ԴԱՏԱԿԱՆ ՖԱՐՍ Կարելի է շնորհավորել նախկին գլխավոր դատախազ, այսօր արդեն Վահան Հարությունյանի գործով պետական մեղադրող Աղվան Հովսեփյանին՝ Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածի հաստատման գործում եւ Վ.Հարությունյանի դատավարության ընթացքում արձանագրած հաջողությունների առիթով։ Դրանք կատարյալ ֆարս են։ «Հայոց աշխարհին» տված իր հարցազրույցում Ա.Հովսեփյանը հայտարարում է, թե նախաքննության ընթացքում ցուցմունքներ են եղել այս գործով Արծրուն Մարգարյանի դերակատարության մասին, բայց դրանց էական նշանակություն չի տրվել, որովհետեւ նա ինքնասպան է եղել։ Ավելին, իբր կան բավարար նյութեր, որոնք հիմք են տալիս եզրակացնելու, որ այդ հանցագործություններում ունեցած իր դերակատարության բացահայտումն է եղել Ա.Մարգարյանի ինքնասպանության շարժառիթը։ Պետական մեղադրողը, իհարկե, չի նշել, որ նախաքննության ընթացքում այս գործի առնչությամբ Ա.Մարգարյանի դեմ ցուցմունք է տվել միայն Վ.Հարությունյանը, որը պնդել է, թե իր տեղակալ Ա.Մարգարյանն ու օգնական Սերգեյ Մխիթարյանն իմացել են, որ Արթուր Հովհաննիսյանն ու Կարեն Ռաֆայելյանը Վ.Սիրադեղյանի հրամանով գնդակահարվելու են։ Վ.Հարությունյանի այս ցուցմունքն առերես հարցաքննության ժամանակ հերքել են ե՛ւ Ա.Մարգարյանը, ե՛ւ Ս.Մխիթարյանը։ Ու միայն Ա.Մարգարյանի սպանությունից հետո էր, որ այս ցուցմունքը հնարավոր եղավ շրջանառության մեջ դնել՝ արդեն դատաքննության ընթացքում։ Բայց Ա.Մարգարյանն այլեւս օբյեկտիվորեն չէր կարող ոչ հերքել այդ ցուցմունքը եւ ոչ էլ պատիվ պահանջել իրեն մեղսագրվող հանցագործությունների համար։ Դիակը, պարզապես, խոսել չի կարող։ Ավելին, դատաքննության ընթացքում Ա.Մարգարյանի մասին, հենց Վ.Հարությունյանի պահանջով, ցուցմունք է տալիս այն նույն Հրանտ Պապիկյանը, որն ամիսներ առաջ դատարանի վճռով դատապարտվեց եւ նույն օրն էլ ազատ արձակվեց՝ բարեհաջող կերպով հաստատելով, թե Ա.Մարգարյանն ինքնասպան է եղել։ Միջանկյալ ասենք, որ վերջինիս սպանության գործով նախկինում մեղադրվող երեք եւ միակ վկաներն այսօր ազատության մեջ են։ Հետաքրքիր է նաեւ, թե ի՞նչ կապ կարող է լինել Վահան Հարությունյանի եւ Հրանտ Պապիկյանի միջեւ։ Բայց սա առանձին թեմա է։ Ա.Մարգարյանի ինքնասպանությունը փաստարկող պարոն Հովսեփյանի նշած շարժառիթները անհամոզիչ չեն։ Իսկ գուցե ճշմարտությունն այն է, որ Ա.Մարգարյանը սպանվել է, որովհետեւ խանգարում էր Վ.Հարությունյանին խոսել եւ պատվեր կատարել։ Բացի այս, Ա.Մարգարյանի չգոյության դեպքում ոչ ոք եւ ոչինչ չէր կարող խանգարել, որ Վ.Հարությունյանը «մերկացումներ» աներ եւ հիշյալ սպանությունները բարդեր Ա.Մարգարյանի վրա։ Ա.Հովսեփյանը պնդում է, թե՝ «Այս հանցագործությունների կատարման գործում առավել ակտիվ դերակատարում է ունեցել Ա.Մարգարյանը. նրա մասնաբաժինն ավելի շատ է, քան Վ.Հարությունյանինը»։ Սա, թերեւս, անհրաժեշտ է Ա.Մարգարյանի ինքնասպանության վարկածն ամրապնդելու համար։ Ավելին, պարզվում է, որ պետական մեղադրողի կողմից ծանր հանցագործության մեջ մեղադրվող Վ.Հարությունյանը կասկածելիորեն «հոգատար վերաբերմունքի» է արժանանում եւ նրա նկատմամբ կիրառվում է ՔՕ 40 հոդվածը եւ պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ է պահանջվում՝ 8-15-ի փոխարեն՝ 7 տարի ազատազրկում։ Հարց է առաջանում, թե ինչո՞ւ նման մարդասիրական մոտեցում չի ցուցաբերվել Նորայր Թադեւոսյանի նկատմամբ, որը մեղադրվում է Մոսկվայից տաբելային զենք Երեւան բերելու մեջ եւ ոչ ավելին։ Ըստ Ա.Հովսեփյանի, փաստարկն այն է, որ Վ.Հարությունյանը «ակտիվությամբ էր նպաստում հանցագործության բոլոր հանգամանքների բացահայտմանը»։ Արդյոք սա՞ է ողջ իրականությունը եւ ոչ թե այն, որ Վ.Հարությունյանին ի սկզբանե չեն համոզել այսինչ ցուցմունքներ տալ այսինչ մարդկանց դեմ եւ հավաստիացրել, որ դրա դիմաց նա կստանա պատժի առավել քան նվազագույն չափը։ Մանավանդ նման գործարքի մասին «ինքնախոստովանականի» նման հայտարարել է հենց Ա.Հովսեփյանը. «Մի շարք պետություններում նույնիսկ մեղադրող եւ պաշտպանող կողմը կարող են առանձին բանակցություններ վարել, պայմանավորվածություններ ձեռք բերել. ասենք կասկածյալներից մեկը դատարանում ցուցմունք տա եւ օգնի բացահայտել ծանր հանցագործություն, եւ մեղադրող կողմը, ըստ պայմանավորվածության, նույնիսկ հրաժարվի մերկացնող ցուցմունքներով հանդես եկած անձնավորությանը ներկայացված մեղադրանքից»։ Այսօր, երբ Հայաստանի դատաիրավական համակարգը իշխանության վերին օղակներից, նախագահից եւ այլ կողմնակի ճնշումներից ձերբազատված չէ, երբ այս համակարգը հայտնի է իբրեւ կոռուպցիայի սուբյեկտ եւ քաղաքական ու անձնական հաշվեհարդարներ տեսնող մարմին, կա՞ երաշխիք, որ մեղադրող կողմը շանտաժի չի ենթարկել Վ.Հարությունյանին եւ գործարք չի առաջարկել՝ նվազագույն պատիժ կամ ազատություն՝ Վ.Սիրադեղյանի եւ Ա.Մարգարյանի դեմ ցուցմունքի դիմաց։ Երաշխիք չկա։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ