Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 22,2000 00:00

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱ՞ՆՆ ԷՐ ԱԺ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃ ՀՐԱՎԻՐԵԼ ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ Հոկտեմբերի 27-ի գործի մասին այնքան է գրվել, որ կարող է թվալ, թե այլեւս որեւէ հայտնություն լինել չի կարող։ Սակայն թերեւս տրամագծորեն հակառակն է՝ ամեն ինչ դեռ նոր է բացահայտվելու։ Ալեքսան Հարությունյանի մասով քրեական գործի վարույթը կարճելու որոշման, իսկ ավելի վաղ՝ զինդատախազության վերաքննիչ բողոքում անընդհատ նշվում էր այս փաստարկը եւ դրա վերաբերյալ ցուցմունքներ էին տվել, թե Նաիրի եւ Կարեն Հունանյանները, թե Դերենիկ Բեջանյանն ու Արմեն Հարությունյանը։ Մեջբերենք Նաիրի Հունանյանի ցուցմունքից՝ ըստ գործի մասը կարճելու որոշման։ Ըստ այդմ, հոկտեմբերի կեսերին (հանդիպման փաստը հետագայում Նաիրի Հունանյանը հերքել էր- Ա. Ի.) կայացած հանդիպման ժամանակ Ալեքսան Հարությունյանը բացատրել էր Նաիրի Հունանյանին, «որ դահլիճը գրավելուց հետո նա պետք է պահանջի բանակցություններ ՀՀ նախագահի հետ եւ անպայման հրավիրի իրեն, որը հնարավորություն կտա ներկայացնելու հետագա գործողությունների ծրագիրը»։ Սակայն օրերս դարձյալ լսելով հոկտեմբերի 27-ին մինչեւ 18։15-ը դահլիճում կատարվածի սեփական ձայնագրությունը՝ հանկարծ ուշադրություն դարձրեցի, որ դեպքից հետո, շուրջ մեկ ժամվա ընթացքում, Նաիրի Հունանյանը բառ անգամ չի ասել նախագահի աշխատակազմի ղեկավարին դահլիճ հրավիրելու մասին։ Այդ ընթացքում նա բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել, բայց գոնե իմ ձայնագրության մեջ չի լսվում որեւէ մեկը, որը նախնական պայմանավորվածությունների առանցքային կետերից մեկի իրականացման մասին կվկայեր։ Այսուհանդերձ, Նաիրի Հունանյանն Ալեքսան Հարությունյանին հրավիրել էր նիստերի դահլիճ եւ թե ինչպես էր դա արվել՝ վաղուց ներկայացվել է հանրությանը։ Խոսքը «Հայուհի» ծրագրի հեղինակ Ռուզան Խաչատրյանի՝ 18։15-ից հետո դահլիճում կատարված նկարահանումների մասին է։ Ուղղակի Նաիրի Հունանյանի հետ լրագրողուհու զրույցը մի նրբերանգ է պարունակում, որին առաջին հայացքից ուշադրություն չես էլ դարձնի։ Դարձյալ մեջբերենք՝ այս անգամ, ըստ տեսագրությունից կատարված ձայնագրության. Ն. Հ.- Ես պատգամավորներին բաց թողնելու հարց չունեմ. Քոչարյան Ռոբերտը գա՝ նախագահը… Ռ. Խ.- Նա չի՛ գա։ Իսկ եթե չգա՞։ Ն. Հ.- Եթե չգա՝ մենք առանց իրա ստիպված պիտի լինենք որոշել էս ազգի ճակատագիրը։ Կարեն Հունանյան- Չգա, ես մեծ հաճույքով կգնամ իրա հետեւից։ Ռ. Խ.- Մի պայմանը դա է՝ Քոչարյանը գա… Ն. Հ.- Երկրորդ պայմանը, եթե Ռոբերտ Քոչարյանը էս պահին չի ուզում միասնաբար էս ազգի ճակատագիրը որոշենք, ուրեմն՝ հայ ժողովուրդը պիտի գնա, Ռոբերտ Քոչարյանից պահանջի՝ ինքը ի՞նչ նախագահ ա մեզ համար, եթե ոչ մի հարցի չի խառնվում։ Ռ. Խ.- Նաիրի, ինձ հասկացիր. ես այստեղից դուրս եմ գալիս՝ ինձ ձեր պայմանը ասեք։ Ն. Հ.- Պայմա՞նը։ Գա միասնաբար որոշենք… Ռ. Խ.- Ես գնում եմ Ռոբերտ Քոչարյանի մոտ, ասում եմ՝ արի… Ն. Հ.- Գալիս ա էստեղ, միասնաբար, ոչ մեկ իրա անձին վտանգ չի սպառնում։ Միասնաբար, բոլորի հետ միասին որոշենք մեր երկրի ապագան։ Ձայն կողքից- Իսկ եթե սկզբից Ալիկին կանչեմ ստե՞ղ… Ն. Հ.- Կամ թեկուզ Ալիկը թող գա սկզբից։ Ձայն կողքից- Այո, բարեւ ձեզ, ես Ալիկին էի խնդրում։ Ահա այս հանգամանքին հրապարակավ երբեք ուշադրություն չի դարձվել, որ Նաիրի Հունանյանը նախագահի աշխատակազմի ղեկավարին դահլիճ հրավիրելու առաջարկն անում է ինչ-որ մեկի հուշարարությամբ, փոխանցմամբ։ Չնայած տեսագրության մեջ չի երեւում, թե ով է կողքից այդ խորհուրդը տալիս, բայց ձայնը կարծես Անդրանիկ Մարգարյանինն է, որն այդ ընթացքում նրանց կողքին կանգնած անընդհատ զանգում էր հեռախոսով։ … Լրագրողի տեսագրության շնորհիվ այս պատմության իրական բնույթի բացահայտումը մեր միակ հայտնությունը չէր։ Քանի որ նախաքննությունն արդեն ավարտված է՝ այս գործով հարցաքննված վկաներն ավելի խոսքաշատ դարձան, որոշ տեղեկություններ՝ հոկտեմբերի 27-ի գործի քննության վերաբերյալ հայթայթեցինք նաեւ այլ աղբյուրների միջոցով եւ այս ամենը շարունակաբար կներկայացնենք մեր ընթերցողների ուշադրությանը։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել