Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 27,2000 00:00

ՀԱՅԵՐԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Մեր թերթի հուլիսի 19-ի համարում տպագրված «Այդ «քաղցր» բառը՝ Շենգեն վիզա» հոդվածում տեղեկացրել էինք, թե ինչպես էին Ֆրանսիա մեկնող հայ «տուրիստները» բազմաթիվ փորձությունների ու «Էրեբունի» հյուրանոցում տեղավորված «տուրիստական ֆիրմաների շնորհիվ» մեկ ամսից ավելի «լռվել» Լվովում։ Հավաստի աղբյուրից տեղեկացանք, որ խմբի մի մասին, այնուամենայնիվ, հաջողվել է հասնել… Հարավսլավիա։ Այստեղ պարզվել է, որ Հարավսլավիա մուտքի վիզան ավարտվում է այդ երկիր մտնելուց 2 օր հետո։ Հուլիսի 15-ին, երբ արդեն լրացել է վիզայի ժամկետը, հայ «տուրիստներին» օթեւանած հյուրանոցի ղեկավարությունը դուրս է հանել նրանց։ Հարավսլավիայի ոստիկանությունում հայտնված ՀՀ քաղաքացիները անելանելի վիճակում են հայտնվել։ Եվ միայն այդ խմբի անդամներից մեկի՝ հղի կնոջ առողջական վիճակի վատթարացման «շնորհիվ» հայերին թույլատրել են իրենց երկրում մնալ եւս մի երկու օր։ Մեր տվյալներով, խումբը, այդպես էլ Ֆրանսիան չտեսած, վերադառնում է Հայաստան։ Այս ուղեւորության հետ կապված՝ խմբագրությունը տիրապետում է այլ մանրամասների եւ միայն խմբի անդամներին հնարավոր վտանգներից զերծ պահելու համար չի տպագրում։ Նրանց վերադարձից հետո այս թեմային կանդրադառնանք առավել մանրամասն։ Լ. Մ. Ո՞Վ Է ԿԱԼԱՆԱՎՈՐԻ ԲԱՐԵԿԱՄԸ Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանը «Իմ բարեկամը» մրցանակն է սահմանել՝ քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների վերականգնման ուղղությամբ լավագույնս պայքարած լրագրողների համար։ Երեկ Մալաթիա-Սեբաստիա դատարանում հայտարարելով այդ մասին, Աշոտ Բլեյանը կոչ արեց քաղաքացիներին՝ առաջարկներով դիմել թիվ 38 խուց։ Սակայն Բլեյանի նորարարությունները սրանով չեն ավարտվում՝ նա հիմնել է 100 եւ ավելի դատական նիստերի մասնակցած կալանավորների ակումբ։ Առայժմ այդ ակումբի միակ անդամը ինքն է, քանի որ կալանավայրի պատմության մեջ նման երկարատեւ դատական պրոցես դեռեւս չի արձանագրվել։ Ըստ ամենայնի, Բլեյանի ռեկորդը հաղթահարել առաջիկայում էլ չի հաջողվի, քանի որ այս պրոցեսի վերջը այդպես էլ չի երեւում։ Որոշ վկաների դատարան բերելուց հետո դատավորը կրկին կանգնել է մյուս վկաների ցուցմունքները հրապարակելու խնդրի առաջ։ Եթե մեղադրող կողմի համար դա կենսական է եւ ավանդական, ապա Աշոտ Բլեյանի կողմից դիտվում է որպես իր իրավունքների կոպիտ ոտնահարում։ «Ես պահանջում եմ, որ ապահովեք իմ դեմ ցուցմունք տվողների հետ առերես հարցաքննվելու իմ իրավունքը»,- պնդում է նա, վկայակոչելով միջազգային իրավունքի նորմերը։ Ինչպե՞ս կարելի է հենվել դատախազության նկուղներում մարդկանցից կորզված ցուցմունքների վրա առանց դատարանում այդ անձանց հրապարակային ու բաց հարցաքննելու՝ նույնն է, որ ինչ-որ մարդկանց, բամբասանքի հիման վրա, առանց դատաքննության դատավճիռ կայացվի։ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՉՓՐԿԵՑ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի դեմ դեռ ամիսներ առաջ սկսված հետապնդումները, որին ինքը քաղաքական ենթատեքստ է տալիս, անհետեւանք չեն մնացել։ Երեկ հայտնի դարձավ, որ վերջինիս դեմ քրեական գործ է հարուցվել։ Սեփ. լր. «ԻՏԵՐԱՆ» ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՊԱՅՔԱՐԸ ՄԵՐ ԷԼՑԱՆՑԵՐԻ ՀԱՄԱՐ Ռուսաստանյան «ԻՏԵՐԱ» ընկերությունը, որը հեռացվել էր Հայաստանի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման առաջին մրցույթի մասնակցությունից, ըստ ամենայնի, մտադիր չէ հրաժարվել հետագա պայքարից: «ԻՏԵՐԱ-Հոլդինգ» ընկերության նախագահ Վալերի Օտչերցովը հուլիսի 24-ին Փրայմ-ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Հայաստանի խորհրդարանը որոշել է դադարեցնել սեփականաշնորհման գործընթացը՝ ըստ նախապես որոշված ծրագրի: «ՌԱՕ ԵԷՍ» եւ «Ռոսէներգոատոմ» ընկերությունների հետ համատեղ մենք Հայաստանի կառավարությանը առաջարկել ենք ստեղծել համատեղ ձեռնարկություն՝ հայ էներգետիկների, «ՌԱՕ ԵԷՍ»-ի, «Ռոսէներգոատոմ»-ի եւ «ԻՏԵՐԱ»-ի մասնակցությամբ՝ էներգետիկ ցանցերը համատեղ շահագործելու նպատակով: Դժվար է կանխատեսել, թե Հայաստանի իշխանությունները ինչ որոշում կընդունեն այս կապակցությամբ, եւ ինչ չափաբաժին կարող է ունենալ «ԻՏԵՐԱ»-ն համատեղ ձեռնարկության ստեղծման դեպքում: Մեզ առանձնապես չի մտահոգում մեր մասնակցության ծավալը այս նախագծում: Չափազանց կարեւոր է, որպեսզի գազից ստացվող էլեկտրաէներգիայի հաշվարկների ժամանակ միջոցները ուղղվեն ըստ նշանակման, եւ որպեսզի սկսվեն աշխատանքներ՝ լրացուցիչ եկամուտ բերող նախագծերի իրականացման ուղղությամբ: Ես ի նկատի ունեմ Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանման նախագծերը»: Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Հայաստանի էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը հայտարարել էր, որ Հայաստանի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման մրցույթին կմասնակցեն միայն 4 ընկերություններ՝ ամերիկյան «AES Silk Road», շվեյցարա-շվեդական «ABB», ֆրանսիական «Electricite de France» եւ իսպանական «Union Fenosa» ընկերությունները: ՄԵԴԻԱՄԱՔՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել