Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 22,2000 00:00

Ինչո՞ւ տուժեց միայն Ռոլանդ Շառոյանը Ամառվա սկզբին, մասնավորապես պատճառաբանելով, թե չեն կարող կառավարության գործունեության համար պատասխանատվություն ստանձնել մի այնպիսի պորտֆելով, որ Դաշնակցության կարեւորած նպատակներն իրականացնելու բավարար հնարավորություն չի ընձեռում, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն կուսակցության շարքերից հեռացրեց Ռոլանդ Շառոյանին, որը սեփական նախաձեռնությամբ ստանձնել էր մշակույթի նախարարի պաշտոնը։ Սակայն այս որոշումից հետո պետական պաշտոնների նշանակվեցին մի քանի դաշնակցականներ, մասնավորապես՝ Ռուբեն Հակոբյանը դարձավ Հայաստանի գլխավոր հյուպատոս Սանկտ Պետերբուրգում, իսկ Լեւոն Մկրտչյանը՝ փոխարտգործնախարար։ Ուստի ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցինք՝ մի՞թե գործադիր իշխանությանն առայժմ մաս չկազմելու վերաբերյալ դիրքորոշումը միայն Ռոլանդ Շառոյանի վրա էր տարածվում։ «Ո՛չ, իհարկե, խոսքը կոնկրետ անձին չէր վերաբերում,- պատասխանեց պրն Ռուստամյանը։- Հարցը լինելով ներկազմակերպական, այնուամենայնիվ, ավելի շատ մեր քաղաքական կուրսի հետ առնչվող խնդիր էր ներկայացնում։ Մենք ասել ենք, որ կառավարության կազմում կարող ենք լինել կարգուկանոնի հաստատումից եւ մի քանի կարեւոր ու առաջնահերթ խնդիրների լուծումից հետո։ Բայց դա չէր նշանակում, որ մենք ընդհանրապես խզում էինք կապերը կառավարության, իշխանությունների կամ այս պետության հետ եւ համագործակցության եզրերը համարում անհնարին։ Այդպիսի շեշտադրում չի եղել»։ Մեր հարցին, թե ուրեմն կարելի՞ է այսպես հստակեցնել, որ ՀՅԴ-ն կառավարությունում նախարար ունենալուց առժամանակ ձեռնպահ է մնում, բայց դեմ չէ փոխնախարարների պաշտոններին, պրն Ռուստամյանը պատասխանեց. «Մոտեցումն այսպիսին է, եթե նախարարի մակարդակով ես մասնակցում, ուրեմն ամբողջությամբ պատասխանատու ես տարվող քաղաքականության համար, քանի որ մասնակցում ես կառավարության որոշումներն ընդունելուն, ծրագրերի մշակմանը եւ ընդհանրապես ամեն ինչին»։ Բնականաբար, նախարարների տեղակալների եւ երրորդական-չորրորդական պաշտոնյաներին այս ամենը չի վերաբերում։ «Եթե այդպես մտածեինք, ուրեմն այն ժամանակ մեր բոլոր կուսակցականներին, որ այդ պահին պետական պաշտոնների էին (Արագածոտնի մարզպետը, օրենսդիր մարմնում պաշտոնատարները եւ այլն)՝ պիտի հետ կանչեինք։ Բայց մենք այդպիսի բան չարեցինք, չէ՞։ Ենթադրում էինք հենց այս, որ համագործակցությունը հնարավոր է»։ «Դաշնակցությունն այսօր խիստ արմատական ընդդիմության դերակատարություն չի ստանձնել,- վերջնականապես հստակեցրեց իրենց դիրքորոշումը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը։- Մեր ընդդիմությունը կառուցողական բնույթ ունի»։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել