«ՀԱՄԱՐՅԱ ՎԱՐՉԱՊԵՏԻ» ԱՅՑԸ ԱՄՆ Հուլիսի 24-ին սկսվելու է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի այցը Վաշինգթոն: Ամերիկյան պաշտոնատար անձանց հետ հանդիպման ժամանակ քննարկվելու են նաեւ ղարաբաղյան հակամարտության եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Հուլիսի 26-ին Հայաստանի պաշտպանության նախարարը վերադառնալու է Երեւան: Նշենք, որ փորձագետների մեծ մասի կարծիքով, Սարգսյանի այցը Վաշինգթոն նշանակալից բնույթ ունի: Վաշինգթոնը, ինչպես եւ Մոսկվան բացեիբաց ընդունում են, որ ներկայիս պաշտպանության նախարարը Հայաստանի ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է, եթե ոչ՝ ամենաազդեցիկը: Ավելին, բազմաթիվ դիտորդների համոզմամբ, արդեն այս քաղաքական աշնան սկզբում, որը խոստանում է «թեժ» լինել, հանրապետությունը կունենա մեծ հավակնություններ ունեցող մի նոր վարչապետ: Եվ, հավանական է, վարչապետ կդառնա Սերժ Սարգսյանը՝ քաղաքական գործիչ, որն ուզում է ստանալ թե՛ Մոսկվայի եւ թե՛ Վաշինգթոնի աջակցությունը: Ըստ sng.ru թերթի պատրաստեց Ա. Բ. Լուսանկարում պատկերված է նախագահական թիմը: Առավել փակ վերնաշապիկով, գլուխը դեպի Ռոբերտ Քոչարյանը թեքած՝ Սերժ Սարգսյանն է: Ի դեպ, «Առավոտի» կանխատեսումներով, ոչ մի «թեժ աշուն» էլ չի լինելու: Մեզ սպասում են «կայունության» (ինչպես նաեւ ավտորիտարիզմի, չքավորության եւ արտագաղթի) ոչ միայն տարիներ, այլեւ տասնամյակներ: 2003 թվականին Ռոբերտ Քոչարյանը կեղծիքներով «վերընտրվելու է» նախագահ: Իսկ 2008-ից սկսած՝ նա ամեն հինգ տարին մեկ անգամ անց է կացնելու կեղծ հանրաքվեներ՝ իր լիազորությունը երկարաձգելու համար: Հաշվի առնելով նախագահի լավ մարզավիճակը եւ փայլուն առողջությունը, դա կարող է տեւել 35-40 տարի: