ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏԻ ԵՎ ՎԱՏԹԱՐԱԳՈՒՅՆԻ ՄԻՋԵՎ Մեղրին անվտանգության գոտի դարձնելու գաղափարն առնչվում է ոչ միայն Հայաստանի, Ռուսաստանի, այլեւ Իրանի ազգային շահերին եւ պետական անվտանգությանը։ Եվ եթե պաշտոնական Ռուսաստանն առայժմ փորձում է ձեւացնել, թե այս հարցն իրեն չի մտահոգում, ապա Իրանն ամենեւին էլ անտարբեր չէ։ Իրանի արտգործնախարար Քամալ Խարազին Հայաստան կատարած իր վերջին այցելության ժամանակ, ըստ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական աղբյուրների, Հայաստանի իշխանությունների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է նաեւ այս հարցին եւ հասկացնել տվել, որ տարածքների փոխանակումը կարող է սպառնալ ոչ միայն Հայաստանի, այլեւ Իրանի պետական անվտանգությանը։ Այսօր Իրանը Հայաստանին դիտում է իբրեւ կարեւորագույն ռազմավարական գործընկեր այս տարածաշրջանում եւ, բնականաբար, չի ցանկանա որպես այդպիսին կորցնել նրան։ Ի վերջո, Հայաստանը Իրանի համար լավագույն ճանապարհ է դեպի Ռուսաստան ու Եվրոպա, մանավանդ որ, Թուրքիայով Եվրոպա դուրս գալու որեւէ տարբերակ Իրանի համար թանկ եւ անապահով է։ Տարածքների փոխանակման կամ Մեղրին անվտանգության գոտի դարձնելու հեռանկարը կարող է անբարենպաստ պայմաններ ստեղծել Իրանի համար, բայց նախեւառաջ վտանգավոր է Հայաստանի անվտանգության տեսանկյունից, քանի որ այս պարագայում մեր երկիրը հայտնվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի աքցանի մեջ։ Վրաստանն իր պետական շահերն ունի եւ բարիդրացի հարեւան լինելով հանդերձ՝ ապահով թիկունք չէ։ Տարածաշրջանում միակ պետությունը, որ քաղաքական ու տնտեսական ռազմավարական գործընկեր կարող է լինել՝ Իրանն է։ Վերջերս Իրանի պաշտոնատար անձանցից մեկն ասաց, թե Իրանը կարող է Հայաստանին կապ ապահովել ոչ միայն իսլամական աշխարհի, այլեւ հարավ-հյուսիս հարաբերությունների շրջանակներում։ Բայց բանն այն է, որ վերջին շրջանում, Հայաստան-Իրան հարաբերությունները, մեղմ ասած, այնքան էլ ջերմ չեն, ինչպես էին 3 տարի առաջ եւ սրա հիմնական պատճառներից մեկն էլ հայաստանյան իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունն է։ Վերադառնալով Մեղրիի խնդրին, նշենք, որ ըստ Իրանի պաշտոնական շրջանակների, այս գաղափարը Հայաստանին պարտադրված է Արեւմուտքի կողմից։ Նախկինում խոսքը գնում էր տարածքների փոխանակման մասին, բայց հայ հասարակության ցուցաբերած հակազդեցության շնորհիվ այն փոքր-ինչ փոխվեց։ Այսօր Մեղրին անվտանգության գոտի եւ Ադրբեջան-Նախիջեւան միջանցքի վերածելու առաջարկը դիտվում է իբրեւ Ղարաբաղի հակամարտության լուծման տարբերակներից մեկը։ «Արեւմուտքը փորձում է Հայաստանին պարտադրել Ղարաբաղի լուծման իր տարբերակները, որը ոչ այլ ինչ է, քան ընտրություն վատի եւ վատթարագույնի միջեւ»,- ընդգծեց իրանցի մի պաշտոնյա։ Արեւմուտքը նավթի եւ վառելանյութի հայթայթման խնդիր ունի ու քանի որ մեծ պրոբլեմներ ունի նաեւ արաբական երկրների հետ, ուստի փորձում է իր այս պահանջները բավարարել Միջին Ասիայի եւ Կովկասի պետություններում։ Անգամ այս հարցում Արեւմուտքը երկու խոչընդոտ ուներ։ Նավթը Թուրքիայով Եվրոպա հասցնելուն խանգարում էր քրդերի հիմնախնդիրը, որը մասամբ լուծվեց Օջալանի կալանավորումից հետո։ Մյուս խնդիրը, ի դեմս Հայաստանի՝ լուծման փուլում է։ Նախ Ղարաբաղը մեկուսացվում է բանակցային գործընթացից, որպեսզի հայաստանյան իշխանությունների համար դյուրին լինի այս հիմնախնդրի արեւմտյան տարբերակով լուծումը եւ միաժամանակ Հայաստանը տնտեսապես թուլացվում եւ կախման մեջ է դրվում Արեւմուտքից ու քաղաքականապես անկայունացվում է, որպեսզի առիթ լինի միջանցքի անվտանգության ապահովման անվան տակ ապահովել նաեւ Արեւմուտքի ֆիզիկական ներկայությունը Կովկասում, ուր Ռուսաստանի վերջին հենարանը Հայաստանն է։ Արեւմուտքը տարածաշրջանում ձգտում է ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական եւ ռազմական տիրապետության, որին խոչընդոտում է Հայաստանը։ Իրանն այսօր պատրաստ է դիվանագիտական միջոցներով կանխել այս գործընթացները եւ թույլ չտալ, որ Արեւմուտքն իրեն այնքան մոտ լինի, որ սպառնա Իրանի ազգային եւ պետական անվտանգությանը։ «Ի վերջո, սա պայքար է մի կողմից Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի, մյուս կողմից տարածաշրջանի ժողովուրդների միջեւ, եւ այս պայքարի արդյունքում կհաղթեն կամ վերջիններս, կամ՝ Արեւմուտքը»,- ընդգծեց իրանցի մի պաշտոնյա՝ ավելացնելով, թե Հայաստանի ղեկավարները հասկանում են, որ Մեղրին պետական շահերի եւ ազգային անվտանգության խնդիր է, եւ Արեւմուտքի ձեռքին խաղալիք չեն դառնա։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ