Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 25,2000 00:00

Երեւան. Բաղրամյան փողոց Ըստ պաշտոնական աղբյուրների՝ 1999 թվականին Հայաստանից արտագաղթել է շուրջ 80 հազար մարդ։ Սա նախորդ տարվա համեմատ 2 անգամ ավելի է։ Այս տարվա մասին թվերը թեպետ վերջնական չեն, բայց՝ խոսուն են։ Այսօր մի քիչ մարդ է երեւում միայն մայրաքաղաքի կենտրոնում։ Երեւանում փողոցներ կան, որոնք նույնիսկ ցերեկվա ժամերին անմարդաբնակ կղզու տպավորություն են թողնում։ Շրջանների եւ սահմանամերձ գյուղերի պատկերն ավելի տխուր է։ Որո՞նք են արտագաղթի պատճառները։ Խիստ բանաստեղծական խառնվածքի մարդիկ, ում համար հայրենասիրությունը սիրուն ոտանավոր է եւ ոչ թե իրական, հողեղեն մի բան, պնդում են, թե մարդիկ հեռանում են, որովհետեւ վաղվա օրվան չեն հավատում, հույսը մեռել է։ Ավելի իրատեսներն այն կարծիքին են, որ մարդիկ իրենց ա՛յս օրը չեն կարողանում ապրել, եւ պատճառը խիստ առարկայական է՝ աշխատանք չունեն։ Աշխատանք չունենալու պատճառով հանրապետությունը լքողներն ամենամեծ տոկոսն են կազմում՝ մոտ 35 տոկոսը։ Իսկ զարգացման հեռանկարների նկատմամբ հավատ չունեցողները կազմում են հեռացողների 6 տոկոսը միայն, սոցիալական-բարոյական անառողջ մթնոլորտի պատճառով հայրենիքը լքում միայն 5 տոկոսը։ Երեւանի Բաղրամյան պողոտայում գտնվող ԱՄՆ դեսպանատան մոտ հերթերը երբեք չեն պակասում։ Թեպետ ԱՄՆ հյուպատոսական ծառայությունը Երեւանում իրավունք ունի միայն տուրիստական եւ բիզնես վիզաների թույլտվություն տալ եւ ոչ թե մշտական մեկնումի։ Որպես կանոն, ԱՄՆ դեսպանատան մոտ հավաքվածները համեմատաբար կոկիկ եւ մաքուր քաղաքացիներ են։ Յուրաքանչյուրը ձգտում է հնարավորինս լավ տպավորություն թողնել հյուպատոսի վրա։ Եվ որպես կանոն, այս մարդիկ լրագրողի հետ չեն ուզում խոսել, չգիտես՝ ինչո՞ւ, շատերին թվում էր, թե դեսպանատան շենքից իրենց «նկարում են», եւ լրագրողի հետ հարցազրույցից առաջ խոսելն իրենց օգտին չի լինի։ Իսկ նրանք, ովքեր, այնուամենայնիվ, համարձակվում էին խոսել, ասում էին, թե մեկնում են. մեկը՝ քրոջը կամ եղբորը այցելելու, մյուսը՝ ծնողներին, երրորդը՝ մանկության ընկերոջը։ Գրեթե բոլոր դեպքերում զրուցակիցներս պնդում էին, թե ճանապարհածախսը եւ Նահանգներում ապրելու ծախսերը հոգալու են հրավիրողները։ Ի դեպ, մոտ 50 դոլար վճարը, որը պարտադիր է փաստաթղթերի հետ մուծել, շատերը պատրաստ են մի քանի անգամ վճարել։ Այսինքն՝ մերժումը դեռ վերջը չէ։ Կարելի է բազմիցս դիմել։ Երեւանում գործող ԱՄՆ հյուպատոսական ծառայությունից իմացանք, որ այս տարվա ընթացքում ԱՄՆ մեկնելու վիզաներ են տրվել (տուրիստական եւ բիզնես վիզաներ) 6017 ՀՀ քաղաքացու։ Մերժվել է 6165 քաղաքացի։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թվերի մի փոքր տեղաշարժ կա՝ անցած տարի վիզա է տրվել 5280 մարդու, մերժում՝ 6605։ Մերժման հիմնական պատճառն այն է, որ ՀՀ քաղաքացին ԱՄՆ հյուպատոսի կամ փոխհյուպատոսի հետ հանդիպման ժամանակ չի կարողանում համոզել, թե ինքը մեկնում է՝ վերադառնալու համար։ Արտագաղթի հետեւանքներն այսօր եւս վառ են արտահայտված, իսկ վաղը առավել կընդգծվեն։ Արտագաղթի հետեւանքով հանրապետության բնակչությունը ծերացած է։ Բնակչության աճը պակասել է մոտ 24 տոկոսով։ Արտագաղթի հետեւանքով սահմանափակվել են նաեւ ամուսնությունները՝ 18-20 տարեկան 1000 աղջկան բաժին է ընկնում ընդամենը 700 պատանի։ Նույն պատճառով շատացել են նաեւ ամուսնալուծությունները։ Վերջերս, մի առիթով, Հրանտ Մաթեւոսյանը արտագաղթի թեման բանաստեղծականացնել փորձողին շատ խիստ ուղղեց, ասելով՝ մարդիկ մեկնում են, որովհետեւ աշխատանք չունեն եւ աշխատատեղ չի ստեղծվում, այս մասին խոսեք։ Թվում է, թե երկրի առաջին դեմքերը պետք է առաջին հերթին անհանգիստ լինեն, որ ժողովուրդը լքում է երկիրը։ «Ավերակացս ինչպե՞ս թագավորեմ»-ը, հավանաբար, չի անհանգստացնում։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել