Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հուլիս 28,2000 00:00

Առանց սիգարետ ծուխ չի լինում «Ծխախոտային պատերազմին» վերաբերող մեր նախորդ հրապարակմամբ արդեն կանխատեսել էինք «պատերազմող» կողմերի զենքերի փոփոխության հնարավորությունը։ Այս կանխատեսումը երկար սպասեցնել չտվեց. հրապարակման հաջորդ օրն իսկ հայկական շուկայում հայտնաբերվեցին կեղծ «Bond» եւ «L&M» տեսակի սիգարետներ։ Միտումնավորություն տեսնելու ոչ մի ցանկություն չունենք, սակայն, կարծեք թե «մի քիչ» տարօրինակ է, որ այդ կեղծ սիգարետները հայտնվում են հենց հաստատագրված վճարների առնչությամբ սկսված դժգոհությունների թեժ պահին։ Ակնհայտորեն ինչ-որ մեկը ցանկանում է մեր հանրապետությունում գցել «Ֆիլիպ Մորիս» ընկերության վարկը։ Մեր դիտարկումներով այն կարող է լինել տեղական ինչ-որ արտադրող կամ մեկ այլ 3-րդ կողմ, որը ցանկանում է այս ձեւով հարվածել ներկրող կազմակերպության եւ տեղական արտադրողի մենաշնորհային իրավունքներին, կամ որեւէ կազմակերպություն՝ պետական որոշ մարմինների հետ համատեղ։ Վարկածներն, իհարկե, կարող են բազմաթիվ լինել, սակայն վերջնական խոսքը պետական համապատասխան մարմնինն է։ Պետական եկամուտների լրատվական ծառայությունից մեզ տեղեկացրին, որ նախարարության օպերատիվ վարչությունը շարունակում է կեղծ սիգարետների հետաքննությունը եւ միայն դրա ավարտից հետո կտան ստույգ պատասխան։ Այս խնդրի հետ կապված՝ այլ հարցերի պատասխանելու առնչությամբ, պետեկամուտների լրատվական ծառայության աշխատակիցը ձեռնպահ մնաց։ «Ֆիլիպ Մորիս» ընկերության պաշտոնական ներկրող «Պարես Արմենիա» ընկերության ղեկավար Հրայր Դեմիրճյանն, ի պատասխան մեր այն հարցի, թե միտումնավորություն չե՞ն տեսնում այս ամենում՝ ասաց, որ, սովորաբար, ոչ մի կեղծող այս կարգի սիգարետներ չի կեղծում։ Կեղծում են «Մարլբորոյի» կարգի սիգարետներ, քանի որ այդ դեպքում է միայն հնարավոր խոշոր գումարների շահույթ։ Նա նկատեց, որ Հայաստան այդ սիգարետների ներմուծման մասին՝ որեւէ տեղ գրանցում չի կատարվել։ Ավելին, տուփերի վրա փակցված են օրինական ակցիզային դրոշմանիշներ, որոնք միայն գործարանային պայմաններում կարելի է անել։ Ընդ որում, ակցիզային դրոշմանիշի վրա եղած սերիայով կարելի է պարզել, թե հատկապես ո՞ւմ են հատկացվել այդ դրոշմանիշերը՝ հետեւաբար եւ պարզել սիգարետների կեղծողներին։ Այսուհանդերձ, պրն Դեմիրճյանը նշեց, որ սա ոչ թե իրենց ընկերության խնդիրն է, այլ պետեկամուտների նախարարության եւ արտադրող կազմակերպության։ Մեզ հաջողվեց կապվել «Ֆիլիպ Մորիս» ընկերության Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի շտաբ-բնակարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վադիմ Սավելեւի հետ։ Նա հաստատեց Հրայր Դեմիրճյանի վերը նշված միտքը, թե այդ խնդրով տեղական կազմակերպությունը չի զբաղվում։ Քաջատեղյակ լինելով Հայաստանի ծխախոտային շուկայում տիրող իրադարձություններին, պրն Սավելեւը նշեց, որ «Ֆիլիպ Մորիս» ընկերության փորձագետներն աշխատում են տեղական պետական մարմինների հետ։ Նրա խոսքերով՝ սա ակնհայտ կեղծում է, սակայն միայն հետաքննության ավարտից հետո կկարողանան վերջնական պատասխան տալ։ Պարոն Սավելեւը տեղեկացրեց, որ «Ֆիլիպ Մորիսն» անհանգստացած է իր սպառողների համար եւ անում է հնարավոր ամենը՝ խնդիրը կարգավորելու համար։ Մեր այն հարցին, թե միտումնավորություն չե՞ն տեսնում այն բանում, որ հենց այս պահին (երբ Հայաստանում դժգոհություն կա հաստատագրված վճարների առնչությամբ) շուկայում հայտնվեցին կեղծ սիգարետներ՝ պրն Սավելեւը պատասխանեց. «Ես որեւէ կապ չեմ տեսնում»։ Նա նշեց, որ մաքսանենգությունը մշտապես գոյություն ունեցել է, եւ իր գոհունակությունը հայտնեց, որ Հայաստանի պետական մարմինները հայտնաբերել են այն։ «Մաքսանենգությունը վնասում է պետությանը, քանի որ այն չի կարողանում բոլոր հարկերը հավաքել, մաքսանենգությունը վնասում է բիզնեսով զբաղվողներիս, քանի որ այդպիսով կորցնում ենք մեր սպառողին, մաքսանենգությունը վնաս է նաեւ սպառողի համար, քանի որ վատ ապրանք է ձեռք բերում, եւ միայն մաքսանենգին է ձեռնտու»,- նշեց Վադիմ Սավելեւը։ Անշուշտ, միայն փորձաքննության արդյունքում կտրվի վերջնական պատասխան, բայց արդյոք հասարակությունն իսկապես կտեղեկանա՞, թե ինչպես եւ ինչ նպատակներով էին այդ կեղծ սիգարետները հայտնվել շուկայում։ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել