ՄՈՒՇԵՂ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է Անցյալ շաբաթավերջին հայտարարությամբ հանդես է եկել ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը։ Նա մեկն էր այն մարդկանցից, որ մեղադրվում էր հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը դրդելու մեջ, եւ, որի նկատմամբ քրգործը կարճվեց ընդամենը վերջերս։ Պատգամավորն իր հայտարարության մեջ մեղադրանք է ուղղել իրավապահ մարմինների եւ մասնավորապես զինդատախազությանը, պնդելով, թե անցյալ տարվա նոյեմբերի 10-ին ԱԺ-ում իր ձերբակալությունն ընդամենը քաղաքական շոու է եղել։ Մ.Մովսիսյանը հայտարարել է, թե իրականում ինքը ձերբակալվել էր դեռ նոյեմբերի 5-ին եւ մինչեւ խորհրդարանում անձեռնմխելիության իրավունքից զրկվելը՝ 5 օր շարունակ ապօրինաբար ազատազրկման մեջ է եղել։ Խորհրդարան բերման ենթարկվելուց առաջ մեկուսարանում նրան սպառնացել են ելույթ չունենալ, քանի որ հնարավոր է, որ հենց այնտեղ իրեն սպանեն։ Ավելին, իր հայտարարության մեջ Մ.Մովսիսյանը տեղեկացնում է, թե իրականում միայն իր ձերբակալության եւ բնակարանի խուզարկության հաջորդ օրն է Նաիրի Հունանյանն իր դեմ կեղծ ցուցմունքներ տվել։ Մենք երեկ զրուցեցինք պարոն Մովսիսյանի հետ եւ փորձեցինք պարզել, թե հրապարակված հայտարարությանն արդյոք զինդատախազությունն արձագանքե՞լ է։ Պատասխանը բացասական էր։ Կարելի է ենթադրել, որ քննչական խումբը կամ տեղյակ չէ Մ.Մովսիսյանի հայտարարությանը, կամ, պարզապես, իրեն ուղղված մեղադրանքների պատասխանը չունի։ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԻ ՀԵՐՔՈՒՄ Կառավարության լրատվական վարչությունը ի պատասխան այն տեղեկատվության, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն է հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանին առաջարկել դահլիճ հրավիրել նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանին, պատասխանեց. «Վարչապետը չի բացառում, որ այդ պահին որպես ելք կարող էր նման բան ասած լինել։ Անդրանիկ Մարգարյանը հիշեցրեց ստեղծված իրավիճակը, երբ իրենց աչքի առաջ, հաշված րոպեների ընթացքում, գլխատվել էին երկրի օրենսդիր եւ գործադիր իշխանությունները։ Այս պարագայում ինչպե՞ս կարելի էր ոճրագործների պահանջով նախագահին հրավիրել դահլիճ, ոչ մի երաշխիք չունենալով, որ մարդասպանները վերջ չեն դնի նաեւ այդ պահին երկրում մնացած միակ ղեկավարի կյանքին, ինչը հանրապետությունում կստեղծեր քաոս, անկառավարելի իրավիճակ, հարցականի տակ դնելով Հայաստանի անվտանգությունն ընդհանրապես։ Այս պարագայում, բնական է, որ խորհրդարանի դահլիճ երկրի նախագահի մուտքը՝ ամեն դեպքում պետք է բացառվեր։ Ուստի հասկանալի է, որ բացառելով նախագահի հանդիպումը ոճրագործների հետ՝ իրավիճակը չսրելու, նոր զոհերից խուսափելու համար, դահլիճ պետք է կանչվեր նախագահին ներկայացնող մեկ այլ պաշտոնյա»։ Սեփ. լր. ԿԱՐԵՆ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՓՈԽՎԵԼ Է «Հոկտեմբերի 27-ի քրեական գործի նախաքննության ավարտից հետո, պաշտպանյալիս հետ փոխադարձ համաձայնության գալով, դադարել եմ նրա պաշտպանությունն իրականացնելուց»,- ասաց մեղադրյալ, հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում զինված հարձակում իրականացրած Կարեն Հունանյանի պաշտպան Կիմա Մելքոնյանը եւ ավելացրեց, որ պատճառն իր աշխատանքային ծանրաբեռնվածությունն է: Սա նշանակում է, որ քրեական գործի նյութերին կծանոթանա եւ դատարանում Կ.Հունանյանի շահերը կպաշտպանի նոր փաստաբան: Թե ո՞վ է այդ նոր պաշտպանը՝ տիկին Մելքոնյանն անտեղյակ էր: ԱՐՄԵՆՊՐԵՍ