Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 25,2000 00:00

ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆԸ ԵՐԵԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ Զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի ստորագրությամբ պատգամավորներին բաժանված տեղեկանքը՝ հոկտեմբերի 27-ի գործով մինչեւ վերջերս մեղադրվող մի քանի անձանց նկատմամբ քրգործի կարճման հիմքերի վերաբերյալ, նոր խառնաշփոթ առաջացրեց։ 27-ի զոհերի հարազատները, մեղմ ասած, չեն հավատում, թե կալանքից ազատված անձինք իրականում անմեղ են եւ գործի կարճումը քաղաքական կոնյունկտուրային հարմարվելու արդյունք չէ։ Պատգամավորները դժգոհում են, թե զինդատախազությունը նախաքննական մարմնի գործունեության պատասխանատվությունը փորձում է բարդել օրենսդիրների վրա՝ եթե վերջիններս չեն բողոքում այս մարդկանց նկատմամբ գործի կարճումից, ուրեմն՝ նախաքննական մարմնի սույն որոշումն արդարացված է։ Եթե ոչ՝ ուրեմն տուժողները կարող են նախաքննական մարմնի որոշումները բողոքարկել։ Գործով նախկին կասկածյալներից մեկը՝ Նաիրի Բադալյանը, երեկ մի հայտարարություն է տարածել, որով կասկած է հայտնում, թե զինդատախազ Գ.Ջհանգիրյանը «միտումնավոր է գործի կարճման որոշումը շարադրել այնպես, որ հետագայում այն շահարկումների տեղիք տա»։ Բանն այն է, որ հիշյալ տեղեկանքի մի քանի էջերում շարադրված են նախկին կասկածյալների կալանավորման հիմքերը եւ ընդամենը 3-4 տողով ներկայացված են այն հիմքերը, որոնցով վերջիններիս նկատմամբ գործերը կարճվում են։ Նաիրի Բադալյանն իր հայտարարության մեջ մասնավորապես անդրադարձել է այն ցուցմունքներին, որոնց հիման վրա իրեն մեղադրանք է առաջադրվել։ «Իմ նկատմամբ քրեական գործը կարճելու որոշման մեջ շարադրվում են իմ վերաբերյալ ակնհայտ կեղծ ցուցմունքներ տված անձանց անուններն ու նրանց զրպարտչական ցուցմունքները, բայց չեն ներկայացվում այն անհերքելի հիմքերը, որոնցով ընթերցողի համար ակնհայտ դառնար այդ ցուցմունքների զրպարտչական բնույթը։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ իր ժամանակին զինդատախազությունը նախահարձակ չեղավ եւ քրգործ չհարուցեց ինձ ակնհայտորեն զրպարտած լրագրող «վկաների» եռյակի վերաբերյալ։ Իսկ այդպիսի գործ նա պարտավոր էր հարուցել ոչ միայն եւ ոչ այնքան ՀՀ քաղաքացի Նաիրի Բադալյանին զրպարտելու, որքան քննչական խմբին ապակողմնորոշելու համար»,- ասված է Ն.Բադալյանի հայտարարության մեջ։ Վերջինս անդրադարձել է նաեւ Գ.Ջհանգիրյանի այն հայտարարությանը, թե ազատ արձակվածների նկատմամբ քրգործերը կարճվել են, որովհետեւ Նաիրի Հունանյանը հրաժարվել է նրանց դեմ տված իր նախկին ցուցմունքներից։ «Որտեղի՞ց է գալիս եւ ի՞նչ նպատակ ունի ինձ զրպարտած եռյակին ամեն կերպ պաշտպանելու զինդատախազի մղումը։ Մասնավորապես այդ դեպքում ինձ համար անհասկանալի է դառնում, թե այդ ինչպե՞ս է զինդատախազը նոյեմբերի 1-ին ինձ ձերբակալելու որոշում կայացրել, երբ Ն.Հունանյանից իմ դեմ ցուցմունք են «ստացել» միայն հունվարի 8-ին։ Ստացվում է, որ նոյեմբերի 1-ին քննությունը վարող զինդատախազության քննչական խումբն արդեն գիտե՞ր, որ երկուսուկես ամիս հետո Ն.Հունանյանը ինչ ցուցմունքներ է տալու»,- ասված է հայտարարության մեջ։ Անդրադառնալով հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատների հայտարարությանը, Նաիրի Բադալյանը շեշտում է, թե «Ես հասկանում եմ՝ առանց իմ անմեղությունը հաստատող ապացույցների շարադրման քրգործի կարճման այդօրինակ որոշման նկատմամբ զոհվածների հարազատների վրդովմունքը, սակայն նրանցից կխնդրեի հատուկ հայտարարությամբ ինձ հրեշավոր ոճրագործության մեջ մեղավոր հայտարարելուց առաջ ծանոթանալ իմ մասով քրգործի նյութերին… Ինչ վերաբերում է ինձ, ապա ես պատրաստ եմ, եթե այդպիսիք պահանջվեն, իմ գործի վերաբերյալ ցանկացած լրացուցիչ պարզաբանումներ տալու զոհվածների հարազատներին։ Ցանկալի կլիներ, որ շահագրգիռ կողմերը ծանոթանային եւ իրավական գնահատական տային նաեւ իմ ձերբակալության «հիմքերին»։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել