Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 25,2000 00:00

Ո՞ւՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ «Զինվոր եւ իրավունք» հասարակական կազմակերպության անդամները երեկ կրկին Ազատության հրապարակից շարժվեցին դեպի նախագահի նստավայր։ Արդեն մեկ շաբաթ ձգվող երթերը եւ նստացույցերը նախագահ Քոչարյանի նստավայրի մոտ ակնհայտորեն որեւէ արդյունքի չէին հանգեցրել՝ որդեկորույս մայրերի պահանջները բավարարելու իմաստով։ Թերեւս արձագանք է այն, որ նախագահի աշխատակազմի աշխատակիցները (մասնավորապես մամուլի խոսնակը եւ քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժինը) պնդում են, որ նախագահին ուղղված մայրերի պահանջները ծայրից ծայր սոցիալական են եւ վերջին կետն է միայն վերաբերում խաղաղ պայմաններում զոհված զինվորների սպանությունների բացահայտմանը։ Եթե նույնիսկ այդպես է, ինչո՞ւ զարմանալ, գոնե պետք է պարզ լինի, թե ինչո՞ւ են որդեկորույս մայրերն առաջին հերթին սոցիալական հարցեր բարձրացնում։ Սակայն երեկվա ցույցից առաջ, իրենց պահանջները մայրերն այսպիսի հերթականությամբ թվարկեցին. ա) իրենց որդիների սպանությունների արդար բացահայտում, բ) դադարեցնել սպանությունները բանակում, գ) որդեկորույս մայրերի մյուս որդիներին ազատել զինվորական ծառայությունից, դ) մայրերին կենսաթոշակ նշանակել մինչեւ կենսաթոշակի տարիքը, ե) ապահովել ծերությունն այնպես, ինչպես կապահովեին որդիները, եթե ողջ լինեին, զ) նախագահ Քոչարյանը թող ընդունի իրենց։ Ակնհայտորեն նախագահ Քոչարյանը մայրերին ընդունելու մտադրություն չուներ։ Մայրերը հենց նոր էին հասել Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկ, երբ 30-ից ավելի ոստիկանների խումբը, որը ԱՄՆ դեսպանատան մոտից սկսել էր ուղեկցել խմբին, տարօրինակ խառնաշփոթ սկսեց՝ փակելով մայրերի ճանապարհը, խփելով, հրելով եւ անպատիվ խոսքեր ասելով։ Մայրերը ոստիկաններին անպատասխան չթողեցին։ Փոխադարձաբար կրքերն այնքան շիկացան, որ օրենքի պահապանները մոռացան, թե ովքեր են իրենք եւ ովքեր են իրենց առաջ կանգնածները։ Մայրերից մեկն ուշաթափվեց. շտապօգնության մեքենա եկավ: Մայրերից մեկին էլ՝ Էմմա Կարապետյանին, քաշելով խցկեցին ոստիկանական ավտոմեքենան։ Իմ հարցումին՝ թե ինչո՞ւ այդպես վարվեցին եւ ո՞ւր են տանելու, ոստիկաններից ամենանյարդայինը պատասխանեց՝ «անիծելու համար ենք տանում բաժին»։ «Զինվոր եւ իրավունք» հասարակական կազմակերպության ղեկավար Արա Հովհաննիսյանն այս ծեծ ու հրմշտոցից հետո մի տեսակ հուսահատված էր եւ իրենց հետագա քայլերի մասին ասաց. «Եթե սրանք այսպես ծեծուջարդով սկսեցին, դժվար է մի բան ասելը, բայց ես այս երկրում պահանջատեր եմ եւ պետք է մինչեւ վերջ պայքարեմ։ Իմ մինուճար որդուն ի՞նչ օրենքով տարան եւ սպանեցին, երբ երկիրը պատերազմի մեջ չէր»։ Երեկ Երեւանը ցույցերի պակաս չէր զգում։ Առավոտից ԱԺ-ի շենքի մոտ (Դեմիրճյան փողոցի կողմից) հավաքվել էին մի խումբ հասարակական-քաղաքական կազմակերպությունների անդամներ, կոմունիստներ, ինչպես նաեւ «Հայկանդուխտ» կուսակցության անդամները։ Մարդիկ եկել էին բողոքելու բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման դեմ. «Պետական-քաղաքական գլոբալ քաղաքականություն է իրականացվում երկիրը դատարկելու համար։ Ովքեր որ կսեփականաշնորհեն ցանցերը, ես որպես քաղաքացի ձեռքս ընկնեն, կսպանեմ դրանց։ Բավական է երկիրը ծախեն, էլ ծախելու բան չմնաց»։ Հարցիս՝ թե ո՞ւմ նկատի ունի, բողոքող քաղաքացին պատասխանեց. «Ո՞ւմ՝ նախարարներին, ԱԺ-ին, վարչապետին, նախագահին, բոլորին։ Ժողովրդին հիմարի տեղ են դրել»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել