Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հուլիս 27,2000 00:00

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵՑ ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ Չնայած բաշխիչ ցանցերի մասնավորեցման օրենքն առաջին ընթերցմամբ ընդունելու քվեարկության պատկերը լուսատախտակին բավական երկար պահպանվեց՝ որեւէ մեկը չկարողացավ վիճարկել 64 «կողմ», 37 «դեմ» եւ 5 «ձեռնպահ» արդյունքները։ Ձայները բաշխվել էին հետեւյալ կերպ։ «Օրինաց երկիրը» ազատ էր քվեարկել՝ Արթուր Բաղդասարյանը եւ Արծրունի Աղաջանյանը՝ «դեմ», Սերգո Երիցյանը եւ Ստեփան Բարսեղյանը՝ «կողմ» եւ այլն։ Մինչդեռ խմբակցության տեսակետն արտահայտելիս Արթուր Բաղդասարյանը միանշանակ տեսակետ էր արտահայտել, թե 10 պահանջներ են առաջադրելու մինչեւ առաջին ընթերցումը եւ եթե չընդունվեն՝ դեմ են քվեարկելու։ Կարծես թե ոչ մեկն էլ չընդունվեց՝ ոչ որ 10 տարի սակագինը չպիտի փոխվի, ոչ որ սեփականաշնորհումը փուլային տարբերակով պիտի արվի… Սակայն «ՕԵ»-ից «կողմ» քվեարկողներ եղան այդ նախագծին, որ կուսակցության ղեկավարի հայտնած տեսակետով՝ չի բավարարում ոչ մի պահանջի, եւ դրա պատճառով ժողովուրդը զանգվածայնորեն կարող է հոսանքազրկվել ու ջրազրկվել։ Սաստիկ սկզբունքային եւ հետեւողական կուսակցություն է «Օրինաց երկիրը»։ ԱԺՄ-ն էլ ազատ քվեարկեց։ Սակայն Շավարշ Քոչարյանն այդ մասին նախօրոք ազնվորեն հայտարարել էր, թե սա այն բացառիկ դեպքերից է, որ ԱԺՄ-ի ձայները տրոհվել են։ Նա եւ Վազգեն Մանուկյանը «ձեռնպահ» քվեարկեցին, Արշակ Սադոյանը՝ «դեմ», իսկ Սեմյոն Բաղդասարյանը, Սեյրան Ավագյանը եւ Ֆիլարետ Բերիկյանը՝ «կողմ»։ «Իրավունք եւ միաբանությունը» մեկ մարդու պես «դեմ» քվեարկեց (չնայած այս անգամ նրանց «դավաճանեցին» այն անկախ պատգամավորները՝ Գագիկ Կոստանդյանը, Հարություն Փամբուկյանը եւ այլք, որոնք սովորաբար միշտ «ԻՄ»-ի պես էին քվեարկում)։ Արտաշես Գեղամյանը ի բացատրություն իրենց դիրքորոշման նախապես ասել էր, թե այս օրենքով նախագահն ու վարչապետը «փորձում են հիմքեր դնել առաջիկայում արմատապես փոփոխելու Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայությունները»։ Խմբակցության ղեկավարը սա կողմնորոշումների հարց էր դիտում եւ համարում, թե մեզ փորձում են կտրել մեր ռազմավարական դաշնակցից, այն է՝ Ռուսաստանից, որը մեզ չի ների դրա համար։ Կարծես նրա ելույթին պատասխանելով էր, որ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը հետո ասաց, թե որոշ գործընկերներ տարօրինակորեն ավելի ջերմեռանդորեն են պաշտպանում Ռուսաստանի շահերը, քան Պուտինն ու Կասյանովը, որոնք բոլորովին այլ տեսակետ ունեն այս խնդրի նկատմամբ։ ՀՅԴ քվեարկությունը թերեւս վճռորոշ էր այս խնդրի լուծման համար։ Խմբակցությունն ամբողջ կազմով «կողմ» քվեարկեց այն բանից հետո, երբ էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանն իր ամփոփիչ խոսքում լավագույնը համարեց նրանց առաջարկը, ըստ որի օրենքի նախագծի 9-րդ հոդվածում պիտի փոփոխություն կատարվի եւ առնվազն 3 տարվա ընթացքում սակագինը փոփոխման ենթակա չպիտի լինի։ Այսինքն, նաեւ չպիտի իջնի՞։ Առաջարկներ արել էր նաեւ «Հայաստան» խումբը, որն ազատ քվեարկեց։ «Մեր առաջարկած պահանջները գրեթե մեծ մասամբ ընդունվել են»,- քվեարկությունից հետո հայտնեց «Առավոտին» Մյասնիկ Մալխասյանը։ Այդ դեպքում ինչո՞ւ Հակոբ Հակոբյանը, Հրանտ Գրիգորյանը, Սասուն Միքայելյանը «դեմ» քվեարկեցին. «Որովհետեւ որոշ պայմաններ չէին բավարարվել։ Եվ նրանք, ում առաջարկները չէին բավարարվել՝ «դեմ» քվեարկեցին»։ Չենք սխալվի, եթե նշենք, որ երկրապահների մի քանի «կողմ» ձայներն էլ վճռական պահին փրկարար դարձան ՀՀԿ-ի իրենց նախկին գործընկերների համար։ Իզուր չէր Յուրի Բախշյանի ծննդյան տարեդարձի օրը վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երկրապահներին կոչ անում, թե պահն օրհասական է՝ եկեք դարձյալ համախմբվենք։ Կարելի է ենթադրել, թե ինչ կմնար կառավարությունից, եթե երեկ պարտվեր ԱԺ-ում։ Չէ՞ որ խորհրդարանում մեծամասնություն ունենալը վարչապետի գլխավոր արժանիքներից մեկն էր դիտվում, եւ նախագահի թիմը կարծես լուռ սպասում էր, թե արդյոք այժմ Անդրանիկ Մարգարյանը կհանձնի՞ այս բարդ քննությունը։ Մինչդեռ կոմկուսը, որ չնայած նախարար ունի կառավարությունում եւ նախորդ օրը պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանն անընդհատ ընդգծում էր, թե կառավարությունը միասնական է եղել սեփականաշնորհման հարցում՝ այսուհանդերձ, իրենց գաղափարախոսությունն ամեն ինչից վեր դասեցին եւ քվեարկեցին «դեմ»։ Այս առումով տարակույսներ որեւէ մեկը թերեւս չուներ։ «Կայունություն» խումբն այս անգամ ձեռնպահ մնաց իր դիրքորոշումն ազդարարելուց։ «Սափրված չեմ»,- ի պատասխան կեսկատակ ասաց խմբի քարտուղար Կարեն Կարապետյանը, երբ խնդրեցինք պարզաբանել, թե ինչու ելույթ չունեցան։ Սակայն ամեն տեսակ խոսքերից ավելի տպավորիչ էր քվեարկությունը. չնայած խմբի ներսում առկա որոշ տարաձայնություններին՝ բոլորը միահամուռ քվեարկել էին «կողմ»։ Վարդան Այվազյանն «Առավոտին» հետո ասաց, թե առաջին ընթերցումից հետո բազմաթիվ առաջարկներ են ներկայացնելու։ «Միասնությունը» նույնպես տեսակետ չհայտնեց՝ միասնական դիրքորոշման բացակայության պատճառով։ Հայտնի է, որ այս հարցի վերաբերյալ ՀՀԿ-ն եւ ՀԺԿ-ն տրամագծորեն հակառակ տեսակետն ունեն։ Ի դեպ, ՀԺԿ-ի մասին. այն իր քաղաքական խորհրդի նիստում որոշում էր կայացրել «դեմ» քվեարկել օրինագծին։ Սակայն ՀԺԿ ներկայացուցիչ երեք պատգամավորներ՝ Վլադիմիր Բադալյանը, Դավիթ Հովհաննեսն ու Արմեն Հակոբյանը քվեարկեցին «կողմ»։ Իսկ ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանն ավելի զարմանալի պահվածք դրսեւորեց. քվեարկության ընթացքում անխռով նստած էր եւ միայն վերջին պահին սեղմեց «դեմ» կոճակը։ Էլեկտրոնային համակարգն այն չարձանագրեց էլ։ … Ըստ ամենայնի, ավելի հետաքրքիր խաղերի ականատես կլինենք ուրբաթ օրը, երբ այս օրենքը քվեարկության կդրվի արդեն երկրորդ ընթերցմամբ։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել