Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 29,2000 00:00

Սահմանադրական դատարանը Ինչպես միշտ, իշխանության թմբուկի մանրահարվածներին համաքայլ է շարժվում Հայաստանի արդարադատության այս վերին (թե՞ վերջին) ատյանը: ՍԴ-ն սկզբից անվավեր համարեց թիվ 5 ընտրատարածքում այն ընտրությունները, որտեղ հաղթել էր Եղիա Շամշյանը, այնուհետեւ վավեր ճանաչեց նույնատիպ ընտրությունները, որոնցում հաղթանակ տարավ Կիմ Բալայանը: Պատճառը հասկանալի է. «շեֆերի» կողմից հրահանգ կար՝ մեծացնել ԱԺ-ում դաշնակցական «քվոտան»: Իզուր էր այդ աղմուկը. Եղիան նույնքան լավ կծառայեր այս իշխանությանը, որքան Կիմը: «Օրինաց երկիրը» Ինչպես միշտ, գերսկզբունքայնությամբ փայլեց խորհրդարանի այդ խմբակցությունը, որը ՀՅԴ-ի հետ միասին, խստագույն վերջնագրեր էր ներկայացնում կառավարությանը՝ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման հետ կապված: Եվ չնայած կառավարությունը որեւէ ձեւով չարձագանքեց այդ վերջնագրերին, օրինաց երկիրականներից երկուսը կողմ քվեարկեցին այդ օրենքին առաջին ընթերցմամբ՝ դրանով իսկ ապացուցելով հայտնի ճշմարտությունը. չկան մշտական սկզբունքներ, կան մշտական բիզնես-շահեր: Աղվան Հովսեփյանը 21-րդ դարի իրավագիտության մեջ հաստատապես իր ուրույն տեղն է գրավելու «աղվանական մեթոդը» որպես բոլոր աղմկահարույց գործերի «բացահայտման» ձեւ՝ «սպանություն-ինքնասպանություն» պարզունակ սխեմայով: Հանրապետության դատախազ Հենրիկ Խաչատրյանին սպանել է նրա ստորադասը եւ հետո ինքնասպանություն գործել՝ իր այդ տարօրինակ վարքագծով, ի դեպ, ճանապարհ հարթելով պրն Հովսեփյանի դատախազ դառնալու համար: Հիմա պարզվում է, որ Արծրուն Մարգարյանն էլ է սպանություններ պատվիրել եւ հետո ինքնասպան եղել: Հրաշալի մեթոդ է. հանգուցյալներից հո չե՞ս հարցնի՝ ճի՞շտ է դա, թե՞ սուտ: Ափսոս, պրն Հովսեփյանին չեն հանձնարարել «հոկտեմբերի 27-ի» գործը. «աղվանական մեթոդով» վաղուց արդեն պարզ կդառնար, որ ահաբեկչությունը կազմակերպել էին Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել