Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 26,2000 00:00

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՔՎԵԱՐԿԻ «ԽԸԽ ԾԼխժծՆԽԼլ» Էներգետիկ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման հարցը շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ։ Որոշ կուսակցական գործիչներ պոպուլիստական հայտարարություններ են անում մեր ազգային ունեցվածքը բաժան-բաժան անելու «լկտիության» մասին, իսկ ուրիշները իրենց բաժին հասած իշխանությունից կառչելով՝ ամեն կերպ ձգտում են իրականացնել պատվերը։ Այս իրավիճակում սեփականաշնորհման դեմ բուռն կրքոտությամբ պայքարում են մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ, կոմունիստները, «Իրավունք եւ միաբանությունը», ՀԺԿ-ն եւ խորհրդարանից դուրս մնացած ՀՀ քաղաքացիների մի ստվար մասը։ Սա ակնհայտ է։ Մենք փորձեցինք բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման մասին զրուցել աջ ուժերի ներկայացուցիչների հետ։ Թվում է, որպես ընդդիմություն, աջ ուժերը պետք է դեմ լինեին այն բանին, ինչ ուզում են այսօրվա իշխանությունները։ Մյուս կողմից՝ ինչպե՞ս կարող են նախկին իշխանությունները դեմ լինել սեփականաշնորհմանը։ Բաբկեն Արարքցյան («Արմատ» հասարակական կազմակերպություն)- Ընդհանուր առմամբ մեր մոտեցումն այն է, որ սեփականաշնորհումը ճիշտ է, բաշխիչ ցանցերը պետք է սեփականաշնորհել։ Սակայն հարցն այն է, որ այս դեպքում եւս, ինչպես կոնյակի գործարանի սեփականաշնորհման ժամանակ, առաջարկված գինը չի համապատասխանում իրական արժեքին։ Ես համոզված չեմ, որ, ինչպես եւ նախորդ դեպքերում (կոնյակի եւ «ԱրմենՏելի» սեփականաշնորհման ժամանակ), խոստացված ներդրումները կիրականացվեն։ Իսկ ընդհանրապես, մեր տնտեսությունը խիստ վատ վիճակում է եւ սեփականաշնորհումն անհրաժեշտ է։ Սակայն հատուկ երաշխիքներ են հարկավոր, որ ներդրումները ճիշտ կօգտագործվեն, կոնկրետ պետք է ասվի՝ ի՞նչ ժամկետներում են ներդրումներն իրականացվելու, ի՞նչ չափի պետք է լինեն այդ ներդրումները, եւ ի՞նչ արդյունք է դրանցից ակնկալվում։ Այս ամենն այսօր մշուշի մեջ է։ Ինչպես «ԱրմենՏելի» եւ կոնյակի դեպքում խոստումները չիրականացան, այս դեպքում եւս չեն իրականանալու։ Դավիթ Շահնազարյան («21-րդ դար» կուսակցություն)- Բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումը պետք է իրականացվի, այստեղ ցանկացած այլ մոտեցում ուղղակի քաղաքական պոպուլիզմ է, որը հանրապետությունում վերջին տարիներին վերածվել է ուղղակի համաճարակի։ Գրեթե համոզված եմ, որ այս խորհրդարանը քվեարկելու է։ Ուրիշ բան, որ կփորձեն նույն պոպուլիզմի լայնածավալ դրսեւորումներ իրականացնել, անձնական շահեր հետապնդել, իրենց քվեարկությունը, կոճակ սեղմելը դարձնել առեւտրի առարկա, ինչը որ խիստ բնորոշ է այս խորհրդարանին։ Բայց այլընտրանք չկա, բաշխիչ ցանցերը պարտադիր պետք է սեփականաշնորհել։ Այլ հարց է, թե ինչպե՞ս։ Ես չեմ կարծում, որ այսօրվա իշխանությունը ի վիճակի է արդյունավետ սեփականաշնորհում իրականացնել, սակայն նույնիսկ այդ ձեւով համարում եմ, որ սեփականաշնորհելը ավելի ճիշտ կլինի, քան չսեփականաշնորհելը։ Եվ որքան շուտ սեփականաշնորհվի, այնքան լավ։ Վիգեն Խաչատրյան (Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն)- Մեզանում սեփականաշնորհման նկատմամբ վերջերս մի փոքր այլ հասարակական կարծիք է ձեւավորվել, թե դա միջոց է, որի շնորհիվ պետությունը իր ունեցվածքն է վաճառում։ Իհարկե, սեփականաշնորհման նպատակը բնավ վաճառելը չէ, այլ ավելի արդյունավետ տնտեսավարման ձեւերի ընտրությունը։ Այդ առումով մենք միշտ կողմ ենք եղել սեփականաշնորհմանը, այդ թվում նաեւ բաշխիչ ցանցերի, որովհետեւ բոլոր դեպքերում մասնավոր տնտեսավարող սուբյեկտը ավելի արդյունավետ է տնօրինում իր սեփականությունը, որից ե՛ւ պետությունն է շահում, ե՛ւ հասարակությունը։ Անկասկած, մենք կողմ ենք, որ սեփականաշնորհման այս երեւույթներն իրենց օրինաչափ ավարտին հասնեն։ Բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումը անխուսափելի էր եւ պետք էր վաղուց կատարել։ Իսկ թե ինչպե՞ս են մնում, ի՞նչ մեթոդներ են կիրառում, այս ամենի մեջ ես առանձնապես չեմ խորացել, որովհետեւ անիմաստ եմ համարում՝ հաշվի առնելով այս իշխանությունների որակը։ Համոզված եմ (ես ցավով եմ դա նշում), որ այս քայլը արդյունավետ չի լինելու, ինչպես եւ մյուս քայլերը, քանի որ մենք այսօր գործ ունենք որակազրկված իշխանության հետ։ Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել