Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հուլիս 27,2000 00:00

$300.000` ԶԵՆՔ ՉՏԱՐԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ Wshingon file-ը տարածել է ԱՄՆ-ի եւ Հայաստանի պաշտպանության նախարարների հուլիսի 24-ի համատեղ ասուլիսի սղագրությունը: Սկզբից հայտարարությամբ հանդես եկավ Վիլյամ Քոհենը, որը պարզաբանեց, որ երկու նախարարների միջեւ ստորագրված զանգվածային ոչնչացման զենքի տարածումը արգելակող պայմանագիրը նախատեսում է ԱՄՆ-ի 300 հազար դոլարի հատկացում՝ սարքավորումների եւ ուսուցման համար: Դրա նպատակն է օգնել Հայաստանի մաքսային եւ սահմանապահ ծառայություններին՝ թույլ չտալ միջուկային, քիմիական եւ կենսաբանական զենքի եւ նրանց կոմպոնենտների փոխադրումը: Ըստ պրն Քոհենի, նման պայմանագիր ԱՄՆ-ը կնքել է եւս 9 երկրների հետ: Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ԱՄՆ պաշտպանության նախարարը կրկնեց հերթապահ ձեւակերպումները՝ կրակի դադարեցումը եւ Հայաստանի ու Ադրբեջանի հանդիպումները ողջունելու մասին: Իր հայտարարության մեջ Սերժ Սարգսյանը նշեց, որ Հայաստանը դեմ է զանգվածային զենքի տարածմանը եւ պատրաստ է համագործակցել այդ բնագավառում: Ըստ նախարարի, նրանք գտել են փոխադարձ հետաքրքրությունների ոլորտներ: Պրն Սարգսյանի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո Հայաստանի եւ ԱՄՆ-ի ռազմական համագործակցությունը նոր լիցք է ստանալու: Նա հույս հայտնեց ղարաբաղյան հարցի շուտափույթ լուծման առթիվ: Լրագրողների հարցերը, որոնք ուղղված էին բացառապես ԱՄՆ պաշտպանության նախարարին, հիմնականում կապված չէին ստորագրած պայմանագրի հետ եւ առնչվում էին միջուկային զենքի եւ հակահրթիռային պաշտպանության ընդհանուր հարցերին: Միայն մեկ հարց էր պարզաբանում՝ արդյոք պայմանագիրը ենթադրում է ամերիկյան զինուժի առկայությունը Հայաստանում: Նախարար Քոհենը այդ հարցին բացասական պատասխան տվեց: Վերջում ԱՄՆ պաշպանության նախարարության խոսնակ Քենեթ Բեքոնը հարցրեց՝ արդյոք հարցեր կան Հայաստանի պաշտպանության նախարարին: Պատասխանը լրագրողների լռությունն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել