Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 25,2000 00:00

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑ ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական եւ վերլուծական վարչությունը մամուլի հաղորդագրությամբ փոխանցել է ԼՂՀ դատախազության պատասխանը Սամվել Բաբայանի պաշտպան Ժուդեքս Շաքարյանի այն առաջարկին, թե դատավարության անկողմնակալությունն ապահովելու նպատակով հարկավոր է մարտի 22-ի գործի քննությունը տեղափոխել Հայաստան։ «ԼՂՀ-ն դե ֆակտո անկախ պետություն է՝ իր պետական բոլոր ատրիբուտներով, այդ թվում նաեւ՝ դատական իշխանությամբ։ Եվ այդ պատճառով, դժվար է հասկանալ պրն Շաքարյանին, որը փորձում է պաշտպանել ԼՂՀ քաղաքացու շահերը՝ արհամարհելով ԼՂՀ անկախությունը»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ։ ՀԱՍՏԱՏՈՒՄ Ալեքսան Հարությունյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հաստատել է «Առավոտի» հրապարակած այն փաստը, որ հոկտեմբերի 27-ին իր պաշտպանյալին նիստերի դահլիճ էր հրավիրել ոչ թե Նաիրի Հունանյանը, այլ ներկայիս վարչապետը. «Այդ միտքն արտահայտում է, այդ առաջարկն անում է Մարգարյան Անդրանիկը։ Նրա ձայնը շփոթել հնարավոր չէ։ Նրա դեմքը ես չէի կարող շփոթել,- ասել է Ռուբեն Սահակյանը։- Իսկ քննչական խմբի անդամները միաբերան բոլորը պնդում էին. ինչու քե՛զ, Ալիկ, Նաիրին հրավիրեց Ազգային ժողով։ Եթե հրավիրել է՝ ուրեմն նրա հետ հանցավոր համաձայնություն ունեիր»։ ԶՈՌՈՎ ԼՈՏՈ Մաշտոցի համայնքում բնակվող թոշակառուներից մի քանիսն «Առավոտին» բողոքեցին, որ իրենց պարտադրում են կենսաթոշակ ստանալիս «Ընտանեկան լոտո» վիճակախաղի տոմսեր գնել։ Իսկ երբ իրենք հրաժարվում են՝ սպառնում են, թե այլեւս թոշակ չեն ստանա կամ խիստ ուշացումով կստանան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել