ԳԱԶԻ ԳԻՆԸ 270 միլիոն դոլար կանոնադրական կապիտալ էր փոխանցել գազի համակարգը «Հայռուսգազարդ» ընկերությանը։ Ցայսօր հանձնվել է միայն 255 միլիոն դոլար։ Մնացած 15 միլիոնն ինչպե՞ս է համալրվելու։ Էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանի ասելով՝ այդ գումարը կմարվի շրջանառու միջոցների, մի շարք անավարտ շինարարությունների իրացման ձեւով։ Այսօր կրեդիտորական պարտքերը կազմում են 82 միլիարդ դրամ, դեբիտորականը՝ 68,9 միլիարդ դրամ։ Կառավարությունը պետք է օրենսդրությամբ սահմանված կարգով կատարի համապատասխան վերակառուցում։ Վարչապետի որոշմամբ խումբ է ստեղծված, որը ճշտում է պարտքերի ամբողջ ցուցակը։ Բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման դեպքում, արդյո՞ք չենք բախվի այնպիսի իրավիճակի, երբ հանրապետության քիչ թե շատ նորմալ մնացած արդյունաբերական ձեռնարկությունները կհայտնվեն ԲՑ-երի նոր սեփականատիրոջ ձեռքին։ Լրագրողներից մեկի այս հարցին Կարեն Գալուստյանը պատասխանեց. «Ես դրա մասին չեմ կարող ասել, որովհետեւ դա գործընթաց է, բայց ես կարող եմ հստակ ասել, որ այն օրենքում, որ գործում է այսօր, խոսքը էներգետիկայի մասին օրենքին է վերաբերում, ֆիքսված է, որ բաշխիչ ցանցեր ունեցող սեփականատերն իրավունք չունի նաեւ 35 տոկոսից ավել արտադրող ձեռնարկությունների բաժնետոմսերի տեր դառնալ։ Իսկ ինչ վերաբերում է գործունեությանը՝ կապված այլ ընկերությունների հետ, ապա, համենայնդեպս, մեր օրենքն այսօր չի խանգարի, եթե այդ բաշխիչ ձեռնարկությունների տերը վաղը Հայաստանում կազմակերպի էլեկտրատեխնիկական կամ այլ սարքավորումների ձեռնարկություն»։ ԷԼ ԴԻՄՈՒՄ ՄԻ ԳՐԵՔ Դեռ անցյալ տարի Մոսկվայում Հայաստանի դեսպանության ընդունարանում հավաքված էին լինում «Արմենիկումի» միջոցով սպիդից բուժվելու դիմումներ գրող հիվանդներ, որոնք դեռ հավատում էին, թե այդ դեղամիջոցն իրենց միակ փրկությունն է։ Այս տարի, սակայն, այդ ոգեւորությունը չկա, հատկապես Կոլեսնիկովի դեպքից հետո։ Դիմում գրող մարդկանց թիվը կտրուկ կրճատվեց։ Մարդիկ սկսեցին չհավատալ նաեւ այն բանից հետո, երբ հարյուրավոր դիմումներ գրեցին, հերթ կանգնեցին՝ համոզված լինելով, թե Հայաստանն իրենց կընդունի եւ կբուժվեն այդ ծանր վարակից, սակայն մարդիկ նկատեցին, որ այդպես էլ, այդքան հերթ կանգնելուց, դիմումներ գրելուց հետո ոչ մի տեղաշարժ չկա եւ ոչ մեկին չեն ուղարկում Հայաստան։ Այսինքն՝ անիմաստ էր դառնում Ռուսաստանի ծայրամասերից անգամ (ոչ միայն Մոսկվայից) հասնել Հայաստանի դեսպանություն, դիմումներ գրել, որոնք անպատասխան էլ մնալու են։ Ասել, թե «Արմենիկումի» շուրջ այստեղ վստահություն եւ հավատ կա, ճիշտ չէ։ ՀՀ ՔԱԳՎ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ Երեկ «Առավոտի» խմբագրություն զանգահարեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տեղեկատվության կենտրոնի պատասխանատուն եւ ասաց, որ հուլիսի 15-ին մեր թերթում զետեղված «ՀԱՈՒ ՊՓԲԸ-ն կարող է շահութաբեր լինել» վերտառությամբ հոդվածի դատողությունների հետ ՔԱԳՎ ղեկավարությունը բացարձակապես համաձայն չէ, եւ, որ նյութը որեւէ ձեւով չի արտահայտում վարչության ղեկավարության կարծիքը։ Թեեւ նյութի հրապարակումից առաջ հեղինակը եղել էր ՔԱԳՎ-ում եւ զրուցել վարչության պետ պարոն Յարալովի հետ, բայց վերջինիս որեւէ պատասխան լրագրողի հարցադրումներին՝ հրապարակման մեջ իր արտացոլումը չի գտել։ «Առավոտի» կողմից հավելենք, որ սույն նյութով հավակնություն չենք էլ ունեցել ներկայացնել ՔԱԳՎ կարծիքն ու վերաբերմունքը խնդրո առարկա հարցերի վերաբերյալ։ Մենք պատրաստ ենք տպագրել նաեւ ՔԱԳՎ ղեկավարության տեսակետն ու կարծիքը ավիացիայում տիրող իրավիճակի մասին։ Սեփ. լր.