեւի իմ այդ արտահայտությունները եւ վերաբերմունքն առիթ դարձան»։ Այսուհանդերձ, նա կրկնեց իր կարծիքը Անդրանիկ Մարգարյանի մասին. «Նրան չեմ տեսնում որպես վարչապետ»։ Ընդհանրապես չէր համարում, թե Վազգեն Սարգսյանից հետո եղած վարչապետները նրա հետ համեմատության որեւէ եզր ունեն։ Քաղաքական գծի աղավաղումների վերաբերյալ մեղադրանքը Ռուբեն Գեւորգյանը չէր ընդունում. «Կուսակցության գիծը ես համարում եմ նրա ծրագիրն ու գաղափարախոսությունը։ Իսկ դեռ 1990-ին, երբ լուսահոգի Աշոտ Նավասարդյանը հիմնեց ՀՀԿ-ն (մենք մտերիմներ էինք), միշտ ինձ ասել է, որ իր կուսակցության իսկական անդամ կլինեմ՝ ազգայնական եմ եւ ցեղակրոն։ Հիմա ՀՀԿ-ից ինձ հեռացնելը ցավով եմ տանում, քանի որ ինքս կուզենայի երբեւիցե սեփական դիմումով դուրս գալ այդ կուսակցությունից, բայց ինձ բարոյական գործոնները միայն թույլ չէին տալիս, քանի որ սա Աշոտ Նավասարդյանի հիմնադրած կուսակցությունն է, եւ Վազգեն Սարգսյանի առաջարկով եմ ես այնտեղ ընդգրկվել։ Եվ այդ պատճառով ես բարոյական չեմ համարում ինձ հեռացնելու այս որոշումը։ Մանավանդ որ, հիմնականում կուսակցության առաջնորդի արժանապատվության համար եմ 7 ամիս խոսել ամբիոններից»։ Բնականաբար, պիտի հետաքրքրվեինք նաեւ Ռուբեն Գեւորգյանի դեմ հարուցված քրեական գործի ճակատագրով։ Երեկ անգամ հնարավոր էր համարվում, թե գլխավոր դատախազը կարող է նրա վերաբերյալ միջնորդությամբ դիմել ԱԺ-ին։ Ռուբեն Գեւորգյանն ասաց, թե հրավիրվել է ՆԳՆ եւ ցուցմունքներ տվել կատարվածի վերաբերյալ։ «1-02» հաղորդաշարով իրեն առնչվող հաղորդումը նա «անհիմն» էր համարում. «Եթե ինձ այսօր այս հարցում են մեղադրում, վաղն էլ, չեմ կասկածում, որ կմեղադրեն նաեւ Քենեդու սպանության կամ Մոնիկա Լեւինսկու բռնաբարության մեջ։ Ինչ ասես հնարավոր է»։ Բացասաբար պատասխանեց մեր այն հարցին, թե արդյոք դատարանի վճռո՞վ է թույլատրվել գաղտնի տեսանկարահանել իր հանդիպումը տուժած կնոջ հետ, որի ընթացքում, քննության վարկածով, պատգամավորը նրան համոզել է փոխել ցուցմունքները՝ իր կազմակերպած կեղծ մեղայականն ապահովելու համար. «Նկարահանումը կատարվել է ապօրինի։ Բացի այդ, հանդիպումը եղել է Արտյոմ Գեւորգյանի ձերբակալությունից 15 օր հետո։ Հանդիպումը տեւել է 5 րոպե։ Ինձ պարզապես հետաքրքրում էր, թե արդյո՞ք տուժողը ճանաչել եւ պնդում է, որ Արտյոմ Գեւորգյանն է այդ հանցագործը։ Նա կտրականապես ժխտել, ասել է, որ ինքը չի ճանաչել եւ հերքել է հանցագործության փաստը։ Թող բարի լինեին՝ խոսակցությունն էլ նկարահանման հետ հաղորդեին»։ Մեր հարցին, թե իրոք ինքն էր կազմակերպել երկու անձանց կեղծ մեղայականը, նա պատասխանեց. «Դա աբսուրդ է, ես այդ անձնավորությունը չեմ։ Ես սխալ կհամարեի, որ անմեղ մարդիկ իմ եղբորորդու փոխարեն պատիժ կրեին։ Ես այս հարցում շատ արդար եմ։ Եթե նրանց պետք չի եղել, որ նրանք լինեն՝ թող պետք չլինի երբեւիցե»։ Այս պատմության մեջ մութ կետեր կան, սակայն Ռուբեն Գեւորգյանը հուսով է, թե ամեն ինչ պարզվելու է. «Ամենաշատը մեկ ամսվա ընթացքում այդ ամենը կբացահայտվի եւ բոլորը կիմանան ճշմարտությունը»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել