Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 22,2000 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ Քաղաքական բարեփոխումների եւ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հեռանկարները Սկիզբը թիվ 98, 103, 108, 113, 118, 128 ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը Հայաստանի այն քաղաքական գործիչներից մեկն է, որը նախագահական արտահերթ ընտրություններում կարող է հավակնել ձայների զգալի տոկոսի, հատկապես, հաշվի առնելով Դեմիրճյանի եւ Սարգսյանի նման ժողովրդականություն վայելող առաջնորդների բացակայությունը: Նրա կուսակցության ժողովրդականությունը մասամբ բխում է անկախության հռչակումից հետո Հայաստանի բոլոր կառավարությունների նկատմամբ կուսակցության անզիջում ընդդիմադիր դիրքորոշումից: Սակայն, նախագահական եւ խորհրդարանական նախորդ ընտրություններում նրա պարտությունը եւ վերջին ժամանակաշրջանում ներկա կառավարության հետ նրա կուսակցության համագործակցությունը, կարող է մասամբ կրճատել նրա ավանդական ընտրազանգվածը: Ինչ վերաբերում է Մանուկյանի եւ բանակի փոխհարաբերությանը, նրա հանդեպ անվստահությունը ավելի մեծ է, քան Քոչարյանի: Սա նշանակում է, որ իրենց քաղաքական ազդեցության սահմաններում, զինվորական այրերը կանեն ամեն ինչ՝ նրա իշխանության գալը կանխելու համար, ապագա ընտրություններում Վազգեն Մանուկյանի ենթադրյալ հաղթանակի դեպքում կանխատեսելով ծայրահեղ առճակատում նրա հետ: Ավանդական կուսակցությունները՝ կոմունիստները եւ նացիոնալ-սոցիալիստ դաշնակները, իրենց սահմանափակ ընտրազանգվածների եւ ուժեղ ու ճանաչված առաջնորդների բացակայության պայմաններում, քաղաքական մեծ խաղում ի վիճակի կլինեն միայն աջակցել խոշոր ուժերից մեկի այս կամ այն թեկնածուին: Կոմունիստները, հավանաբար, կպաշտպանեն կառավարական թեւը, քանի որ ներկա կառավարությունում ստացել են երկու նախարարական պաշտոն: Դաշնակները, որոնք ավանդորեն ծայրաստիճան լարված հարաբերություններ են ունեցել «Երկրապահի» հետ, չնայած նրանց կողմից Ղարաբաղի հարցում փոխզիջումների անընդունելիության մասին հրապարակային հայտարարություններին, վճռականորեն կաջակցեն Քոչարյանին: «Իրավունք եւ Միաբանություն» խմբակցության քաղաքական ազդեցությունը, որը որոշակի պահին կարող էր դիտվել որպես «Միասնության» լուրջ ընդդիմություն, աստիճանաբար կնվազի Ղարաբաղում գեներալ Բաբայանի քաղաքական դիրքի թուլացմանը զուգընթաց: Վերջին, սակայն ոչ պակաս կարեւոր ուժը երկրի քաղաքական կյանքում կարող է հանդիսանալ նախկին իշխանական կուսակցությանը հարող խմբերի միավորումը: Ներկա պահին այդ կուսակցության դիրքը կարելի է բնորոշել չափազանց թույլ: Նրա առավել ակնառու առաջնորդ եւ երկրի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այժմ գտնվում է քաղաքական ինքնամեկուսացման մեջ: Կուսակցության շարքային անդամները բարոյալքված են՝ վերջերս նրանց առաջնորդների նկատմամբ կաշառակերության մեղադրանքների եւ շարունակվող դատավարությունների պատճառով: Բացի այդ, տարբեր խմբավորումների միջեւ ծագած լուրջ տարաձայնությունները հանգեցրել են հակառակորդ խմբակցությունների եւ նույնիսկ ինքնուրույն փոքր կուսակցությունների ձեւավորմանը: Այնուամենայնիվ, չնայած վերը նշված խնդիրներին, այս բոլոր խմբակցությունները եւ կուսակցությունները ունեն մեկ ընդհանուր ազատական-ժողովրդավարական գաղափարախոսություն, խաղաղասիրական դիրքորոշում Ղարաբաղի հարցում եւ Տեր-Պետրոսյանին ընդունում են որպես երկրի բոլոր ազատական կուսակցություններին մեկ կուռ ուժի մեջ համախմբելու ունակ առաջնորդի: Տեր-Պետրոսյանը վայելում է նաեւ ռազմական վերնախավի խորին հարգանքը: Այնուամենյանիվ, ընդհանուր առմամբ, նա չի վայելում բավարար ժողովրդականություն, քանի որ հասարակության տարբեր խավերի կողմից մեղադրվում է տնտեսության եւ, խորհրդային ժամանակաշրջանի համեմատությամբ, կենսամակարդակի կտրուկ անկման համար, որը 1992-1994թթ. հանգեցրեց արտագաղթի մեծ ալիքի: Սա չի նշանակում, որ Տեր-Պետրոսյանի քաղաքական հարությունն անհնար է: Նրա մասին հասարակական կարծիքը մի փոքր բարելավվել է եւ, ամենայն հավանականությամբ, ժամանակի ընթացքում էլ ավելի կբարելավվի, երբ նրա նախագահության վերջին տարիների տնտեսական ցուցանիշները համեմատվեն նրա հրաժարականից հետո նույն ցուցանիշների հետ, ինչպես նաեւ վերհիշվի նրա իշխանության օրոք քաղաքական կայունության փաստը: Այնուամենայնիվ, չնայած ազատական տարբեր քաղաքական ուժերի միավորման փորձերին, ակնհայտ է, որ այդ գործընթացը երկար ժամանակ կպահանջի՝ նախքան քաղաքական ճոճանակի հետադարձ շարժը լրիվ թափ ստանա: Եզրակացություններ Չնայած զգալի ձեռքբերումներին, Հայաստանի անցումը ժողովրդավարական համակարգի եւ շուկայական բարեփոխումները մեծապես խոչընդոտվում են երկրի շուրջ տիրող բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով: 1991-1994թթ. պատերազմը, Ղարաբաղի չլուծված հիմնախնդիրը, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի տնտեսական շրջափակումը ոչ միայն բացասաբար են ազդել երկրի տնտեսության վրա, այլեւ հսկայական ներգործություն են ունեցել երկրի անցումային քաղաքականության վրա: Մասնավորապես, պետության ազգային անվտանգության դեմ մշտական սպառնալիքները անհամաչափորեն մեծացրել են զինվորական վերնախավի եւ ուժային այլ կառույցների քաղաքական ազդեցությունը: Դրա արդյունքում, ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ նախագահ Տեր-Պետրոսյանի կողմից վարած քաղաքականությունը մերժվեց իր իսկ կառավարության կողմից: Սակայն ազգայնական նոր կառավարությանը չհաջողվեց իրականացնել տնտեսական զարգացման իր ծրագիրը առանց հակամարտության խնդիրը լուծելու եւ, փաստորեն, բռնեց նախկին իշխանությունների քաղաքական ուղին: Հայաստանի մի շարք առաջնորդների՝ վերջերս տեղի ունեցած սպանությունները, ավելի ծանրացրին ներքին քաղաքական իրավիճակը՝ երկրում ստեղծելով երկիշխանություն: Հայաստանը պետք է նախաձեռնի երկարատեւ եւ ցավոտ գործընթաց՝ գործադիր իշխանության համախմբման, ինչպես նաեւ հասարակության ու զինվորական վերնախավի վստահությունը վայելող, զանազան խնդիրներին, հատկապես ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի համար լուծումներ գտնելու ունակ, գործունակ ղեկավարության վերականգնման նպատակով: Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը, սույն փաստաթղթում քննարկված Հայաստանի ներքին քաղաքականության առումով, երկրի ներսում կառաջացնի հսկայական բարդություններ: Այնուամենայնիվ, Հայաստանը հնարավորություն չունի Ղարաբաղի հարցում երկար ժամանակ պահպանելու «status quo»-ն՝ առանց վտանգելու իր անկախությունը, ազգային անվտանգությունը եւ տնտեսական բարեկեցությունը: Կամ ներկա իշխանության քաղաքական ուժերին կհաջողվի վերափոխվել գործունակ եւ համախմբված խաղաղության կուսակցության, կամ քաղաքական նոր ցնցումների արդյունքում իշխանության կգա մեկ այլ նման կուսակցություն: ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ Վերլուծությունը գրվել է 2000 թ. մարտին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել