Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 29,2000 00:00

Ո՞Վ Է ՓՐԿԵԼՈՒ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀՈԳԻՆ Երեկ «Բաշխիչ էլեկտրական ցանցերի մասնավորեցման մասին» օրենքը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ, ի վերջո, դրվեց քվեարկության եւ, բնականաբար, այն ընդունվեց։ Օրենքն ընդունվեց 63 «կողմ», 38 «դեմ», 6 «ձեռնպահ» ձայնով։ ԱԺ պատգամավորներն օրենքի նախագծի մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ 100-ից ավելի առաջարկություններ էին ներկայացրել, որոնցից 32-ն ընդունվել են, 29-ը՝ մասամբ են ընդունվել, իսկ 40 առաջարկություններ չեն ընդունվել։ Դրանց մի մասն, ինչպես նշեց էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը, լիցենզիայում եւ առուվաճառքի պայմանագրերում հաշվի կառնվեն, իսկ մնացած մասը՝ «Էներգետիկայի մասին» օրենքում։ Ընդունված եւ չընդունված առաջարկությունների մասին, Կ. Գալուստյանի մանրամասն ելույթից հետո, Արշակ Սադոյանը, բնականաբար, որպես առաջարկություններ ներկայացրած պատգամավոր, ձեռնպահ չմնաց իրեն հասանելիք ելույթից։ Վերջինս պատգամավորներին խորհուրդ տվեց չընդունել օրենքը. «Սա ընդունելի օրենք չէ։ Ձեր խղճի վրա պարտք չվերցնեք։ Սա «ԱրմենՏելից», կոնյակի գործարանից էլ ծանր հետեւանքներ է ունենալու»։ Պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը եւ Արտաշես Գեղամյանը կառավարությանը նամակ էին հղել հարցադրումով, թե արդյո՞ք այս օրենքը նման ձեւով ընդունելու դեպքում բյուջեում փոփոխություններ չեն լինի։ Կառավարության, ավելի շուտ վարչապետի պատասխանը, որն ընթերցեց ԱԺ փոխխոսնակ Գ. Ասլանյանը, հետեւյալն էր. «Օրենքի նախագծի 10-րդ եւ 14-րդ հոդվածներով սահմանված դրույթներով չեն ավելանում ՀՀ պետբյուջեի ծախսերը…»։ Ա. Գեղամյանը կառավարության պատասխանը պաշտոնապես հայտարարեց եւ որակեց որպես «զրույց», որտեղ բացարձակապես ոչ մի հիմնավորում չկա. «Ավելին, մեծագույն վտանգ է իր մեջ կրում այս պատասխանը։ Սա ամրագրում է մեր կրեդիտորների պետականորեն իրականացվելիք ռեկետը, իսկ դա կազմում է ո՛չ ավել, ո՛չ պակաս, քան 82 մլրդ դրամ»,- նշեց Ա. Գեղամյանը։ Ըստ Հ. Բաբուխանյանի, իրենց կողմից արված մի շարք սկզբունքային առաջարկություններ չեն ընդունվել, որոնցից՝ որպես առաջնային սկզբունքային առաջարկություն, մատնանշեց. բաժնեմասերի 51%-ը փոխարինել առավելագույնը 48%-ի պլյուս կառավարման իրավունք։ «Բոլոր այն հարցադրումները, որոնք նշվում էին կառավարության կողմից, այս տարբերակով են լուծվում նաեւ, եթե կառավարման իրավունքը տրվում է ռազմավարական ներդրողին»,- նշեց Հայկ Բաբուխանյանը, ավելացնելով, որ իրեն հասկանալի չեն այն կտրուկ արտահայտությունները, թե այդ դեպքում հնարավոր չէ որեւէ ռազմավարական ներդրողի գտնվելը, եթե նման փորձ չի կատարվել։ Իսկ եթե կատարվեր նման փորձ եւ չգտնվեր ռազմավարական ներդրող, այդ դեպքում կառավարության փաստարկները համոզիչ կլինեին։ Այլապես, ըստ Հ. Բաբուխանյանի, քանի դեռ նման փորձ չի արվել, փաստարկներն անհամոզիչ են։ «Մեզ համար ավելի համոզիչ են ՀԲ փաստաթղթերը, որտեղ դեռեւս 97 թվականից սեւով սպիտակի վրա հանձնարարված է մեր կառավարությանը՝ սեփականաշնորհել առնվազն 51%-ը։ Ցանկացողներին կարող ենք տրամադրել այդ փաստաթղթերը, որտեղ ՀԲ-ն, ըստ էության, մեր կառավարությանը հանձնարարում է վարվել հենց այդպես»,- նշեց Հ. Բաբուխանյանը։ Ինչեւէ, թե՛ Ա. Սադոյանի «խղճի» մասին կոչերը, եւ թե՛ Հ. Բաբուխանյանի ելույթն ազդեցիկ չէին պատգամավորների համար։ Օրենքն ընդունվեց։ Քվեարկությունից հետո, Խորեն Թռչունիչը Տիգրան Թորոսյանին կոչ արեց իր կատարած «կողմ» քվեարկությունը «դեմ» դարձնել սեփական փրկության համար։ Մեր այն հարցին, թե ինչո՞ւ հենց Տիգրան Թորոսյանին է փրկություն առաջարկում, Թռչունիչը պատասխանեց. «Որովհետեւ էս հարսանիքի քավորն ինքն է»։ ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել