Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հուլիս 28,2000 00:00

ՄԻ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔԻՑ՝ ԿԱՐԵՎՈՐ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ նախագահի ռեֆերենտ Արմեն Դավթյանի վկայությունները հոկտեմբերի 27-ի գործի վերաբերյալ թերեւս երկրորդականներից չեն։ Նաիրի Հունանյանը, որին ճանաչում է ուսանողական տարիներից, զանգել էր նրան 1999-ի սեպտեմբերին եւ ասել, որ ուզում է խոսել Ալեքսան Հարությունյանի հետ. «Բջջայինի հեռախոսահամարն էր ուզում։ Ասացի, որ չունեմ՝ քաղաքայինով զանգիր։ Ասաց, թե քարտուղարուհին չի միացնում՝ քանի օր է, զանգում է. «Ոնց որ թե ցրում է։ Ես խնդրում եմ, եթե ես չմիանամ, դու Ալիկին ասա, որ ես զանգում եմ՝ թող վերցնի»։ Համաձայնեցի, բայց ես հասկացել էի, որ եթե քարտուղարուհին չի միացնում, ուրեմն Ալիկը չի ուզում նրա հետ խոսել ու վերջ»։ Հաջորդ օրը Նաիրի Հունանյանը նորից է զանգում ու դարձյալ բողոքում, որ իրեն չի հաջողվում Ալեքսան Հարությունյանի հետ զրուցել։ Արմեն Դավթյանն էլ պաշտպանում է, թե իսկապես շատ զբաղված են, Հայաստան-Սփյուռք համաժողովն են նախապատրաստում, արտասահմանից հյուրեր կան. «Հետաքրքրվեց, թե ես Ալիկին ասե՞լ եմ։ Պատասխանեցի, որ եթե քարտուղարուհուն այսքան զանգում է՝ երեւի իրեն փոխանցած կլինեն։ Ալիկը կիմանա, եթե ներկայացել է։ Ասաց, թե ներկայացել է»։ … Արդեն դեկտեմբերի 13-ին, հարցաքննության ժամանակ Արմեն Դավթյանը ստույգ չի մտաբերել, թե Նաիրի Հունանյանը հատկապես ե՞րբ էր իրեն զանգահարել։ Քննիչը հարցրել է, թե ի՞նչ եղանակ էր, պատասխանել է՝ «Տաք»։ Արձանագրվել է, որ այդ զրույցները եղել են ամռանը. «Քանի որ կյանքումս առաջին անգամ էի հարցաքննվում՝ նույնիսկ կարգը չգիտեի, որ ցուցմունքներս կարող եմ գրել իմ ձեռքով։ Քննիչն էլ ոչինչ չասաց»։ Պետք է նշել նաեւ, որ Ալեքսան Հարությունյանն այդ հարցաքննությունից միայն երկու օր անց է ձերբակալվել։ Եվս մի մանրամասն. հոկտեմբերի 27-ին նախորդած եւ հաջորդած ժամանակահատվածում Արմեն Դավթյանը Հայաստանում չէր։ Վերադարձից հետո հիշում է ամիսներ առաջվա այդ զանգերի մասին եւ նոր այդ ժամանակ է Ալեքսան Հարությունյանին պատմում դրանց մասին։ Հարցաքննության ժամանակ էլ դրական է պատասխանում քննիչի այն հարցին, թե արդյոք Նաիրի Հունանյանի զանգերի մասին ասել էր. «Բայց արձանագրության մեջ քննիչը չնշեց, որ միայն դեպքերից հետո եմ ես Ալիկին պատմել այդ մասին»։ Արդեն հարցաքննությունից հետո հիշելով, որ Նաիրի Հունանյանի զանգելու նախօրեին ինքն աշխատում էր Սփյուռք-Հայաստան խորհրդաժողովին վերաբերող նյութերի վրա, Արմեն Դավթյանն իր համակարգչի օգնությամբ (որտեղ նշվում է ամսաթիվը, թե տվյալ նյութը երբ է վերջին անգամ փոփոխությունների ենթարկվել կամ տպագրվել), հստակ պարզում է, որ վերջին զանգը եղել էր սեպտեմբերի 24-ին։ Այս ամենը նա հայտնում է արդեն երկրորդ հարցաքննության ժամանակ։ Այժմ համադրենք Արմեն Դավթյանի պատմածն այն ամենի հետ, ինչ հայտնի է հոկտեմբերի 27-ի գործի հրապարակված նյութերից։ Քրեական գործի մասի վարույթը կարճելու որոշման մեջ նշված է, որ Նաիրի Հունանյանը ցուցմունք էր տվել, թե ահաբեկչության «նախապատրաստման փուլում՝ 1999 թ. սեպտեմբերի կեսերին, ահաբեկչական գործողությունների նախնական ծրագիրն ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանի հետ քննարկելուց հետո, վերջինիս ցուցումով զանգահարել եւ հանդիպել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանին, որն էլ վստահեցնելով, թե տեղյակ է նախապատրաստվող հանցագործությունից, իր աջակցությունն է հայտնել»։ Ի դեպ, հիշեցնենք նաեւ, որ այս ցուցմունքներում, որոնցից հետո հրաժարվել էր՝ Նաիրի Հունանյանն Ալեքսան Հարությունյանի հետ հանդիպումների վայր էր նշել օպերայի հրապարակն ու «Առագաստ» սրճարանի մոտակայքը։ Երկուսն էլ, որ տարվա այդ եղանակին եւ մանավանդ օրվա մատնանշված ժամանակահատվածում՝ երեկոյան, թերեւս Երեւանի ամենամարդաշատ վայրերն են, մեղմ ասած, այնքան էլ հարմար չեն թվում գաղտնի եւ խորհրդապահական բնույթի հանդիպումների համար, ուր պիտի քննարկվեին ԱԺ նիստերի դահլիճը գրավելու եւ հեղաշրջման գործողությունները։ Սակայն վերադառնանք Արմեն Դավթյանի ցուցմունքներին։ Ստացվում է, որ նույն ընթացքում Նաիրի Հունանյանը ե՛ւ հանդիպում էր Ալեքսան Հարությունյանին, ե՛ւ ընդհանուր ծանոթի միջնորդությանը դիմում նրա հետ գոնե հեռախոսով խոսելու համար։ Թերեւս այս հակասությունը պարզելու համար էր նաեւ, որ գարնանը Արմեն Դավթյանին հրավիրում են առերեսման Նաիրի Հունանյանի հետ։ Ի դեպ, այդ ժամանակ նա դեռ չէր հրաժարվել նաեւ իր այն ցուցմունքներից, ըստ որոնց ինքը ամռանն էր փորձել հեռախոսով կապվել Ալեքսան Հարությունյանի հետ։ Բայց Նաիրի Հունանյանն այս առերեսման ժամանակ հաստատում է, որ Արմեն Դավթյանը ճիշտ է ներկայացնում՝ իրոք, սեպտեմբերին է զանգել։ Իսկ հակասությունը այսպես է բացատրում, թե ամռանն էլ է փորձել կապվել եւ, հնարավոր է, որ շփոթած լինի։ «Այդ ժամանակ քննիչը հարցրեց, թե մեկ ասում ես, որ սեպտեմբերի կեսերին հանդիպել ես Ալիկի հետ, մեկ էլ պարզվում է, որ սեպտեմբերի 24-ին դեռ անընդհատ փնտրե՞լ ես նրան»։ Արմեն Դավթյանի վկայությամբ, Նաիրի Հունանյանն այս հարցից մի քիչ շփոթվել էր, բայց հետո պատասխանել. «Այո՛, հանդիպել էի, բայց էլի էր պետք՝ կարեւոր բան կար ասելու»։ Հարցին, թե ի՞նչ կարեւոր ասելիք կար, պատասխանել էր, թե չի հիշում։ Բնականաբար, պիտի առաջանար այն հարցը, որը եւ ուղղել էր քննիչը. «Այդ ի՞նչ կարեւոր բան էր, որ դու զանգում էիր, Ալիկը չէր պատասխանում, ու հիմա էլ չես հիշում»։ Սակայն Հայկ Բաբուխանյանի հետ պատահածից հետո Նաիրի Հունանյանի համար բնութագրական էր դարձել՝ չէր մտաբերում կարեւոր տվյալները, բայց շատ լավ հիշում էր հարակից մանրամասները։ Պետք է նաեւ նշել, որ Արմեն Դավթյանին հայտնի չէ, թե ինչու էր զանգում Նաիրի Հունանյանը։ Սակայն գուցե այս հարցի վրա լույս է սփռում Հունանյանի լրագրող ընկերներից մեկի վկայությո՞ւնը, որը ցուցմունք էր տվել, թե հոկտեմբերից առաջ, վերջին կես տարում Նաիրին Ալեքսան Հարությունյանի անվան հիշատակությանն անգամ միշտ արձագանքել է. «Առաջինը դրան եմ կախելու» եւ հիմնավորել այսպես, որ իրեն գործ է խոսք տվել, բայց հիմա «ցրում է» եւ չի ցանկանում հանդիպել։ Կարեն Հունանյանն էլ ցուցմունք էր տվել, որ Ալեքսան Հարությունյանի մասին Նաիրի Հունանյանից «լսել է միայն բացասական արտահայտություններ եւ ոչ ավելին»։ Իսկ Էդիկ Գրիգորյանն ավելին է ասել՝ որ միայն հայհոյանքով էր հիշում։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել