Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 22,2000 00:00

ԵՎ ԴԱՐԻՑ ԵՐԿԱՐ ՁԳՎՈՒՄ Է ԴԱՏԸ… Երեկ Բլեյանի դատավարության եզակի երջանիկ օրերից էր՝ դատարան էր ներկայացել հանրապետությունից բացակայող գլխավոր վկաներից մեկը, որի ցուցմունքի հիման վրա են կառուցված Բլեյանի մեղադրանքներից մի քանիսը։ Վկան՝ իր քրոջ (Մայակովսկու անվան դպրոցի տնօրեն Գայանե Մկրտչյանի) օրինակով ոչինչ չէր հիշում, իր գործողությունների համար պատասխանատու չէր։ Մի քիչ անմեղսունակ, մի քիչ անգիտակից, մի քիչ հուզված ու վատառողջ, թեեւ ի տարբերություն իր քրոջ՝ Ալլա Մկրտչյանը 2 ամիս առաջ չէր ծննդաբերել, ոչ էլ դպրոցի տնօրեն էր աշխատում, որ այդ պաշտոնը պահպանելու համար ստելու անհրաժեշտություն ունենար։ 4-5 ժամ տեւած հարցաքննությունը ոչ մի «գրամ» չավելացրեց մեղադրանքի նժարին, փոխարենը՝ դատարանին համոզեց, որ վկան թաքցնում է փաստերը (ակնհայտորեն սեփական քրոջը չվնասելու նպատակով), երբեմն խեղաթյուրում է (մեղադրողի զայրույթին չարժանանալու համար), հաճախ պատասխանում է իր չիմացած բաների մասին։ Նախաքննության ժամանակ փայլուն հիշողություն դրսեւորած վկան մոռացել էր անգամ իր աշխատանքի ընդունվելու եւ ավարտվելու ժամանակը, իր աշխատած դպրոցի տեղը, վկայականների լրացման կարգը (թեեւ դպրոցի գործավարն էր եղել)։ Հարցաքննության ժամանակ անընդհատ միջամտող Բլեյանին դատավորը լռելու կոչեր էր անում։ Դահլիճից Բլեյանի եղբայրը նետեց. «Նրան չլռելու համար են դատում, դուք ասում եք՝ լռիր»։ ՄԻ՞ԹԵ ՎԵՐՋԻՆ ՄՐՑԱՆԱԿՆ ԵՄ ԵՍ Աշոտ Բլեյանին «Գրիգոր Խաչատրյան» մրցանակը հանձնելու արարողությունը բոլորովին դուր չի եկել ներքին գործերի ղեկավարությանը։ Նա պատրաստվում է աշխատանքից ազատել այդ օրը Բլեյանին ուղեկցող պահակախմբի ղեկավարին։ Ուղեկցող պահակախումբը մեղադրվում է այն բանում, որ հասարակության համար առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ Աշոտ Բլեյանին առանց ձեռնաշղթաների է ուղեկցել արտաքնոց։ Իսկ երբ «Գրիգոր Խաչատրյան» մրցանակը անսպասելիորեն նետվել է Բլեյանի գիրկը, չի կանխել այդ վտանգավոր միջադեպը։ Երբ հետաքրքրվեցինք, թե ինչպես պիտի կանխեին, պատասխանեցին՝ բա զենքն ինչի՞ համար է տրված։ Այնպես որ, Գրիգոր Խաչատրյանը միայն հրաշքով է կենդանի մնացել։ Նման միջադեպերը կանխելու նպատակով, վերջին օրերին ոչ միայն ուժեղացվել է Բլեյանի պահակախումբը, այլեւ ՆԳ Երեւանի վարչությունից մարդ է կցվել։ ԿԱՆԱՅՔ ԱՎԵԼԻ ԴԻՄԱՑԿՈՒՆ ԵՆ Երեկ ԵՊՀ-ի սոցիոլոգիայի ամբիոնում «Կինը եւ լրագրությունը» խորագրով կլոր սեղանի շուրջ քննարկումներ էին կազմակերպվել։ Վերջերս սոցիոլոգիայի ամբիոնը «Փոփոխված հասարակություն» գիտական մասնագիտական հանդես է թողարկել, որի չորրորդ համարը նվիրվել է «Կանանց դերը լրագրության մեջ» թեմային, ուստի, այդ առիթով ամսագրի պատասխանատու քարտուղար Աննա Ոսկանյանը ցանկացավ իմանալ հենց լրագրողների դիրքորոշումը այդ հարցի շուրջ։ Ներկաների կարծիքով, հին հայկական ավանդույթի համաձայն, կինը միշտ պասիվ դերեր է ստանձնել, սակայն մեր օրերում կանայք կատարում են ավելի ծանր աշխատանքներ, քան տղամարդիկ։ Իսկ այն հարցին, թե ինչու մամուլում գերակշիռ մասը կանայք են կազմում եւ ոչ թե տղամարդիկ, եղավ երկկողմանի պատասխան։ Նախ, որովհետեւ տղամարդ լրագրողը չնչին աշխատավարձով չի կարող ընտանիք պահել եւ երկրորդ՝ շատ տղամարդիկ չեն հանդուրժում տեղից տեղ վազվզել, հարցազրույցներ վարել, ընդամենը հոդված գրելու համար, իսկ կանայք ավելի դիմացկուն եւ, իհարկե, հետաքրքրասեր են։ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ «ԱՌԱՎՈՏԻՆ» Արաբկիր, Քանաքեռ եւ Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում «շարունակվեց» Արծվիկ եւ Լեւիկ Ավետիսյան եղբայրների դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Նախորդ դատական նիստին հնարավորություն չտրվեց փաստորեն վկա Կարեն Բաբաջանյանին լսել, եւ նա երեկ ընդհանրապես չներկայացավ դատարան։ Լեւիկ Ավետիսյանը, որին դատավորը զրկել էր մասնակցել դատաքննությանը, չկար, եւ Արծվիկը միջնորդեց, որ Լեւիկին բերեն։ – Եթե եղբայրդ դիմում գրի, դատարանը կանդրադառնա,- հետեւեց պատասխանը։ Երբ «օրակարգը» սպառվեց, ամբաստանյալը դիմեց նախագահող դատավոր Վ. Աբրահամյանին. – Չե՞ք տեսնում, թե ինչ են գրում,- ասաց՝ նկատի ունենալով «Առավոտի» դատական նիստերի լուսաբանումները (Արայիկ Մխիթարյանի սպանության գործ)։ Դատավորը, որին նախորդ նիստին ամբաստանյալները հայհոյել էին, պատասխանեց. – Դու լրագրողներին ինչո՞ւ ես ուշադրություն դարձնում։ Ես, օրինակ, թերթ չեմ կարդում եւ խորհուրդ կտամ քեզ էլ չկարդալ… Ա. Ավետիսյանն ասաց. – Ես հնարավորություն չունեմ, որ գրել տամ… Արդեն որերորդ անգամ ստիպված ենք ասել. ինչո՞ւ եք խանգարում լուսաբանել դատաքննությունը, ինչո՞ւ դատարանում չեն ստեղծվում պատշաճ պայմաններ բոլոր կողմերի համար, ո՞ւմ են պետք տարաբնույթ սպառնալիքները։ Դատական նիստը դռնբաց է եւ մասնակիցները տեսնում են. ով ում է ճնշում, ով ում խանգարում… Սեփ. լր. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հուլիսի 24-ին հրավիրելով ԱԺ արտահերթ նստաշրջան՝ հանրապետության իշխանությունները, կարճատեւ դադարից հետո, վերսկսում են էներգետիկ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման գործընթացը։ Ունենալով «ԱրմենՏելի», կոնյակի գործարանի, «Արմենիա» հյուրանոցի եւ մի շարք այլ օբյեկտների հակաօրինական, պետության շահերին հակասող սեփականաշնորհման վերջին տարիների դառը փորձը՝ Գտնում ենք, որ հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների, մասնավորապես էներգետիկ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումը, պետք է տեղի ունենա հասարակության կողմից վերահսկելի, թափանցիկ ընտրությունների միջոցով ձեւավորված, ժողովրդի վստահությունը վայելող նորընտիր իշխանությունների պայմաններում։ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն, «Մտավորական Հայաստան» կուսակցություն, Պահպանողական կուսակցություն, «Ցեղակրոն» կուսակցություն 20.07.2000 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել