Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 27,2000 00:00

Ձեր «ռազբորկաներն» այսպիսի ծանր գնով մի՛ արեք Պահանջում են ՀԺԿ-ի տարածքային կազմակերպությունները ՀԺԿ Արմավիրի եւ Վարդենիսի տարածքային կազմակերպությունները հանդես են եկել հայտարարություններով՝ հոկտեմբերի 27-ի գործի վերաբերյալ։ Ընդ որում, ՀԺԿ Արմավիրի տարածքային կազմակերպության կանանց հայտարարությանը միացել են նաեւ «Վերածնունդ» հասարակական կազմակերպությունը, Մարտունիի կին ընտրողների լիգան եւ ՀԺԿ Մարտունու տարածքային կազմակերպության կին անդամները։ ՀԺԿ Վարդենիսի տարածքային կազմակերպության հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Համբերել ենք, որպեսզի չվնասենք դարի ոճրագործության հետաքննությանը, պատվիրատուների բացահայտմանը։ Արդեն լցվել է ժողովրդի համբերության բաժակը, կորել հավատն ամենքի եւ ամեն ինչի նկատմամբ, չենք հավատում ներկա իշխանավորներին, որոնք հանցանքը կատարողներին ձերբակալել են եւ չեն ուզում հանցագործներին ձերբակալել»։ «Հավատում էինք նախկին ու ներկա զինակիցների ուժին, սկզբունքայնությանը, հավատարմությանը եւ, վերջապես, հանրապետության եւ կառավարության ղեկավարներին, նրանց խոստումներին։ Սակայն լցվել է ժողովրդի համբերության բաժակը, կորել հավատն ամենքի եւ ամեն ինչի նկատմամբ։ Ժողովուրդն այլեւս թույլ չի տա, որ տղերքը համեղ պատառներ փախցնելու իրենց «ռազբորկաները» կատարեն այդպիսի ծանր գնով»,- սա էլ մեջբերում էր ՀԺԿ Արմավիրի տարածքային կազմակերպության հայտարարությունից։ Եվ վերջապես մեջբերենք այն հայտարարությունից, որի ներքո վերոհիշյալ 4 կազմակերպություններն են ստորագրել. «Հանրապետության ղեկավարները, արդարադատության մարմինները վաղ թե ուշ պետք է պատասխան տան ժողովրդին՝ ո՞ւմ էր ձեռնտու այդ ոճրագործությունը, ո՞ւմ էր սարսափի մատնել Կարեն Դեմիրճյանի՝ քաղաքական ասպարեզ գալը։ (…) Վրդովեցուցիչ է, որ հանրապետության, ժողովրդի եւ արդարադատության համար պատասխանատուներն այսօր չափազանց անտարբեր դիրք են գրավել հոկտեմբերի 27-ի չարագործության հրահրիչների եւ կատարողների նկատմամբ։ Պատմությունը կդատապարտի նրանց եւ նրանց սերունդները դարեր շարունակ կապրեն անարգանքի սեւ խարանով։ Ոչ ոք ապահովագրված չէ այդպիսի ոճրի զոհ դառնալուց, քանի դեռ Հայաստանում անարգել անպատժելիությունն է տիրում։ Չարագործ մի ձեռք էլ վաղն անպայման կհասնի ամեն մի զազրելի չարագործի այսօր հովանավորողներին»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել