ԱԺ-Ն Ե՛Վ «ԱՆԱՍՆԱՖԵՐՄԱ» Է, Ե՛Վ «ԱՆԳԼՈՒԽ ՁԻԱՎՈ՞Ր» ՀԺԿ քարտուղար Հմայակ Հովհաննիսյանը երեկ ԱԺ-ում առաջինը ելույթ ունենալով՝ պահանջեց բերման ենթարկել ՀԺԿ-ի մյուս քարտուղար Արմեն Խաչատրյանին։ «Խորհրդարանն Օրուելի «Անասնաֆերման» չէ, ուր բոլոր անասունները հավասար են, բայց ոմանք ավելի հավասար են, քան մյուսները»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը։ Խոսնակին բերման ենթարկելու պահանջը նա նաեւ այսպես փաստարկեց, որ ԱԺ-ն չպիտի նմանվի անգլուխ ձիավորի՝ պետության երկրորդ դեմքը պետք է մասնակցի կարեւոր քննարկումներին։ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ Հանրապետական ընդունող հանձնաժողովը շատ զգուշորեն է ներկայացնում թվերն այն մասին, թե մեդալակիրներն ինչ արդյունքներ են ցուցաբերում քննություններում։ Երեկ հայտնի դարձավ, որ 292 մեդալակրից ընդունելության քննություն էր հանձնում 271-ը, որից 268-ն արդեն անցել է այդ փորձությունը, ընդ որում՝ 159-ը (59,3%-ը)՝ հաջող։ Դեռեւս չի բացահայտվում ԵՊՀ-ի իրավագիտության ու տնտեսագիտության «ռեկորդակիր» ֆակուլտետներ ընդունվածների թիվը, բայց այն զգալիորեն գերազանցում է պետպատվերով տեղերի թվին։ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՐՑԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ Եվրոատլանտյան խորհրդի շրջանակներում ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ՝ Կովկասի հարցերի վերաբերյալ։ Այստեղ տարածաշրջանի երկրները եւ բոլոր շահագրգիռ պետությունները հնարավորություն կունենան մասնակցել Կովկասին նվիրված քննարկումներին։