Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 26,2000 00:00

«ԱՎՄ»-Ն ՃՅՈՒՂԱՎՈՐՎՈՒՄ Է Երեկ Նորք-Մարաշի ջրային ռեսուրսների ինստիտուտում տեղի ունեցավ «Ազատամարտի վետերանների միության» մասնաճյուղի անդրանիկ հավաքը։ Հայտարարվեց, որ «ԱՎՄ»-ի մասնաճյուղերը թվով 52-ն են, իսկ անդամների թիվը՝ շուրջ 24000։ Միությունն ունի իրավական, սոցիալական, տնտեսական, գյուղատնտեսական, առողջապահական, կանանց եւ երիտասարդական խորհուրդներ, որոնք զբաղվում են վետերանների խնդիրներով։ Պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ՝ հայրենիքի համար զոհված ազատամարտիկների գերեզմաններն ու հուշարձանները բարվոք պահելու համար՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս։ Բացի այդ, կապեր են հաստատվում Հայաստանի, Սփյուռքի եւ աշխարհի վետերանական այլ կազմակերպությունների հետ։ Համատեղ իրականացվում են ռեաբիլիտացիոն բազմաբնույթ ծրագրեր։ Ասվեց նաեւ, որ «ԱՎՄ»-ն պարտավորված է նաեւ պետական բոլոր ատյաններում ու հասարակական ասպարեզում պաշտպանել վետերանների քաղաքացիական իրավունքները, ինչպես նաեւ զբաղվում է անհայտ կորած ազատամարտիկների որոնմամբ։ Հավաքի ժամանակ հնչեցին նաեւ դժգոհություններ Հայաստանում տիրող բարձիթողի վիճակի, ժողովրդի անտարբերության, արտագաղթի եւ այլ հարցերի վերաբերյալ։ Կանանց խորհրդի նախագահ Կ. Գրիգորյանն իր վրդովմունքն արտահայտեց այն մասին, «թե մի քանի տասնյակ մարդիկ օգտագործեցին կռիվը ի զեն իրենց շահերի եւ այսօր դարձան սպարապետներ, նախարարներ եւ այլն»։ Նա կանխատեսեց նաեւ, որ եթե Շիրազը կենդանի լիներ, ապա մի քանի տարի առաջ կմահանար՝ տեսնելով մեր երկրի վիճակը։ Վերջում ընտրվեց «ԱՎՄ»-ի խորհուրդ, որը կաշխատի Նորք-Մարաշ համայնքում տեղի բնակչության հետ, իսկ արեւելյան մարզաձեւերից մեկի ֆեդերացիան զոհված ազատամարտիկ Արմենակ Արմենակյանի տիկնոջը շնորհեց արիության մեդալ։ «ՎԱՀԱՆ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐ» Գերագույն դատարանում ընթացող «Վահան Հարությունյան եւ մյուսներ» դատական գործի դատական վիճաբանությունների փուլում երեկ մեղադրող կողմը միջնորդեց ամբաստանյալներ Վահան Հարությունյանին դատապարտել 7 տարի ազատազրկման, ուժեղացված ռեժիմի գաղութում, Նորայր Թադեւոսյանին՝ 10 տարի ազատազրկման, Սահակ Բալյանին՝ 15 տարի ազատազրկման, որից 5 տարին՝ բանտախցում, 10 տարին՝ խիստ ռեժիմի գաղութում, Մովսես Ներսիսյանին՝ 8 տարի ազատազրկման, Արթուր Խաչատրյանին՝ 8 տարի ազատազրկման, Մկրտիչ Առաքելյանին՝ 9 տարի ազատազրկման։ Մեղադրող կողմը միջնորդեց ամբաստանյալներ Մուրադ Դաշտոյանին, Գագիկ Պետրոսյանին եւ Հայկ Աղաջանյանին դատապարտել 6-ական տարի ազատազրկման, միայն Երանոս Մելքումյանին՝ 5 տարի, եւ բոլոր չորսին էլ ազատել պատժի կրումից՝ հաշվի առնելով ԱԺ-ի՝ համաներման մասին համապատասխան որոշումները։ Ընդհանրապես, մեղադրող կողմը փաստեց, որ մեղադրանք ներկայացնելիս, առաջնորդվել է նրանով, որ բոլոր ամբաստանյալներն էլ դրական են գնահատվել, ունեն անչափահաս երեխաներ, իսկ Վահան Հարությունյանի նկատմամբ դատավճիռ տալիս հաշվի է առնվել, որ վերջինս իր ցուցմունքներով օգնել է գործի բացահայտմանը։ Վահան Հարությունյանի եւ Սահակ Բալյանի դատապաշտպանը գտավ, որ խիստ պատիժներ են տրվել եւ պաշտպանական ճառի համար խնդրեց 15 օր։ Դատարանը վճռեց հաջորդ նիստը հրավիրել օգոստոսի 7-ին, ժամը 11.30-ին։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել