ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԻՄ Փաստաբան Ռուբեն Սահակյանը դեռ ամիսներ առաջ էր հոկտեմբերի 27-ի գործով տուժողներին առաջարկում դիմել իրավաբանների մասնագիտական օգնությանը։ Վերջերս տուժողների իրավահաջորդները դիմել են այդ խորհրդին, եւ այժմ նրանց շահերը ներկայացնելու է փաստաբանների մի թիմ։ Ռոզա Պողոսովայի, Արամ Կարախանյանի, Տիգրան Ջանոյանի եւ Մարինա Հալաբյանի հետ, ինչպես վերջինս ասաց «Առավոտին», պայմանագիր են կնքել Արամ Սարգսյանը, Անահիտ Բախշյանը եւ Արծվիկ Միրոյանը։ Ի դեպ, այս փաստաբաններին խախտումով՝ ուշացումով է հնարավորություն տրվել ծանոթանալու գործի նյութերին։ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ Մինչ նախագահ Քոչարյանը մեկնել է 10-օրյա ամառային հանգստի, նրա նստավայրի մոտ հասնելու համար, խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը ծեծվեցին ու հրմշտվեցին։ Մանրամասն 2-րդ էջում։ ՎԻԶԱՅԻ ՀԵՏԵՎԻՑ ԳՆԱՑՈՂՆԵՐԸ Այս տարվա ընթացքում ԱՄՆ մեկնելու ժամանակավոր վիզա է տրվել ՀՀ 6017 քաղաքացու, գրեթե նույնքան էլ՝ 6165, քաղաքացի մերժում է ստացել։ Ավելի մանրամասն՝ 3-րդ էջում։ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՋԻՀԱԴ ՉԿԱՐ «Մենք եկել էինք Ղարաբաղ՝ պատերազմելու ոչ թե ռազմավարների, այլ Ջիհադի գաղափարի համար,- ադրբեջանական ԱՆՍ հեռուստաընկերությանը ասաց Շամիլ Բասաեւը: «Սակայն,- հայտարարել է Բասաեւը,- երբ մենք ժամանեցինք Ղարաբաղ եւ տեսանք տիրող իրավիճակը, ապա հասկացանք, որ այստեղ Ջիհադի նշան անգամ չկա»: Բացի այդ, Բասաեւը հայտարարել է, որ «հայերը ավելի լավ էին նախապատրաստված պատերազմին»: